10500 երեխա առաջին դասարան են ընդունվել. ընդունելությունը շարունակվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է քաղաքապետարանի կողմից ոլորտում իրականացված ծրագրերն ու խոսել ուսումնական տարվան ընդառաջ նախապատրաստական աշխատանքների մասին: Մասնավորապես նշվել է, որ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության 159 դպրոցներում 2013-2014 ուսումնական տարում սովորել է ավելի քան 79 հազար աշակերտ, որոնցից 6858-ը այս տարի ավարտել է հիմնական, 441-ը`միջնակարգ դպրոցը: Սովորողների առաջադիմությունը կազմել է 97%, իսկ ուսման որակը՝ 45%:

Վարչության պետն ընդգծել է, որ մայրաքաղաքի 44 դպրոցներում ներառական կրթություն է իրականացվել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 1180 աշակերտի համար: Նրանց հետ աշխատել են 250 հատուկ մանկավարժներ, սոցիալական աշխատողներ, հոգեբաններ եւ լոգոպեդներ։

Դպրոցներում շարունակվում է առաջին դասարանցիների ընդունելությունը: Ուսումնական տարվան ընդառաջ տարվող նախապատրաստության հետ կապված` հանրակրթության վարչության պետը նշել է, որ սահմանված ժամանակացույցով ընթացքում է դասագրքերի բաշխումը: Ընդ որում, տարրական դասարանների աշակերտները դասագրքերն ստանում են անվճար:

«Քաղաքապետարանի ենթակայութան կրթական հաստատություններում ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցները ուսումնական տարին հավուր պատշաճի դիմավորելու համար: Նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտված են, եւ արդեն մի քանի օրից դպրոցներն ու մանկապարտեզները լիովին պատրաստ կդիմավորեն իրենց սաներին»,-նշել է հանրակրթության վարչության պետը:

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների մասով նշվել է, որ 2013-2014. ուսումնական տարում քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզները դպրոց են ճանապարհել 8810 երեխայի: Նույն ժամանակահատվածում համայնքային բյուջեի միջոցների հաշվին վարչական շրջանների մանկապարտեզներում բացվել են լրացուցիչ 7 խմբեր՝ շուրջ 1500 երեխայի համար: Մանկապարտեզ հաճախող երեխաների համար առավել հարմարավետ պայմաններ ապահովելու նպատակով այս տարի հիմնանորոգվում է 23 մանկապարտեզ. շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են: ասուլիսի վերաբերյալ 2013թ. մեկնարկած նախադպրոցական ուսուցում կազմակերպելու համար գույքի ձեռքբերման ծրագիրը շարունակվել է նաեւ այս տարի: Այդ նպատակով համայնքային բյուջեից 300 մլն դրամ է հատկացված մանկական սեղան-աթոռակներ, զգեստապահարաններ, մահճակալներ, ինչպես նաեւ խոհանոցային պարագաներ եւ անհրաժեշտ այլ գույք ձեռք բերելու համար:

«Այսօր մեծ է ուշադրությունը նաեւ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նկատմամբ: 82 երեխա հաճախում է ներառական կրթություն իրականացնող 6 մանկապարտեզ: Եվս 89 երեխա շուրջօրյա խնամք իրականացնող հ. 141 մանկապարտեզ է հաճախում»,-նշել է Գայանե Սողոմոնյանը:

Հանրակրթության վարչության պետը նաեւ ընդգծել է, որ մշտապես ուսումնասիրվում են սոցիալական ցանցերով եւ «Թեժ գիծ» հեռախոսահամարով ստացված ահազանգերը եւ արագ քայլեր ձեռնարկվում բարձրացված հարցերի ու խնդիրները կարգավորելու նպատակով: Այս կերպ ստացված դիմումների հիման վրա եղել են նաեւ աշխատանքից ազատելու դեպքեր:Մանկապարտեզներ մատակարարվող սննդի որակն ապահովելու ուղղությամբ տարվող աշխատանքների հետ կապված՝ հանրակրթության վարչության պետը նախ ընդգծել է, որ Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ, քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում սննդի որակի վերահսկողությունը ամենօրյա հսկողության ներքո է: Աշխատակազմի վերահսկողության եւ հանրակրթության վարչությունների, ինչպես նաեւ վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան բաժինների կողմից պարբերաբար ստուգվում է ոչ միայն մանկապարտեզներ մատակարարվող սննդի որակը, այլեւ մանկապարտեզներում դրանց պահպանման պայմանների ապահովումը, սննդի պիտանության ժամկետները: Կասկածելի սննդամթերքը նմուշառվում եւ ուղարկվում է փորձաքննության: Անդրադառնալով Նոր Նորքի թիվ 101, 116 եւ 118 մանկապարտեզներին «Էդվարդ Մխիթարյան» ԱՁ-ի կողմից անորակ թռչնամիս մատակարարելու դեպքին՝ Գայանե Սողոմոնյանը, խստորեն դատապարտելով երեւույթը, շեշտել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ վերահսկողությունն այսուհետ էլ ավելի խիստ եւ ուժեղացված է լինելու:

