ՈՒՐ ԵՆ «ԱՆՀԵՏԱՑԵԼ» ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԲԱՆՎՈՐՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նորաստեղծ քննչական կոմիտեին հատկացված շենքի դռները փակ են, իսկ բանվորները արդեն 4 օր է, ինչ շինաշխատանքներ չեն կատարում: Չնայած կառավարությունը միջոցներ է հատկացրել Երեւանի Մամիկոնյանց փողոցի 46 հասցեում գտնվող վարչական մասնաշենքի հիմնանորոգման նպատակով, այն էլ՝ հրատապ կարգով, բայց շենքի բակում միայն փայտեր են թափված, իսկ բանվորներն էլ «անհետացել են»:

Դեռեւս 2013թ. սեպտեմբերի 25-ին Սերժ Սարգսյանը կարգադրություն էր ստորագրել Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով ստեղծելու մասին: Իսկ հանձնաժողովի նախագահ էր նշանակվել ՀՀ գլխավոր նախկին դատախազ Աղվան Հովսեփյանը: ՀՀ Ազգային ժողովը մայիսի 19-ին ընդունել էր «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքը, որի համաձայն` Քննչական կոմիտեի նախագահին կնշանակի երկրի նախագահը վարչապետի առաջարկով։ Ու մինչ Սերժ Սարգսյանը կհայտնի կոմիտեի նախագահի անունը, կառավարության՝ մայիսի 22-ի որոշմամբ՝ 2014թ. բյուջեի պահուստային ֆոնդից 27 միլիոն 500 հազար դրամ հատկացվեց Մամիկոնյանց 46 հասցեի շենքի վերանորոգման համար՝ Քննչական կոմիտեին հատկացնելու: Հիշեցնենք, որ նախկինում այդտեղ տեղակայված է եղել Երեւանի քաղաքապետարանի «Շինվերանորոգում» ՊՓԲԸ-ն: Ի դեպ, Քննչական կոմիտեի շենքի շինության հարցը կառավարության նիստում համարվել էր հրատապ, եւ այդ պատճառով որոշում եղավ, որ գնումներն իրականացվեն բանակցային եղանակով: Ինչեւէ, այս տարվա հունիսի 10-ին էլ Սերժ Սարգսյանը բավականին դժվարություններով եւ ձգձգումներով ստորագրեց «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն` ոստիկանության եւ Պաշտպանության նախարարության քննչական մարմինների միաձուլման միջոցով նոր մարմին է ստեղծվելու։ Հետագայում այս կառույցին նախատեսվում է միացնել նաեւ այլ գերատեսչությունների քննչական մարմիններ։ Քննչական կոմիտեի մասին օրենքն ընդունվել է, շենքի համար գումարը հատկացվել, սակայն, ինչպես նկատում ենք, սայլը տեղից չի շարժվում:
«Ժողովուրդ»-ը այցելեց Մամիկոնյանց 46 հասցեում գտնվող Քննչական կոմիտեի շենք՝ տեղում ծանոթանալու վերանորոգման աշխատանքներին, սակայն, ինչպես նկատեցինք, տարածքի դռները փակ էին, իսկ հավաքված մարդիկ հայտնեցին, որ բանվորները ուշ- ուշ են գալիս. «Կլինի արդեն 4 օր, որ չեն եկել, ով է բան հասկանում: Օրվա մեծ մասը դռները փակ է լինում: Մի քանի ժամով են գալիս ու գնում»,-ասացին մոտակայքում գտնվող բնակիչները: Նշենք, որ Քննչական կոմիտեի կառուցվածքի ձեւավորումից հետո, մինչեւ Մամիկոնյանց 46 շենքը կհիմնանորոգվի, կոմիտեն իր գործունեությունը ժամանակավորապես կիրականացնի ոստիկանության քննչական գլխավոր վարչության շենքում: Իսկ դատելով շենքի ներկայիս վիճակից, քննիչները դեռ երկար կսպասեն շենքի վերանորոգմանը: Ավելին, ըստ շրջանառվող լուրերի՝ իշխանական վերնախավում շենքի հիմնանորոգման համար տրամադրված 27 միլիոն 500 հազար դրամը քիչ են համարում: Միգուցե սա է պատճառը, որ շենքը շարունակում է մնալ չբարեկարգված, շինարարներն իրենց աշխատանքն իրականացնում են քմահաճույքով:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս