ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին շատերն են մեղադրում Սերժ Սարգսյանին` երեքուկես տարի ԵՄ-ի հետ բանակցելուց հետո անսպասելիորեն ՄՄ մտնելու որոշման համար: Հանուն արդարության, սակայն, պետք է նկատել, որ ՀՀ իշխանությունները մշտապես նշել են` Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունները եղել եւ շարունակելու են մնալ Հայաստանի համար քաղաքական առաջնահերթություն: Ասել է թե` ԵՄ-ի հետ ասոցացումը չի կարող լինել Ռուսաստանի հետ հարաբերությունների հաշվին: Եվ ի սկզբանե, երբ մեկնարկեց Արեւելյան գործընկերության ծրագիրը, եվրոպական կողմից Հայաստանի առջեւ, համենայնդեպս` հրապարակային մակարդակով, չդրվեց տխրահռչակ «կա՛մ-կա՛մ»-ի սկզբունքը: Այն շրջանառության մեջ դրվեց արդեն 2012թ.-ի սկզբից, երբ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան առաջին անգամ հայտարարեց, որ Հայաստանը ստիպված է լինելու ընտրել կա՛մ եվրոպական, կա՛մ ռուսական ուղղությունը: 

Դրանից հետո տարբեր մակարդակներով Հայաստանին ներկայացվող «կա՛մ-կա՛մ»-ային ուլտիմատումներին ՀՀ իշխանությունները ստիպված եղան հակադարձել «ե՛ւ-ե՛ւ»-ի մարտավարությամբ, որը, սակայն, ինչպես տեսանք, ի վերջո հաջողություն չունեցավ: Մինչդեռ այսօր արդեն ակնհայտ է, որ այդ ուլտիմատումային գործելակերպից կորցրեց նաեւ Եվրոպան, քանի որ, անկախ մեր երկրի փոքր տնտեսական ռեսուրսներից, Հայաստանը, այդուհանդերձ, նշանակալի դերակատարություն կարող է ունենալ Եվրոպան Չինաստանի հետ կապող հետագայի գլոբալ ծրագրերում:
Այն, որ «կա՛մ-կա՛մ»-ի սկզբունքը սխալ էր եւ վնասակար հենց Արեւելյան գործընկերության ծրագրի համար, արդեն ընդունում են նաեւ Եվրոպայում, ընդ որում ամենաբարձր մակարդակով: Երեկ դա հաստատել է նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` հայտարարելով, թե «Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարաբերություններն ընդլայնելու համաձայնությունից հետո ԵՄ դռներն Ուկրաինայի համար շարունակում են բաց մնալ»: Կանցլերը կոչ է արել Ուկրաինային «կա՛մ-կա՛մ»-ի ընտրության առաջ չկանգնեցնել. «Չի կարելի իրավիճակը հասցնել նրան, որ Ռուսաստանի եւ ԵՄ-ի միջեւ գտնվող երկիրը ստիպված լինի սկզբունքային որոշում ընդունել` ում կողմից է նա՝ սրա, թե նրա»:
Նման հայտարարությունից հետո դժվար է չհարցնել. այդ դեպքում ինչո՞ւ էին հարգարժան եվրոչինովնիկներն ամեն ինչ անում, որպեսզի Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ հայտնված, Ռուսաստանի անվտանգության հովանոցի տակ գտնվող Հայաստա՛նը ստիպված լինի այդ որոշումը կայացնել: Չէ՞ որ եթե Ուկրաինայի դեպքում հիմնական սպառնալիքը տնտեսական կոլապսն է, ապա Հայաստանի դեպքում խոսքը պատերազմի իրական վտանգի մասին է:




Լրահոս