ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՉՊԵՏՔ Է ԴԱՌՆԱԼ ՈՐԵՎԷ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ԳՈՐԾԻՔ»

Երեկ տեղեկություն էր հրապարակվել, որ դաշտային հրամանատարների ռազմական խորհրդի ընդլայնված նիստը որոշել է մասնակցել մարտի 1-ի հանրահավաքին, սակայն նիստին մասնակցող աշխատանքային խմբի անդամ Սասուն Միքայելյանն առաջարկել է չմասնակցել: Անգամ հայտարարել է, թե դուրս է գալիս աշխատանքային կազմից: «Ժողովուրդ»-ն այս առիթով երեկ զրուցեց աշխատանքային խմբի անդամ Լեւոն Ետարյանի հետ՝ պարզելու համար, թե իրականում ինչ է տեղի ունեցել այդ քննարկումների ժամանակ:

-Պարո՛ն Ետարյան, խնդրում եմ նշեք, թե դաշտային հրամանատարների ռազմական խորհրդի ժամանակ ինչ է քննարկվել, ու ինչ որոշում է կայացվել:
-Տեղեկացնեմ, որ աշխատանքային խմբի նիստում եղել է երկու առաջարկություն.
Առաջին. մինչեւ փետրվարի վերջը հրավիրել համաժողով՝ բոլոր ազատամարտիկների մասնակցությամբ:
Երկրորդ. առաջարկվել է որոշում կայացնել եւ հայտարարություն տարածել այն մասին, որ դաշտային հրամանատարների ռազմական խորհուրդը մասնակցելու է մարտի 1-ին ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքին:
Երրորդ առաջարկն էլ եղել է Սասուն Միքայելյանի կողմից, որ որոշում չկայացվի մասնակցելու ՀԱԿ-ի հանրահավաքին, այլ ամեն մեկն իր ցանկությամբ թող գնա, մասնակցի:
-Ինչո՞ւ է Միքայելյանը նման առաջարկ արել:
-Նա բացատրեց, որ մեր պայմանավորվածության համաձայն՝ այս միավորումը պետք է լինի ապաքաղաքական: Այս պայմանավորվածությունը է եղել առաջին օրվանից: Միքայելյանն ասաց, որ եթե մենք չունենք ստեղծված միավոր ո՛չ իրավաբանորեն, ո՛չ էլ փաստացի, ի՞նչ հայտարարության մասին է խոսքը, ո՞ւմ անունից դա պետք է արվի: Հատկապես որ դրանով կխախտվի ձեռք բերված առաջին պայմանավորվածությունը: Դեռ միավորումը չկայացած արդեն քաղաքականացնում եք: Դրա համար էլ նա չմասնակցեց քվեարկությանը:
-Իսկ Նիկոլ Փաշինյանի եւ Սասուն Միքայելյանի՝ մարտի 1-ի հավաքի մասին ընդհանրապես ի՞նչ է խոսվել աշխատանքային խմբում:
-Բոլոր նիստերի ժամանակ էլ ընդհանրապես նման խոսակցություն չի եղել: Սաղ սուտ բաներ են գրում:
-Իսկ ո՞րն է ձեր այդ միավորման նպատակը այդ դեպքում:
-Մենք առաջին օրից ասել ենք, որ այս միավորումը պիտի նպատակ ունենա հավաքելու բոլոր ազատամարտիկներին մեկ տեղում՝ երկրի առաջ ծառացած լրջագույն խնդիրների համար: Այն մարդիկ, ովքեր վետերանների ինչ-որ միության կազմում են կամ այլ կազմակերպության անդամ, կարող են գալ ու միանալ մեզ: Մեր համար գլխավորը միասնականությունն է, ոչ թե նոր միավորում ձեւավորելը:
-Ազատամարտիկների կողմից ստեղծված այս նոր կառույցն արդեն լիարժեք կազմավորվե՞լ է, լիարժեք գործո՞ւմ է: Ո՞վ պետք է այն ղեկավարի:
-Այդ բոլոր հարցերը պետք է քննարկվեին մոտակա համաժողովի ժամանակ: Սասուն Միքայելյանն առաջարկել է միավորման համար նախագահ չընտրել, այլ թող լինի խորհուրդ կամ աշխատանքային խումբ, որը կղեկավարի համախմբված ազատամարտիկներին: Հիմա կազմավորման փուլում ենք:
-Իսկ Ս. Միքայելյանն ինչո՞ւ է հրաժարվել լինել խորհրդի անդամ: Իսկապե՞ս նա նման հայտարարություն է արել:
-Նման բան չի եղել: Սասուն Միքայելյանն ընդամենը ասել է, որ ես կարող եմ նաեւ աշխատանքային խմբի անդամ չլինել, ղեկավար կազմում տեղ չունենալ, այլ լինել շարքային անդամ: Մենակ թե մենք մնանք բոլորս հավատարիմ մեր սկզբունքներին ու պայմանավորվածությանը՝ չմտնել քաղաքականություն եւ չդառնալ որեւէ քաղաքական ուժի գործիքը:
-Բայց ինչպե՞ս եք պատրաստվում գոյատեւել առանց քաղաքականության. չէ՞ որ ձեզ մտահոգող հարցերն արդեն քաղաքական են: Ինչպե՞ս պիտի կայանաք:
-Մենք զինվորներ ենք, որ հավաքվել ենք, ուզում ենք միասնական մի բանի հասնել, որ մեր երկիրն էս վիճակից դուրս գա, գոնե արտագաղթը կարողանանք կանգնեցնել: Իսկ մնացած հարցերը կորոշվի մեր համաժողովից հետո: Կարեւորը՝ գործն առաջ գնա:

