ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

 

Լուսանկարն արվել է Երեւանի քաղաքապետարանում

Երեկ եզդիները նշում էին իրենց ազգային տոնը` «Խդր Նավի»-ն, որի առթիվ Երեւանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը երեւանյան բուհերում բարձր առաջադիմություն ունեցող, ազգությամբ եզդի հինգ ուսանողների եւ եզդիերեն հաղորդումների բաժնի ղեկավար Հասան Թամոյանին շնորհավորել է: Ուսանողները պարգեւատրվել են Երեւանի քաղաքապետարանի պատվոգրերով: Նշենք, որ եզդիների մոտ «Խդր Նավի»-ն նշվում է որպես սիրո տոն, ինչպես մեզ մոտ Սուրբ Սարգիսը:

 

 

 

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Վերջերս ավտոպատահար տեղի ունեցավ, որի մեղավորը ես էի: Նշեմ, որ վարում էի ՍՊԸ-ին պատկանող ավտոմեքենա, որտեղ ես աշխատում եմ: Բնականաբար, ընդունեցի իմ մեղավորությունը, բայց պետք է տեղեկացնեմ, որ պատահարի ժամանակ ես այդ ավտոմեքենան օգտագործում էի որպես տաքսի: Խնդրում եմ ասեք, թե ով պետք է փոխհատուցի հակառակ կողմի վնասը:

Արտաշ Հարությունյան (29 տարեկան, առաքիչ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվությունն ապահովագրվել է որեւէ ապահովագրական ընկերության կողմից, ապա տվյալ ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվության հատուցման պարտականությունը կրում է այն ընկերությունը, որն ապահովագրել է ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվությունը: Հակառակ դեպքում վնասի հատուցման պարտականությունը դրվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ կամ այն այլ օրինական հիմքով տիրապետող իրավաբանական կամ ֆիզիկական անձի վրա:
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2013թ. ՀՀ-ում գրանցվել է 2824 ճանապարհատրանսպորտային պատահար (ՃՏՊ), զոհվել է 316 մարդ: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2013-ին գրանցված ՃՏՊ-ները 2012-ի համեմատ աճել են 8.5%-ով: ՃՏՊ-ների 25-30%-ը սահմանված արագության գերազանցման, 8-9%-ը՝ ոչ սթափ վիճակում գտնվող վարորդների մասնակցության հետեւանք է:

 

 

ՀԱՐՑ. Հայրս իր տունը կտակել է փոքր եղբորս: Կտակի մեջ նշված է, որ եղբայրս տանը միայն ապրելու իրավունք ունի, իսկ այն վաճառելու դեպքում պետք է բաժանվի չորս երեխաներին հավասար բաժիններով: Եղբայրս, ում կտակված է բնակարանը, ՀՀ-ում չի ապրում արդեն 10 տարի: Տունը վաճառելու դեպքում մեր բաժինները կարո՞ղ ենք ստանալ:

Սուսաննա Մխիթարյան (55 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Այս հարցը կարգավորվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1193-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. քաղաքացին իրավունք ունի իր հայեցողությամբ ցանկացած գույք կտակել ցանկացած անձի, ցանկացած ձեւով որոշել ժառանգությունում ժառանգների բաժինները, զրկել ժառանգությունից ըստ օրենքի ժառանգներին, կտակում ներառել ժառանգության մասին սույն օրենսգրքի կանոններով նախատեսված այլ կարգադրություններ, վերացնել, փոփոխել կամ լրացնել կազմված կտակը:
Նույն օրենսգրքի 1196-րդ հոդվածի համաձայն` երկու կամ մի քանի ժառանգներին կտակված գույքը համարվում է ժառանգներին հավասար բաժիններով կտակված, եթե կտակում չեն նշված բաժինները, եւ դրանում ցուցում չկա ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքը կամ իրավունքը ժառանգներից որեւէ մեկին պատկանելու մասին: 1199-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` կտակարարը կարող է կտակ կազմել ամբողջ գույքի, դրա մի մասի կամ առանձին գույքի կամ իրավունքների վերաբերյալ:
Այս ամենը հուշում է, որ բնակարանի վաճառքի դեպքում դուք ձեր բաժինները կստանաք:
«Իրավունքի իրազեկում» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հատկապես ներկայիս ծանր սոցիալական պայմաններում բնակարանային խնդիրների շուրջ ընտանեկան վեճերը շատացել են: Եվ եթե նախկինում հարազատ եղբայրների կամ ընտանիքի այլ անդամների միջեւ հազվադեպ էին սուր հակասությունները, ապա ներկայումս դատարանները հեղեղված են ընտանեկան ժառանգության հետ կապված բազմաթիվ դատական գործերով:

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, եթե պետական տուրքի գումարը սահմանված ժամկետում չի վճարվում, այդ դեպքում որեւէ տույժ կամ տուգանք կիրառվո՞ւմ է: Եթե այո, ապա ինչքա՞ն:

Վարդուհի Գաբրիելյան (41 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Անհրաժեշտ է ղեկավարվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի դրույթներով, համաձայն որի՝ պետական տուրք գանձող պաշտոնատար անձանց կողմից իրենց վրա դրված պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետեւանքով սահմանված ժամկետներում բյուջե չգանձված պետական տուրքի գումարները ենթակա են նրանցից բռնագանձման պետական բյուջե՝ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0.5 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ: Պետական տուրք գանձող պաշտոնատար անձինք սահմանված ժամկետում բյուջե չգանձված պետական տուրքի գումարները, ինչպես նաեւ դրանց համար նույն հոդվածի առաջին մասին համապատասխան հաշվարկված տույժերը բյուջե են վճարում լիազորված մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացնելուց հետո` 10-օրյա ժամկետում: Նույն օրենքով սահմանված կարգով պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգման գծով արտոնություն ունեցող վճարողի կողմից պետական տուրքի վճարման համար սահմանված ժամկետներում վճարումը, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքերի վճարման համար սահմանված ժամկետներում վճարումը չկատարելու դեպքում բյուջե չվճարված պետական տուրքի գումարները ենթակա են վճարողից բռնագանձման պետական բյուջե` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0.5 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ միասին:
ՀՀ հարկային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այս եւ նմանատիպ պատասխանները վկայում են այն մասին, որ ոչ մի դեպքում պետք չէ շրջանցել օրենքը եւ կանգնել ավելորդ գումարներ վատնելու տխուր փաստի առջեւ:

 




Լրահոս