ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԷԼԻ «ՔԱՄԻ ԷՐ ՏԱՏԱՆՈՒՄ»

Սերժ Սարգսյանն, օրերս անուղղակի խոստովանելով, որ քաղաքական դաշտում ինքը մնացել է մենակ, սկսել է բացահայտ մարտահրավեր նետել հասարակության ամենատարբեր շերտերի: Յուրաքանչյուր հերթական ելույթով նա իր դեմ է տրամադրում ավելի ու ավելի շատ մարդկանց: Այս առումով բացառություն չեղավ նաեւ ԵԿՄ համագումարի ժամանակ նրա հայտարարությունները:

Ասֆալտի ֆիդայիների տեսությունը
ԵԿՄ համագումարում Ս. Սարգսյանը, մի կողմից հայտարարելով, որ «ոչ մի հայաստանցի չպիտի օտարված զգա իր երկրում, ոչ ոք չպետք է խռով ու նեղացած մնա իր երկրից», մյուս կողմից ինքն է անձամբ բաժանարար գծեր քաշել երկրապահների մեջ՝ վերջին ամիսներին բողոքի դուրս եկած ազատամարտիկներին անվանելով նվնվացողներ: «Այսօր պիտի հնչի երկրապահի ձայնը՝ խրոխտ, վստահ, չնայած, ցավոք, ունենք նաեւ առանձին անհատների նվնվոցը տարբեր հրապարակներում, թե՝ մենք երկիր ենք պահել, արյուն ենք թափել, եւ հիմա կամ շատ բարձրացրեք մեր թոշակները, կամ էլ հեղափոխություն ենք անելու: Մենք շատ լավ գիտենք՝ ով, որտեղ եւ ինչքան արյուն է թափել: Մենք նաեւ շատ լավ գիտենք այդպիսի մարդկանց խոսքի արժեքն ու նրանց գործողություն կատարելու ունակությունը»,-ասել է նա: Փաստորեն, իր իշխանավարման ընթացքում Հայաստանում օրեցօր խորացող սոցիալ-տնտեսական ծանր պայմանների համար ներողություն խնդրելու փոխարեն, Ս. Սարգսյանը, ընդհակառակը, ինքն է մեղադրում դժգոհողներին՝ նրանց անվանելով «նվնվացողներ»: Ավելին, նա անգամ ծաղրել է այդ մարդկանց՝ ասելով, թե լավ գիտեն նրանց խոսքի արժեքն ու գործողություններ կատարելու ունակությունը: Փաստորեն, այս հայտարարությունները Ս. Սարգսյանն արել է հենց ԵԿՄ համագումարի ժամանակ, ու այդպես էլ համարժեք պատասխան չի ստացել: Ի դեպ, հիշեցնենք, որ 2008թ. էլ Ռոբերտ Քոչարյանն էր ընդդիմադիր առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված երկրապահներին, ազատամարտիկներին անվանել «ասֆալտի ֆիդայի»:

Դու անմեղ ես, քո աչերն են մեղավոր
ԵԿՄ-ականների հարցերին պատասխանելիս Ս. Սարգսյանը բավական ծավալուն անդրադարձել է ՀՀ տնտեսական վիճակին: Ու չնայած ընդամենը մեկ տարի առաջ ինքն էր անձամբ հայտարարել. «այն կառավարությունը, որ տարվա արդյունքներով, չապահովի 7 տոկոս տնտեսական աճ` այդ կառավարությունը պետք է հրաժարական տա», հիմա Ս. Սարգսյանը բոլորովին այլ բան է պնդում: Նա փորձել է ամեն գնով արդարացնել իր հանձնարարականը չկատարած եւ 7 տոկոսի փոխարեն հազիվ 3.5 տոկոս նկարած կառավարությանը: Ընդ որում, կառավարությանը նա փորձել է արդարացնել ճիշտ եւ ճիշտ վարչապետ Տիգրան Սարգսյանի նման՝ «մեղավոր են բոլորը, բացի իրենցից»: Այս անգամ բոլոր ձախողումների պատճառը արտաքին գործոններն են: Դրան գումարած այն հանգամանքը, թե՝ միայն ՀՀ-ում չէ, որ տնտեսական աճը կանխատեսվածից ցածր է: «ՌԴ-ի համար տնտեսական աճի կանխատեսումը 3,7 տոկոս էր, իրականը եւ նախնականը՝ 1,5 տոկոս: Եվրագոտու համար կանխատեսումը -0,2 տոկոս էր, նախնականը՝ -0,4 տոկոս: Ինչպես տեսնում եք, բոլոր տեղերում, կախված եւ համաշխարհային պրոցեսներից, եւ կոնկրետ երկրի ներքին խնդիրներից, աճը դանդաղել է»,- հայտարարել է նա: Փաստորեն, համաշխարհային տնտեսական ճգնաժամի փոխարեն իշխանությունները գտել են քավության նոր նոխազ՝ արտաքին գործոնները: Իսկ այդ հանգամանքը կարելի է անվերջ շահարկել ու այդպես անվերջ արդարացնել ձախողումները: Բայց Ս.Սարգսյանի այս հայտարարությունն ուշագրավ էր մեկ այլ առումով. նա նաեւ փորձում է հասկացնել, որ հակառակ բոլորի, ինքը մտադիր չէ պաշտոնանկ անել վարչապետ Տիգրան Սարգսյանին ու նրա կառավարությանը: Նույնիսկ նշել է, թե 2014թ եւ հետագա տարիներին տնտեսական լավ հաջողություններ է տեսնում: Նկատենք՝ սրանով Ս.Սարգսյանը նաեւ ցույց է տալիս, որ իր խոսքերը, իր հանձնարարականներն այլեւս որեւէ արժեք չունեն. ի վերջո, ցանկացած ձախողումից հետո կարելի է անվերջ պատճառաբանություններ ու արդարացումներ ներկայացնել:

