Արմեն Մուրադյանն այցելել է նախարարության մի շարք կազմակերպություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը օգոստոսի 19-ին այցելել է մի քանի բժշկական հաստատություններ: Այս մասին ասվում է նախարարության մամուլի բաժնի տարածած հաղորդագրության մեջ:

«Արմեն Մուրադյանն այսօր այցելեց բժշկական մի շարք հաստատություններ։ ՀՀ առողջապահության նախարարության Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտում նախարարը շրջեց բոլոր հարկերում, զրուցեց աշխատակիցների հետ, հետաքրքրվեց նրանց կողմից իրականացվող ծրագրերով, ծանոթացավ աշխատանքային պայմաններին։ Նախարարին ներկայացվեցին ՀՀ ԱՆ ԱԱԻ Տեղեկատվական վերլուծական կենտրոնի գործունեությունը, Առողջապահական համակարգի գնահատման, ինչպես նաև Ազգային հաշիվների վերջին տարիներին ստեղծված զեկույցները։

Բացառությամբ մի քանի հարկերի, որոնք վերանորոգվել ու կահավորվել են տարբեր ծրագրերի շրջանակում, մնացած հարկաբաժիններն անմխիթար վիճակում են։
ԱԱԻ ղեկավարության հետ քննարկվեցին ախտորոշման և բուժման չափորոշիչների, կլինիկական ուղեցույցների արդիականացման ծրագրերը, նախարարության ռազմավարական փաստաթղթերի մշակման գործում ինստիտուտի ներուժի ներգրավման հարցերը։ Արմեն Մուրադյանը նաև հետաքրքրվեց կոլեկտիվի կողմից գիտաբժշկական հանդեսի հրատարակման հարցերով, ծանոթացավ ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումներին, ինչպես նաև կոլեկտիվին հուզող, այդ թվում` շենքային պայմանների բարելավման հիմնախնդիրներին։

ՀՀ ԱՆ Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակը վերջերս է տեղափոխվել Առողջապահության ազգային ինստիտուտի շենք։ Զբաղեցրած հարկն ամբողջովին վերանորոգվել և արդիականացվել է` ստեղծելով աշխատանքային պատշաճ պայմաններ։ Նախարար Մուրադյանն այստեղ ևս շրջեց բոլոր աշխատասենյակներում, զրուցեց աշխատակիցների հետ, ծանոթացավ իրականացվող ծրագրերի ընթացքին։
Արմեն Մուրադյանի այցելած հաջորդ կազմակերպությունը ՀՀ ԱՆ Լիցենզիոն գործակալությունն էր, որը նույնպես տեղակայվել է Առողջապահության ազգային ինստիտուտի մի հատվածում։ Նախարարը ծանոթացավ վերանորոգված ու ժամանակակից միջոցներով հագեցած ծառայության գործառույթներին»։




Լրահոս