«Մենք իսկապես ցնցված ենք տեղի ունեցածով: Դեպքի օրը, վերոնշյալ մանկապարտեզների տնօրենները գտնվել են արձակուրդում: Իսկ մատակարարն այդ օրը գործել է հապճեպ եւ, թռչնամիսն անմիջապես թողնելով մանկապարտեզում, հեռացել: Ի դեպ, այդ օրը տվյալ մատակարարն առաջին անգամ էր սնունդ մատակարարելու: Ինչ վերաբերում է սննդի ընդունմանն ու հանձմանը, ապա նշեմ, որ մատակարարը որեւէ փաստաթուղթ չի ներկայացրել, ավելին, մանկապարտեզների սնունդ ընդունող պատասխանատուների փաստաթուղթ ներկայացնելու պահանջին ի պատասխան նա նշել է, որ շտապում է եւ բոլոր ձեւակերպումները կկատարի ավելի ուշ: Դեպքից անմիջապես հետ ոստիկանության աշխատակիցները առգրավվել ու կապարակնքել են ապրանքը եւ ուղարկել փորձաքննության»,- նշել է Գայանե Սողոմոնյանը: Քաղաքապետի որոշմամբ ստեղծվել է քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններում առկա կենդանական ծագման մթերքների տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահպանման պայմանների ու անասնաբուժասանիտարական եւ անվտանգության ցուցանիշների համապատասխանության պահանջներն ուսումնասիրող հանձնաժողով՝ ՀՀ գյուղատնտեսության եւ առողջապահության նախարարությունների համապատասխան ծառայությունների աշխատակիցների ներգրավմամբ: Ստուգայցեր են կազմակերպվել մայրաքաղաքի բոլոր այն մանկապարտեզներ, որտեղ առկա է կենդանական ծագման մթերք եւ ստուգվել են թռչնամսի, մսի եւ հավկիթի պահպանման պայմանները: Տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին տվյալ ապրանքատեսակների համապատասխանությունը պարզելու նպատակով՝ վերոնշյալ ապրանքատեսակներից նրանք վերցրել են փորձանմուշներ եւ փորձարկման նպատակով տրվել «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ: Օգոստոսի 18-ի հետազոտությունների տվյալներով,  անասնաբուժասանիտարական փորձաքննության արդյունքների համաձայն, պարզվել է, որ բոլոր նմուշներն առանց սահմանափակման պիտանի են օգտագործման:

Երեւանի քաղաքապետարանի կողմից հայտարարվող գնումների գործընթացի կազմակերպման հետ կապված լրագրողների հարցին ի պատասխան հանրակրթության վարչության պետը նշել է, որ, համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի, սննդամթերքի ձեռքբերման համար կիրառվում է շրջանակային համաձայնագրերով գնում կատարելու ընթացակարգը եւ, ըստ այդմ, մրցույթի հայտարարությունն ուղարկվում է բոլոր այն կազմակերպություններին եւ կամ անհատ ձեռներեցներին, ովքեր գրանցված են ՀՀ ֆինանսների նախարարության «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ շրջանակային համաձայնագիր կնքածների ցուցակում: Գնման գործընթացին մասնակցության հայտ ներկայացնողները, համաձայն օրենքի, պատվիրատուին ներկայացնում են մասնակցության դիմումն ու պահանջվող ապրանքի գնի առաջարկը: «Ասել կուզի, որ «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ում գրանցված լինելու հանգամանքն արդեն իսկ բավարար հիմք է հայտ ներկայացնողի մրցույթին մասնակցելու համար: Եվ այդ անհատ ձեռներեցը, որը 3 մանկապարտեզների մատակարարել էր վերոնշյալ հավի միսը, նույնպես այդ ընթացակարգով է մասնակցել մրցույթին եւ, համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի, հաղթող է ճանաչվել, քանի որ ներկայացրած է եղել ամենացածր գնառաջարկը»,- ընդգծել է Գայանե Սողոմոնյանը:




Լրահոս