Փոխի՛ր, փոխվենք
Ս. Սարգսյանը նաեւ հայտարարել է, թե 1992թ. հետո Հայաստանում «ոչ մի բան չի փոխվել: Ո՛չ կատարողներն են փոխվել, ո՛չ իրադրությունն է փոխվել»: Փաստորեն, Ս. Սարգսյանն այս 22 տարիների ընթացքում մշտապես լինելով իշխանության մեջ, չի տեսել ամենակարեւոր փոփոխությունը այն ժամանակ Հայաստանն ուներ լեգիտիմ նախագահ: Ավելին, հասարակությունը, չնայած ՀՀ-ում էներգետիկ ճգնաժամի ու պատերազմի հետեւանքով ստեղծված իրավիճակին, տեսնում էր իր վաղվա օրվա ապագան: Եւ 1992թ. հետո փոխվեց հենց այդ իրադրությունը: Ավելին, այսօր նախագահի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունն իր պաշտոնին հասել է մարտի 1-ի տասը զոհերի գնով: Եւս մեկ կարեւոր փաստ. 1992թ. Հայաստանը էներգետիկ ճգնաժամին զուգահեռ գտնվում էր պատերազմի մեջ, եւ այդ ժամանակ արտագաղթը պատճառաբանված էր, բայց հիմա, չնայած զինադատարից անցել է 20 տարի, արտագաղթը շարունակվում է բավական լուրջ տեմպերով:

Գազ տո՛ւր, գնա՛
Ս. Սարգսյանը խոսել է նաեւ ՌԴ մատակարարած գազի դիմաց կուտակված 300 մլն դոլար պարտքի եւ գազային համաձայնագրերի մասին: Եւ նա «մուննաթ է եկել» այդ թեմայով իրենց քննադատողների հասցեին: «Որեւէ մեկը, որ այդ տարբեր հարթակներում խոսում է ԱԺ-ից մինչեւ Օպերայի հրապարակ, եթե կարող է գնալ բանակցել ռուսական կողմի հետ եւ ավելի էժան ու ավելի լավ պայմաններով գազ բերել՝ խնդրեմ, թող գնա անի, թող բերի: Ես մեկ օրում կնքված պայմանագիրը չեղյալ կհայտարարեմ, կխնդրեմ ԱԺ իմ կուսակիցներին, իմ ընկերներին՝ միանգամից այդ ամբողջն անվավեր կհամարեն: Բայց կա՞ այդպիսի մեկը, թե՞ ուղղակի խոսողներն են շատ: Խոսելը հեշտ է, այնքան հեշտ է»,-ասել է նա:
Այս հայտարարություններից հետո, թերեւս, ամենատրամաբանականը կլիներ այն, որ Ս. Սարգսյանը պարզապես հրաժարական տար. ի վերջո, ՀՀ Սահմանադրության մեջ գրված է, թե ովքեր իրավունք ունեն բանակցել ՀՀ անունից: Ուստի, Ս.Սարգսյանը «մուննաթ գալու» փոխարեն ճիշտ կաներ, եթե հեռանալով իշխանությունից ուրիշների համար բանակցություններ վարելու հնարավորություն ընձեռեր: Այլապես՝ դատարկ խոսելն ու քամի տատանելն իրոք, սիրուն չի:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

 

ՄՏԱԾՈՒՄ Է

ԱԺ ՀԱԿ խմբակցության՝ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծն արդեն իսկ ընդգրկվել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ ամենայն հավանականությամբ, հանձնաժողովի առաջիկա նիստում իրենք կքննարկեն այդ նախագիծը: Ի դեպ, ժամանակին Դ. Հարությունյանը կողմ էր ժամանակավոր հանձնաժողովի ձեւավորմանը, սակայն հակառակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի տված խոստմանը, վերջին պահին դեմ քվեարկելով, մերժեցին այն: «Ժողովուրդ»-ի հարցին, թե նախագծի վերաբերյալ իր կարծիքը նախկինի նման նույնն է, թե փոխվել է, Հարությունյանն ասել է. «Մտածում եմ դեռ»:

