ՈՎՔԵ՞Ր ՊԱՏԺՎԵՑԻՆ ԱՆՑԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է ընտրախախտումներով: Նման խումբ է ձեւավորվել նաեւ ոստիկանությունում` ընտրախախտումներին արագ արձագանքելու համար: Բայց այսօրվանից արդեն կարելի է կանխատեսել, թե ինչ գործունեություն պետք է ծավալեն այդ խմբերը:
Այն, որ իրավապահ մարմինները փորձում են ուշադրություն դարձնել նման հարցերին, դեռ ավելին, ի սկզբանե ձեւավորում են մասնագիտական խմբեր, կարելի է նույնիսկ ողջունելի համարել: Սակայն փորձը ցույց է տվել, որ այս խմբերի ձեւավորումն իրականում կրում է ձեւական բնույթ եւ իրականացվում է իշխանությունների՝ նախընտրական քարոզարշավի շրջանակներում. ի վերջո, Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը միջազգային բարձր ատյաններից խոստացել են անցկացնել իրապես ազատ եւ արդար ընտրություններ: Սակայն այս ընթացքում իշխանությունների քայլերը, հրապարակված ուռճացված ընտրացուցակները խոսում են բոլորովին այլ բանի մասին` ապացուցելով իրողությունը, որ իշխանությունները չունեն բավական քաղաքական կամք` այդ խնդիրը լուծելու համար: Ու որեւէ կասկած չկա, որ նույնը կլինի նաեւ այս ոլորտում:
Հիշեցնենք դեռեւս 2007թ. խորհրդարանական ընտրությունների ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների մի քանի դեպքեր, որոնց ընթացքը եւս բավականին հետաքրքիր է: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության 13.05.2007թ. պաշտոնական հաղորդագրության` քվեարկության օրը կատարված քրեորեն պատժելի արարքների մասին ստացվել է 10 հաղորդագրություն, բայց միայն 9-ի առթիվ է հարուցվել քրեական գործ: Իրականում, սակայն, այդ օրն ընտրախախտումների մասին եղել են բավական մեծ թվով ահազանգեր, որոնց գերակշիռ մեծամասնության մեջ իրավապահներն իբր թե քրեորեն հետապնդելի արարք չեն գտել: Ընդ որում, անտեսվել են հիմնականում ընդդիմադիր թեկնածուների բողոքները: Իսկ ահա 30.07.2007թ. պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք. «2007թ. մայիսի 12-ի ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների ընթացքում արձանագրված քրեորեն հետապնդելի խախտումների առթիվ հարուցված քրեական գործերից դատարան է ուղարկվել 8 գործ՝ 17 անձի վերաբերյալ: Դատարան ուղարկված քրեական գործերից 7-ով՝ 16 անձի վերաբերյալ հիմնավորված են համարվել նախաքննական մարմնի ներկայացրած մեղադրանքները եւ կայացվել մեղադրական դատավճիռներ, որոնցից 4 քրեական գործով հանցավոր են ճանաչվել տեղամասային ընտրական հանձնաժողովի  12 անդամ: Հանձնաժողովի անդամներից 11-ը, որոնցից 3-ը՝ ՏԸՀ նախագահ, հանցավոր են ճանաչվել քվեարկության արդյունքները կեղծելու, 1-ը՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքին խոչընդոտելու համար: 2 քրեական գործով 3 անձ հանցավոր են ճանաչվել ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու  (2 անձ) եւ խոչընդոտելու փորձ անելու համար (1 անձ): 1 քրեական գործով 1 անձ հանցավոր է ճանաչվել ընտրական տեղամասում  խուլիգանություն կատարելու համար: 1 քրեական գործով՝ 1 անձի վերաբերյալ, դատաքննությունը շարունակվում է»:
Իսկ երբ համեմատեցինք 13.05.2007թ. պաշտոնական հաղորդագրությունը մոտ մեկուկես ամիս անց տարածված մեկ այլ հաղորդագրության հետ՝ թվագրված 27.06.2007թ., ուշագրավ պատկեր ստացվեց. առաջինում խոսվում է բոլորովին այլ ահազանգերի մասին, իսկ երկրորդում՝ քրեական գործեր են հարուցվել ու մարդիկ դատապարտվել հիմնականում այլ դրվագներով: Այսինքն՝ քրեորեն պատժելի այն արարքները, որոնց մասին խոսվում էր ընտրություններից անմիջապես հետո, հավանաբար «ջրվել են», քրեական գործերը կարճվել. դատարան են գնացել միայն ամենաաղաղակողները: Ընդ որում, դատարան ուղարկված քրեական գործերը հիմնականում եղել են ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության շրջանակներում: Իսկ ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի ներկայացուցիչների կողմից ընդդիմության հանդեպ կատարված հանցածին արարքները մնացել են անպատիժ:
Այնպես որ, այսքանից հետո պարզապես անիմաստ է հավատալ իշխանությունների խոստումներին, կազմած աշխատանքային խմբերին եւ այլն:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս