70 տարի առաջ այս օրը Էկզյուպերին բարձրացավ օդ և չվերադարձավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1944 թվականի այս օրն է մահացել ֆրանսիացի գրող, բանաստեղծ և պրոֆեսիոնալ օդաչու Անտուան դը Սենտ-Էկզյուպերին:

Առավելապես հայտնի է իր «Փոքրիկ իշխանը» հեքիաթ-վիպակով, որը թարգմանված է աշխարհի բազմաթիվ լեզուներով, այդ թվում` հայերենով։ Նա ասել է.«Մարդիկ երազում են երկինք բարձրանալ և արդեն բարձրանում են։ Բայց, պարզվում է, որ երկնքում էլ երազողներ կան, որ ուզում են Երկիր իջնել…»։

Էկզյուպերիի մտքերից`

«Ես եկել եմ իմ մանկությունից»:

«Ճշմարտությունը բոլորովին այն չէ, ինչ ապացուցվում է, այլ այն, որ պարզեցնում է ամեն ինչ»:

«Յուրաքանչյուր մարդու մեջ ինձ տանջողը սպանված Մոցարտն է»:

«Սիրել՝ նշանակում է նայել ոչ թե միմյանց, այլ միասին նայել միևնույն ուղղությամբ»:

«Առավոտյան հենց որ արթնանաս, լվացվես ու քեզ կարգի բերես, պետք է տեղնուտեղը կարգի բերես նաև քո մոլորակը»:

«Մենք պատասխանատու ենք նրանց առջև, որոնց ընտելացնում ենք»:

Անտուան (իսկական անունը՝ Անտուան դը Մարի Ժան-Բատիստ Ռոժե) դը Սենտ Էքզյուպերին 1909–14 թթ-ին սովորել է Լեման քաղաքի ճիզվիտական քոլեջում, 1919–21 թթ-ին՝ Փարիզի գեղեցիկ արվեստների դպրոցի ճարտարապետության բաժնում: 1921–23 թթ-ին ծառայել է ավիացիայի զորքերում:

1923 թ-ին աշխատել է կղմինդրի գործարանում, եղել ավտոմեքենաների վաճառքի գործակալ, 1926–31 թթ-ին՝ փոստային օդագնացության օդաչու, 1926–29 թթ-ին՝ Վիլյա Բենսի (Մարոկկոյի հարավ-արևմուտքում), Դաքարի (Սենեգալ) և Ջուբի (Սահարայում) օդանավակայանների պետ, 1929–31 թթ-ին՝ օդաչու Հարավային Ամերիկայում, 1933–34 թթ-ին՝ փորձարկող օդաչու:

1935 թ-ին փորձել է ռեկորդ սահմանել՝ Փարիզ–Սայգոն չվերթով, բայց ինքնաթիռը վթարի է ենթարկվել Լիբիական անապատում, և Էքզյուպերին հազիվ է փրկվել մահից:
1929 թ-ին հրատարակել է «Հարավային փոստատարը» վիպակը, որտեղ անդրադարձել է օդաչուների դժվար, սխրանքներով ու փորձություններով լի աշխատանքին, օդային նոր ուղիների յուրացմանը, 1931 թ-ին՝ «Գիշերային թռիչք» վեպը (արժանացել է ֆրանսիական «Ֆեմինա» գրական մրցանակին):

1935 թ-ին այցելել է Խորհրդային Միություն. տպավորությունները նկարագրել է ակնարկներում: «Ոճիրն ու պատիժը խորհրդային արդարադատությամբ» ակնարկում փորձել է բացահայտել ստալինիզմի էությունը: 1936 թ-ին, որպես թղթակից, մասնակցել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմին. ռազմաճակատից ուղարկած թղթակցություններում դատապարտել է ֆաշիզմը, ազգային խտրականությունը, զավթողական պատերազմը:

1938 թ-ին Նյու Յորք–Հրո Երկիր չվերթով կատարած թռիչքը, որ կարող էր ավարտվել աղետով, պատկերել է «Մարդկանց երկիրը» (1939 թ., արժանացել է Ֆրանսիայի ակադեմիայի Մեծ մրցանակին) վիպակում, որտեղ գրողը կարևորել է մարդկային վեհ արժեքները, բարոյականությունն ու ազնվությունը բարձր է դասել քաղաքական ու գաղափարական զանազան ծրագրերից:

1940 թ-ին ֆաշիստական զորքերի՝ Ֆրանսիա ներխուժելուց հետո տարագրվել է ԱՄՆ: Այդ տարիներին գրել է «Ռազմական օդաչու» (1942 թ.), «Նամակ պատանդին» (1943 թ.) վիպակները, որտեղ պատկերել է իրենց ունեցվածքը փրկելու նպատակով Ֆրանսիայից հեռացած վտարանդիների երգիծական կերպարներ:
Դժվարությամբ թույլտվություն է ստացել մասնակցելու ռազմական թռիչքներին:

1944 թ-ի հուլիսի 31-ի առավոտյան Կորսիկայի օդանավակայանից օդ է բարձրացել և չի վերադարձել: Սենտ Էքզյուպերին զոհվել է Ֆրանսիայի ազատագրումից 3 շաբաթ առաջ:

Սենտ Էքզյուպերին պարգևատրվել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի ասպետի շքանշանով (1930 թ.), Ֆրանսիայի Հանրապետության Զինվորական խաչով (1939 թ.):
Սենտ Էքզյուպերիի անունով են կոչվել Լիոնի օդանավակայանը, Պատագոնիայի (Արգենտինա) լեռնագագաթներից մեկը, 2578-րդ աստղակերպը:




Լրահոս