ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԼԱՎԸ ՄԵԶ Ի՞ՆՉ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 4-ին Ռուսաստանի Դաշնությունում տեղի կունենան նախագահական ընտրություններ: Գյումրիում բացվելու է 5 ընտրատեղամաս: Նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտված են: Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Վասիլի Կորչմարը նշում է, թե արվել է հնարավոր ամեն ինչ թափանցիկ ընտրական գործընթաց ապահովելու համար: Հաշվառված է մոտ 4.000 ընտրող, որոնք, գլխավոր հյուպատոսի կարծիքով, ակտիվորեն  կմասնակցեն քվեարկությանը: Գյումրիում բացված ընտրատեղամասերում կքվեարկեն նաեւ հարեւան` Լոռու մարզում բնակվողները, քանի որ այնտեղ ընտրատեղամասեր չկան: Գյումրի կգան նաեւ Վրաստանում բնակվող ՌԴ քաղաքացիները, քանի որ Վրաստանում ընտրատեղամասեր չեն բացվել: Հյուպատոսը տեղեկացրեց, որ լուծել են ավտոբուսների հարցը, եւ ընտրողի ցանկության դեպքում նրա` Գյումրի հասնելը խնդիր չի լինի: Ուշագրավն այն է, որ մարտի 4-ին  ընտրատեղամասերում քիչ չեն լինի նաեւ ՌԴ քաղաքացիություն ունեցող հայերը, որոնց թվում շատ են այսպես կոչված «խոպանչիները», որոնք տարօրինակ տրամաբանությամբ ավելի շատ հետաքրքրվում են ռուսաստանյան ներքաղաքական հարցերով, քան մեր երկրում կատարվող իրադարձություններով: Զրուցեցինք մի քանիսի հետ, որոնք պնդեցին, որ միանշանակ մասնակցելու են ՌԴ նախագահական ընտրություններին: «Որ Ռուսաստանում սաղ լավ լինի, մենք էլ լավ կլինենք: Ա՛յ դրա համար էլ գալու եմ ընտրության: Եկել էի հյուպատոսարան, որ ճշտեի` անունս կա ցուցակներում, թե չէ, իսկ մնացածն իմ գործն է` ում կընտրեմ: Հաստատ էնպիսի մարդու, որ հայերի համար էլ լավ էղնի»,-նշեց երկար տարիներ Ռուսաստանում իր ընտանիքի ապրուստը վաստակած Ռաֆիկ Խաչատրյանը: Մեկ ուրիշն էլ հավելեց. «Թող Ռուսաստան աշխատանք էղնի, ես էլ կերթամ, կաշխատիմ, փողը կղրկեմ ընտանիքիս, կապրինք: Էսքան տարի էդ ձեւով ենք ապրել: Դրա համար էլ անտարբեր չեմ: Հույսս Հայաստանից լրիվ կտրել եմ»:
Գլխավոր հյուպատոս Վասիլի Կորչմարը դիվանագետին բնորոշ պատասխաններ է տալիս բոլոր հարցերին: Համոզված է, որ այս ընտրությունները լինելու են ազատ եւ թափանցիկ: «Բոլոր թեկնածուներին ընձեռված էր հնարավորություն` շփվել ընտրողների հետ, իրենց տեսակետները փոխանցել ԶԼՄ-ներով, հաճախակի հեռուստաբանավեճեր են տեղի ունեցել, այնպես որ ամեն ինչ նորմալ է: Բոլորի ասելիքը եւ նպատակը մեկն է եղել, որպեսզի մենք լավ ապրենք, իսկ թե ով կլինի նախագահը, ընտրապայքարը ցույց կտա»,-նշեց Կորչմարը: Միեւնույն ժամանակ չթաքցրեց, որ ունի իր անձնական կարծիքը. կուզենար Ռուսաստանում մեկնարկած բարեփոխումները շարունակեր նույն թիմը:
Իսկ նա արդյոք նկատել է նմանություններ Հայաստանում եւ Ռուսաստանում անցկացվող ընտրությունների միջեւ. «Ինձ համար դժվար է այդ մասին խոսելը, որովհետեւ 1 տարի էլ չկա, որ այստեղ եմ: Հայաստանյան ընտրությունների մասին ոչինչ չեմ կարող ասել: Ես մեկ բան կարող եմ նշել, որ այստեղ ամեն ինչ տեղի է ունենալու օրենքի շրջանակներում»: Նշենք, որ այսօր Ռուսաստանի Դաշնությունում լռության օր է, իսկ մարտի 4-ին տեղի կունենա ընտրական բուն գործընթացը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս