ԱԻ նախարարության հետ համագործակցությունն արդյունավետ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 11-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանն ընդունել է գերմանական Deutsche Post DHL ընկերության ներկայացուցիչներին: Հանդիպման նպատակն էր ամփոփել կատարված աշխատանքները, նախանշել հետագա փոխգործակցության հնարավոր ուղղությունները և նախապատրաստել համագործակցության հուշագիր:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ընկերության ներկայացուցիչ Փոլ Դաուլինգը հայտնեց, որ իրենք շատ տպավորված են ԱԻՆ-ի հետ անցկացված վարժանքներից ու դասընթացներից և ուրախ կլինեն շարունակել համագործակցությունը.«Վարժանքները գերազանց անցան, և մենք ուրախ ենք, որ կարող ենք մեր համեստ ներդրումն ունենալ ձեր գործի մեջ: Հուսով ենք, որ հոկտեմբերին ծրագրվող վարժանքը նույնքան արդյունավետ կլինի: Այն, որ վարժանքը պատրաստում ենք ոչ թե մենք, այլ նախորդ դասընթացներում վերապատրաստված հրահանգիչները, արդեն շատ լուրջ ձեռքբերում է, իսկ այս անգամ մենք հանդես կգանք դիտորդ-խորհրդատուի դերում»:

ՓԾ տնօրենը նշեց, որ ԱԻՆ ենթակայության տակ գտնվող Ստեփանավանի օդանավակայանում ներկայումս ընթանում են վերանորոգման աշխատանքներ: Շուտով նախարարությանը կհանձնվի նաև Կապանի օդանավակայանը, և այս ոլորտում լուրջ փորձ ունեցող DHL ընկերության հետ աշխատանքը կարող է շատ արդյունավետ լինել:

Գերմանական ընկերության պատվիրակները հավաստեցին, որ իրենք էլ են շատ հետաքրքրված նախարարության հետ փոխգործակցությամբ, քանի որ այստեղ GARD («Նախապատրաստենք օդանավակայաններն աղետներին դիմակայելու համար») ծրագրի շրջանակներում կարճ ժամանակում լավ արդյունքներ են արձանագրվել:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռքբերվեց ստորագրվելիք հուշագրում ներառել նաև օդանավակայանների հետ կապված աշխատանքների (մարդասիրական բեռների առաքման և ստացման համակարգում, արտակարգ իրավիճակներում օդանավակայանների աշխատանքի անընդհատության ապահովում և այլն) վերապատրաստման դասընթացներ, համատեղ վարժանքներ իրականացնելու, տեղական օդանավակայանների նախագծման ու տեխնիկական հագեցման վերաբերյալ խորհրդատվության ուղղությունները:




Լրահոս