 

 

 

 

 

ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է «ԳԱԶԻ» ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՀԱՐՑԸ

Նախօրեին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները: Քննարկվել է «գազի հարցով» նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը: Սակայն դեռեւս հստակեցված չէ, թե ինչ է իրենից ներկայացնելու այդ հանձնաժողովը, ովքեր են լինելու անդամները, եւ արդյոք հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու են ԱԺ ոչ կոալիցիոն խմբակցությունների ներկայացուցիչները:

Նախ հիշեցնենք, որ «գազի հարցով» նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ առաջինը հանդես էին եկել խորհրդարանական ոչ իշխանական ուժերը: Սակայն երկար ու «թեժ» քննարկումներից հետո ԱԺ կոալիցիոն խմբակցությունների՝ ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի շնորհիվ ձայների 44 «կողմ», 58 «դեմ» եւ 3 «ձեռնպահ» հարաբերակցությամբ հանձնաժողովի ստեղծման հարցը չընդունվեց:
«Գազի հարցով» ժամանակավոր հանձնաժողով ստեղծելով՝ ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունները ցանկանում էին ստանալ հիմնականում հետեւյալ հարցերի պատասխանները. ինչպե՞ս գոյացավ 300 միլիոն պարտքը, ինչպե՞ս է սահմանին գազը ստացվում մի գնով, սակայն սպառողին հասնում շատ ավելի թանկ գնով, եւ, ի վերջո, ինչո՞ւ կնքվեց այդ տխրահռչակ պայմանագիրը ռուսական կողմի հետ (խոսքը դեկտեմբերի 2-ին կնքված պայմանագրի մասին է, որի արդյունքում Հայաստանը զրկվեց «Հայռուսգազարդ»-ի քսան տոկոս մասնաբաժնից): Ու թեեւ ԱԺ իշխանական խմբակցությունների անդամները հայտարարեցին, թե նման հանձնաժողով ստեղծելը իմաստ չունի, որոշ ժամանակ անց հենց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդես եկավ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ:
«Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ ոչ կոալիցիոն խմբակցությունների ներկայացուցիչներից պարզել, թե ինչպես են վերաբերում Հ. Աբրահամյանի նախաձեռնությանը: ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «ԲՀԿ ներկայացուցիչը մասնակցել է քննարկումներին, այժմ սպասում ենք առաջարկին, վերջնական առաջարկին, թե այն ինչպիսին կլինի: Բնականաբար, եթե այդ ձեւաչափը պահանջները բավարարելու է, չգիտեմ՝ ձեւաչափն ինչպիսին է լինելու, ուրեմն մենք ամբիցիաներ չունենք, մեզ համար ընդունելի է ցանկացած տարբերակ, որի արդյուքնում ժողովրդի պահանջը կբավարարվի: Եթե ոչ, ապա լրացուցիչ կքննարկվի՝ դրանից բխող հետեւանքներով հանդերձ: Մենք խնդիր ենք տեսնում եւ ցանկանում ենք, որպեսզի բոլոր հարցերի պատասխանները տրվեն»:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը կտրականապես հրաժարվեց պատասխանել մեր հարցերին` պատճառաբանելով, թե զբաղված է: Իսկ խմբակցության քարտուղարն էլ երկրում չէ: ԱԺ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչները եւս մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին:
Իսկ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ հայտարարել է, թե խմբակցությունում դեռեւս այդ հարցով քննարկում չի եղել:

Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

 

ՀԱՐՍՏԱՆԱԼՈՒ ԳԱՂՏՆԻՔԸ

6 ամիս ԱԺ նախագահ աշխատած Սամվել Նիկոյանը, որ հիմա հասարակ պատգամավոր է, հասցրել է լուրջ ունեցվածք կուտակել. նրա բանկային հաշվին կա 5 մլն դրամ եւ 69 հազար դոլար. այս մասին նշված է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով նրա ներկայացրած հայտարարագրում: Ի դեպ, Նիկոյանի որդին՝ Վարդանը, որն աշխատում է վարչապետի օգնական, իր հաշվին հայտարարագրել է մոտ 5 հազար ԱՄՆ դոլար եւ 14 հազար 560 եվրո: Նիկոյանի դուստրերը եւս իրենց հաշիվներին ունեն ամենաքիչը 10 հազար դոլար կամ եվրո:

 

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՔԱՅԼ

«Ռադիո Վան»-ը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարում է ինքնատիպ ձեւով: Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը` Լուլուն, իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ «Ռադիո Վան»-ը մեկական երգ է նվիրում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներին, միայն թե երգի վերջին 5 տոկոսը չի հեռարձակում. «Վերջին 5 %-ը կտրում է, ասում է՝ այդ հինգ տոկոսը կլսեք երեսուն տարի հետո, եթե երգը կորած չլինի»:

 

ՄՏԱԴԻՐ Է

ՀՀ կառավարությունն իր վաղվա նիստում մտադիր է 2014-ի մարտի 9-ի հերթական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման համար այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել մոտ 83 մլն դրամ, իսկ ՀՀ ոստիկանությանը՝ մոտ 4 մլն դրամ: Նշենք, որ այս տարվա մարտի 9-ին համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ տեղի են ունենալու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերի մի շարք համայնքներում: Որոշման նախագիծը ներկայացնելու է ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

 

ԹՄՐԱՆՅՈՒԹ ՈՐԴՈՒ ՀԱՄԱՐ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ փետրվարի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել «Արթիկ» ՔԿՀ-ում: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ՔԿՀ-ի դատապարտյալ Արսենին տեսակցության է եկել հարազատ հայրը, որը փորձել է որդուն թմրանյութ տալ, սակայն դա նկատել են ՔԿՀ-ի աշխատակիցները եւ կանխել: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Արթիկ» ՔԿՀ-ում Արսենը հայտնվել է ավազակային հարձակման հետեւանքով, որի համար դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Պարզեցինք նաեւ, որ Արսենի հարազատներն ապրում են Արագածոտնի մարզի Թալին քաղաքում:




Լրահոս