«ՀԱՅՐԵՆԻ ԵՐԿՐՈՒՄ ԻՐԵՆՑ ՕՏԱՐՎԱԾ ՉԶԳԱՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն անցկացվում է 2010 թվականից։ Այս տարի այն նվիրված էր Ռոմանոս Մելիքյանի 130 եւ կոնսերվատորիայի 90-ամյակներին եւ պետք է կայանար դեկտեմբերի 17-ին, սակայն տեղեկացանք, որ այն հետաձգվել է մինչեւ 2014 թվականի հունվարի 23-ը:

Այդ օրը կայանալիք համերգի ընթացքում կհնչեն Գագիկ Հովունցի, Միխայիլ Կոկժաեւի, Խաչատուր Մարտիրոսյանի, Էդուարդ Հայրապետյանի ստեղծագործությունները։ Երիտասարդական նվագախմբի հետ հանդես կգան թավջութակահար Արամ Թալալյանը, ալտահար Յանա Դարյանը եւ դաշնակահարուհի Կարինե Էլչյանը։
Փառատոնի հետաձգման պատճառը պարզելու համար դիմեցինք ՀԿԵՄ նախագահ, կոմպոզիտոր Արամ Սաթյանին, որը խորհուրդ տվեց այդ հարցով դիմել նվագախմբի ղեկավարությանը։ Օգտվելով հարմար առիթից՝ մենք մի քանի այլ հարց ուղղեցինք կոմպոզիտորին: Մասնավորապես հիշեցրինք պարոն Սաթյանին, որ իր՝ նախագահ ընտրվելուց հետո ցանկանում էին աուդիտ անցկացնել ՀԿԵՄ-ում։ «Այո՛, համապատասխան կազմակերպությունն օրենքով արդեն այսօր (դեկտեմբերի 20-ին-Ռ. Թ.) պետք է ավարտեր աշխատանքները, սակայն խնդրեցին ժամկետը մի քիչ երկարաձգել»,-տեղեկացրեց պարոն Սաթյանը։ Մենք նաեւ հետաքրքրվեցինք, թե արդյոք ՀԿԵՄ նախկին նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը մասնակցում է միավորման աշխատանքներին։ «Թեկուզ ընտրվել է վարչության անդամ, բայց չի գնում-գալիս։ Որեւէ շփում էլ չի լինում, ես նրան չեմ տեսել եւ չգիտեմ՝ ինչ է անում»,-ասաց ՀԿԵՄ նախագահը։
Քանի որ Ամանորը մոտենում է, փորձեցինք նաեւ պարզել, թե կոմպոզիտորը սովորաբար ինչպես, որտեղ է դիմավորում Ամանորը եւ ինչ կմաղթի ժողովրդին։ «Տարին այնպիսին էր ինձ համար, ինչպես բոլոր տարիները։ Ժողովրդին ուզում եմ մաղթել խաղաղություն, բարեկեցություն, որ մարդիկ իրենց ապահով զգան, հայրենի երկրում իրենց օտարված չզգան։ Սովորաբար Ամանորը նշում եմ տանը ընտանիքիս հետ` չնայած եղել է, որ ուրիշ երկրում եմ նշել։ Ուրիշ երկրում նշելն այն չէ, ինչ մեզ մոտ է։ Այստեղ բոլորը գալիս են ձեր տուն, դու ես գնում իրենց տուն… Մանավանդ մեր շենքն արվեստագետների շենք է, միմյանց տուն գնալը, շնորհավորելն ավանդույթ է, լրիվ այլ հարաբերություններ են։ Մի տղա ունեմ, ով երկու երեխա ունի, դուստրս մի երեխա ունի, բայց բոլորն արտասահմանում են, այնտեղից են զանգում, շնորհավորում»,-նշեց մեր զրուցակիցը։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս