Հոգեկան առողջության ոլորտում առկա է մասնագիտության ծերացում. Ա. Մուրադյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մասնակցել է Հայկական հոգեբուժական ասոցիացիայի գործադիր վարչության եւ խորհրդի համատեղ նիստին, որը վարում էր ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը:

Մասնագիտական քննարկման առանցքում 2014 թվականի ապրիլի 14-ին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած «Հայաստանում հոգեկան առողջության պահպանման եւ բարելավման 2014-2019 թթ. ռազմավարությունը» եւ դրա կատարումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին նախատեսվող գործողություններն էին:

Նիստին մասնակցում էին նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանը եւ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի առողջապահական համակարգի եւ հանրային առողջության վարչության տնօրեն, եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենի դեղակայուն

տուբերկուլոզի հարցերով հատուկ հանձնակատար Հանց Կլուգեն: Վերջինս տեղեկացրեց, որ հոգեկան առողջության ոլորտում համատեղ ծրագրեր մշակելու եւ իրականացնելու նպատակով աշնանը Հայաստան կժամանի ԱՀԿ մասնագետների խումբ: Արմեն Մուրադյանը ողջունեց այն, որ ոլորտի պատասխանատուները բավական երկար ժամանակ աշխատել են փաստաթղթի ստեղծման վրա, հաշվի առնելով, որ այլ երկրներում 10-15 տարի է պահանջվում հոգեկան առողջության պահպանման եւ բարելավման խնդիրները միայն քննարկելու համար, իսկ մեր երկրում պետական ու հասարակական հատվածի համատեղ ուժերով շատ արագ քննարկվել, մշակվել ու ընդունվել է այս կարեւորագույն հայեցակարգը:

«Հոգեկան առողջության ոլորտում առկա է մասնագիտության ծերացում, այդ մասին են վկայում նաեւ պետության կողմից սահմանված թափուր մնացած տեղերը»,- նշեց նախարարը:

Նրա գնահատմամբ կարեւոր է նաեւ այն, որ առաջին անգամ ռազմավարությունն ամրագրվել է ոչ թե որպես զուտ հոգեբուժական օգնություն, հիվանդաբուժություն, այլ հոգեկան առողջության պահպանման ծրագիր եւ առաջնային նպատակը հոգեկան առողջության խնդիրների կանխարգելումն է:

Հոգեկան առողջության ոլորտում առկա խնդիրների թվում մասնագետները նշեցին ֆինանսների սղությունը, կադրերի պակասը, չօգտագործվող տարածքները, անբավարար արտահիվանդանոցային եւ համայնքահեն ծառայությունները, որոնք կենտրոնացված են դեպի ստացիոնար, մասնավոր սեկտորի նվազագույն ընդգրկումը, ենթաօրենսդրական ակտերի անբավարարությունը:

«Երիտասարդ մասնագետի համար կատարած գործը պետք է գրավիչ լինի: Այս ոլորտի մասնագետների աշխատանքը մեծ հարգանքի է արժանի, քանի որ հաճախ այն մասնագիտական սխրանք է»,- նկատեց Արմեն Մուրադյանը՝ որպես օրակարգային խնդիր մատնանշելով նաեւ հոգեբուժական կենտրոնների նյութատեխնիկական, շենքային պայմանների բարելավումը: Գործադիր վարչության եւ խորհրդի համատեղ նիստի մասնակիցները միակարծիք էին, որ շատ կարեւոր է գործընկերների հետ համատե աշխատանքի շնորհիվ ձեւավորվի այն գիտակցումը, որ որեւէ մեկը ապահովագրված չէ հոգեկան խանգարում ունենալուց:

Հայաստանում հոգեկան առողջության պահպանման եւ բարելավման 2014-2019թթ. նոր ռազմավարությամբ կարեւորվում է հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող անձանց աջակցությունը համայնքային մակարդակում: Նախատեսվում է հոգեկան առողջության ոլորտում աշխատող մասնագետների պատրաստում, ովքեր առավելապես ներգրավված կլինեն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց տնային պայմաններում օժանդակելուն: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց Համաշխարհային եւ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը:

Հոկտեմբեր 10-ին` Հոգեկան առողջության համաշխարհային օրվան ընդառաջ նախատեսվող միջոցառումներին, ինչպես նաեւ ֆինանսավորմանը, չափորոշիչների մշակմանը, մասնագիտական այլ օրակարգային հարցերին: Հայկական հոգեբուժական ասոցիացիան (ՀՀԱ) կամավոր, անկախ, նյութական շահեր չհետապնդող հասարակական կազմակերպություն է։ 1999-ից Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի անդամ է։




Լրահոս