ArmLur.am-ը տեղեկացրել էր, որ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ համակարգում կրկին նշանակվել է Լենա Նանուշյանը։
ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Գասպարյանի ազատման որոշումը առողջապահական համակարգում անակնկալ է եղել։ Ավելին՝ ըստ մեր տեղեկությունների՝ նախարարության ներսում ևս այդ որոշումը բավական անսպասելի է ընկալվել։ Բժշկական համայնքում, մեր աղբյուրների պնդմամբ, հարց է առաջացել, թե ինչու է ոլորտում երկար տարիների մասնագիտական փորձ ունեցող բժշկին փոխարինելու որոշում կայացվել։
Արմեն Գասպարյանը մասնագիտությամբ մանկաբարձ-գինեկոլոգ է և տարիներ շարունակ աշխատել է բժշկական համակարգում։
Գասպարյանը ծնվել է 1983 թվականին Երևանում։ 2001-2006 թվականներին գերազանցությամբ ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, այնուհետև՝ 2006-2010 թվականներին, կլինիկական օրդինատուրա է անցել «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» մասնագիտությամբ։
Նրա աշխատանքային գործունեությունը հիմնականում կապված է եղել Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի հետ։ 2010-2023 թվականներին Գասպարյանն այնտեղ աշխատել է որպես բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգ, իսկ 2014-2023 թվականներին եղել է գլխավոր բժշկի տեղակալ։ 2018-2023 թվականներին զբաղեցրել է կենտրոնի փոխտնօրենի պաշտոնը։
Գասպարյանը նաև զբաղվել է բժշկական կրթությամբ։ 2021-2023 թվականներին նա Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի մանկաբարձության, գինեկոլոգիայի և վերարտադրողական բժշկության ամբիոնի դոցենտ է եղել։ Բացի այդ, 2022-2023 թվականներին սովորել է ՀՊՏՀ-ի «Առողջապահության կառավարում և վարչարարություն» մագիստրոսական ծրագրում։
Հատկանշական է նաև, որ Գասպարյանը զինվորական ծառայություն է անցել 2015-2017 թվականներին՝ Ջաբրայիլի «Մեխակավան» հոսպիտալում՝ որպես թերապևտիկ բաժանմունքի ավագ օրդինատոր։
2023 թվականի սեպտեմբերի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Գասպարյանը նշանակվել էր առողջապահության նախարարի տեղակալ։
Այսպիսով՝ Գասպարյանի մասնագիտական կենսագրությունը հիմնականում բժշկությունից է գալիս՝ ի տարբերություն զուտ վարչական կարիերա անցած պաշտոնյաների։ Նրա պաշտոնավարման ընթացքում նա նախարարությունում պատասխանատու է եղել մի շարք կարևոր ուղղությունների համար։
Այժմ, սակայն, իշխանությունը որոշել է փոխել նախարարության փոխնախարարական կազմը։ Եվ այստեղ ուշագրավ է այն, որ Լենա Նանուշյանի պաշտոնավարման շուրջ ևս վերջին օրերին կտրուկ փոփոխություններ էին տեղի ունեցել․ օգոստոսի 28-ին վարչապետի որոշմամբ նա ազատվել էր առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։
ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ այժմ Նանուշյանի վերադարձը նախարարության ղեկավար կազմ և Արմեն Գասպարյանի ազատումը բժշկական համայնքում բազմաթիվ հարցեր են առաջացրել։ Թե հատկապես ինչն է եղել Գասպարյանի պաշտոնանկության պատճառը, պաշտոնական որոշման մեջ չի մանրամասնվում։
Մինչդեռ առողջապահության համակարգում շատերի համար հարցը մնում է նույնը՝ ինչո՞ւ է մասնագիտական բժշկական մեծ փորձ ունեցող Արմեն Գասպարյանը հեռացվում համակարգից, և ի՞նչ նոր տրամաբանությամբ է ձևավորվում առողջապահության նախարարության ղեկավար կազմը։
Սոնա Գրիգորյան




