 

ԳՈՐԾԱԴԻՐԻ ԾԱԽՍԵՐԸ

Այս տարվա ընթացքում կառավարությունը նախատեսել է բավական ուշագրավ գնումներ անել. օրինակ՝ նրանք ծրագրել են գնել փաստաթղթեր ոչնչացնող 4 հատ սարք, 2 հատ հեռուստացույց, սառնարան, 3 հատ սեդան թափքով մեքենա: Կառավարությունը ծրագրել է գնել նաեւ 1.6 մլն դրամ արժողությամբ կահույք, նաեւ՝ ղեկավարի բազկաթոռ՝ 10 հատ, փոքր բազմոց՝ 2 հատ, կահույքի լրակազմ: Ի դեպ, գործադիրի ծախսերի մեջ առանձնահատուկ տեղ են գրավելու ներկայացուցչական, արարողակարգային ծառայությունները. այս նպատակով նրանք ծրագրել են ծախսել 103 մլն 500 հազար դրամ կամ ավելի քան 250 հազար դոլար: Այսքանի մեջ, թերեւս, ամենաանհասկանալին փաստաթղթեր ոչնչացնող 4 հատ սարք գնելու անհրաժեշտությունն է:

 

ԱԿՏԻՎԱՑԵԼ ԵՆ

Վերջին շրջանում ՀՀ-ում սուր շնչառական վարակները կարծես թե սկսել են ակտիվանալ: Այս պահին շրջանառվում են գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը եւ ադենովիրուսները: «Բացարձակապես մեզ խուճապի առիթ չի տալիս: Այն հիվանդները, որոնք հոսպիտալացվել են, թեթեւ կամ միջին ծանրության են: Ավելին, այսօր ծանր շնչառական կլինիկական ընթացքով եւ բարդություններով որեւէ դեպք չունենք: Անցյալ տարի ստացիոնարներում ունեինք լուրջ, ընդհուպ մինչեւ մահացության դեպքեր, բայց փառք Աստծո, այսօր նման իրավիճակ չունենք: Հիմա մեր բնության մեջ շրջանառվում է H3 ենթատեսակը: Սա կենդանական ծագման հարուցիչ չէ, այլ մարդու սովորական սեզոնային գրիպն է»,-«Ժողովուրդ»-ին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը:

 

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

 

ԿԱՍՊՐՇԻԿՆ ԱՅՆ ԿՈՂՄՈՒՄ

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գլխավորությամբ փետրվարի 18-ին հայ-ադրբեջանական շփման գծում հերթական մշտադիտարկումը կանցկացվի: Թարթառի ուղղությամբ Ադրբեջանի կողմից մշտադիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը եւ նրա երկու օգնականները, իսկ հայկական կողմից կմասնակցեն Կասպրշիկի դաշտային օգնականները:

 

ԽՈՐՀՐԴԱԿՑԵԼ ԵՆ

Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ն առաջարկել են ստեղծել գազամատակարարման ոլորտն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով: Խորհրդակցությանը մասնակցել են՝ ՀՀԿ-ից՝ Գալուստ Սահակյանը, ՕԵԿ-ից՝ Հեղինե Բիշարյանը, «Ժառանգություն»-ից՝ Ռուբիկ Հակոբյանը, ՀԱԿ-ից՝ Լեւոն Զուրաբյանը, ԲՀԿ-ից՝ Նաիրա Զոհրաբյանը եւ ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանը: ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը 168.am-ին փոխանցել է, որ ԱԺ ոչ իշխանական խմբակցությունները որոշել են քննարկել առաջարկը, ապա պատասխանել:

 

ՀԱՋՈՐԴԸ` ՀՀ-ՈՒՄ

Փետրվարի 12-13-ը Բելառուսի Նովոպոլոցկ քաղաքում կայացել է ՄՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միացյալ կոլեգիայի հերթական` 10-րդ նիստը, որին դիտորդի կարգավիճակով մասնակցել է նաեւ ՀՀ ԿԱ ՊԵԿ պատվիրակությունը նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ: Նիստի ընթացքում քննարկվել է մաքսային համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Որոշվել է հաջորդ նիստն անցկացնել ՀՀ-ում ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում:

 

ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵ՞Ն

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի գործադիր տնօրեն Ֆրենկ Հիմսկերկի գլխավորած պատվիրակությանը: Տ. Սարգսյանը բարձր է գնահատել ՀԲ-ի հետ երկկողմ համագործակցությունն ու կարեւորել դրա հետագա ամրապնդումն ու զարգացումը. «Համաշխարհային բանկի օժանդակությամբ մեր երկրում տարբեր ոլորտներում իրականացվել են մի շարք ծրագրեր: Այդ առումով ուրախ ենք, որ դրանք բարձր են գնահատվել ՀԲ-ի կողմից եւ անարդյունավետ ծրագրեր, փոշիացված միջոցներ գոյություն չունեն»:




Լրահոս