ԺՈՂՈՎՈ՛ՒՐԴ, ԴԻՄԱՑԻ՛Ր, ԳԱՐՈՒՆ ԿԳԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաբաթ օրը կայացած Հայաստանի հանրապետական կուսակցության 13-րդ համագումարը, ինչպես եւ սպասվում էր, բավական բուռն արձագանք ստացավ սոցիալական ցանցերում: ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի տեսագրությունն արդեն կիրակի օրը տարածվեց ինչպես ԶԼՄ-ներով, այնպես էլ առանձին ֆեյսբուքյան օգտատերերի կողմից: Ներկայացնում ենք այդ ելույթի վերաբերյալ ֆեյսբուքյան մի քանի արձագանքներ:
Արգիշտի Կիվիրյանը գրում է. «Ինձ թվում է` Սերժ Սարգսյանի ամենամեծ չուզողները նրա ելույթները գրողներն են, որոնք ամեն անգամ մի այնպիսի ճառ են հրամցնում իրենց շեֆին, որ արտասանվելուց հետո ամեն մի միտքը երկարատեւ ժամանակ վերածվում ա զանգվածային ծաղրուծանակի»: Այս կարգավիճակի տակ բավական դիպուկ մեկնաբանություն է թողել Սուզաննա Սիմոնյանը. «Իրավ, մինչեւ անգամ լավ մտքերն ու մտահղացումներն են առաջացնում հակազդեցություն: Այլեւս չկա հավատ եւ վստահություն, հենց սա է պատճառը»:
Իսկ օգտատեր Համլետ Կիրակոսյանը ՀՀԿ համագումարները համեմատել էր ՍՄԿԿ Կենտկոմի նիստի հետ` ավելացնելով. «Այս կուսակցության նախորդ համագումարը ոչնչով չէր տարբերվում ՍՄԿԿ Կենտկոմի նմանատիպ միջոցառումներից. տոնականորեն զարդարված դահլիճ, չինովնիկական դեմքերի առատություն, ոգեշունչ ելույթներ, անսխալական առաջնորդի փառաբանություն, «Առաջ Հայաստան» կոչնակի հնչեցում, գալստուկավոր ահելներ ու ջահելներ, արբանյակ կուսակցությունների խոսրովատիպ դեմքեր, դհոլներ, ախքեր, իդիոտներ եւ քծնանք, քծնանք ու էլի քծնանք…»:
Նախագահի ելույթին ժամեր անց հետեւեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի բաց նամակը` ուղղված Սերժ Սարգսյանին, որտեղ նա վիճակագրական տվյալների համեմատությամբ հակադարձում էր նախագահի կողմից հրապարակված տվյալներին: Բագրատյանի բաց նամակը եւս դարձավ քննարկման առարկա: Ֆեյսբուքյան օգտատերերից Մարիա Սարգսյանն այդ կապակցությամբ գրում է. «Հրանտ Բագրատյանի բաց նամակն էի կարդում` ուղղված Սերժ Սարգսյանին: Միայն կարող եմ ասել, որ շատ բարձր մակարդակի քաղաքական, տնտեսական, վերլուծական անդրադարձ էր: Հատկապես տեսակետի պրոֆեսիոնալիզմը կայանում է նրանում, որ ամեն մի մատնանշված թերությանը ներկայացված են սպառիչ հիմքեր ու հարցադրումներ»:
Եղան նաեւ նախագահի ելույթը հավանողներ, ինչպես, օրինակ, օգտատեր Աննա Սմբատյանը, ով իր պատին տեղադրել էր Սերժ Սարգսյանի ելույթի այն հատվածը, որտեղ վերջինս խոսում էր երկրի կայունացման եւ հետայսու տնտեսական վերելքին ուշադրություն դարձնելու մասին:
Իսկ ահա օգտատեր Սամվել Սարգսյանը վիրավորվել էր նախագահի «էս երկիրը» արտահայտությունից եւ գրել. «Սերժ Սարգսյանի ելույթից մի բան հասկացա: Գո՛հ եղեք, որ մի կերպ յոլա ենք գնում, էդպես էլ շարունակելու ենք: Թե կտրուկ, արմատական փոփոխություն ու բարեփոխում եք ուզում, փորձե՛ք ինքներդ փոխել: ՀՀԿ-ն ձեռքերը լվանում է այդ հարցերում: Ասել է թե` ժողովո՛ւրդ, դիմացի՛ր, գարուն կգա:
Մյուս տպավորությունն այն էր, որ նա Հայաստանն էնքան էլ իր երկիրը չի համարում: Թե չէ ի՞նչ նպատակ ուներ աշխարհին ու Հայաստան աշխարհին վերեւից նայող շատ-շատերի նման բազմիցս արտաբերել` «էս երկիրը»: Միգուցե հոգնե՞լ է իմ երկրից»:
Կարճ ասած` տպավորությունն այնպիսին է, որ եթե նույնիսկ Սերժ Սարգսյանն աստղեր բերի երկնքից, մեկ է, քաղաքացու մոտ խիստ ու երեւի անդառնալի հուսախաբություն կա նախագահի ինստիտուտից: Հավանաբար պատճառներից մեկը վիրտուալին մոտ կառավարություն ունենալն է, անցած տարիներին գների սարսափելի աճին չմիջամտելը, աղքատության աճն ու այդքանից հետո մարդկանց հրապարակավ ծաղրելը:
Ի դեպ, ՀՀԿ համագումարից եւ նախագահի ելույթից հետո «հայտնի» օգտատեր Վարպետ Օնիկը (իսկական անուն-ազգանունը, համենայնդեպս մեզ, հայտնի չէ) իր ընթերցողներին հրամցրեց այս ծաղրանկարը:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս