ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ` ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ

Որոտանի հէկ-ի վաճառքն արժանի տեղ է զբաղեցրել Սերժ եւ Տիգրան Սարգսյանների իշխանավարման օրոք կնքված ապօրինի գործարքների շարքում. պարզվում է` ՀՀ էներգետիկ համակարգի այս կարեւորագույն օբյեկտը վաճառվել է ՀՀ օրենսդրության կոպտագույն խախտումներով: Ավելին՝ «Ժողովուրդ»-ին հաջողվել է բացահայտել Որոտանի հէկ-ը վաճառելու մասին ՀՀ կառավարության համապատասխան որոշումը, որը երեք ամիս շարունակ իշխանությունները գաղտնի են պահել:
2014թ. հունվարի 29-ին ՀՀ կառավարությունը հաղորդագրություն տարածեց, համաձայն որի՝ Որոտանի հէկ-ը վաճառվել է ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը. «ՀՀ կառավարությունում պայմանագիրը ստորագրել են՝ ՀՀ անունից՝ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» եւ «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերությունների անունից՝ «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերության փոխնախագահ Գարի Լիվսլին, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի անունից՝ ընկերության գլխավոր տնօրեն Սասուն Խաչատրյանը»: Հէկ-ը ամերիկյան կազմակերպությանն է վաճառվել 180 մլն ԱՄՆ դոլարով:
Թե իրավական ինչ հիմնավորմամբ է վաճառվել այս հէկ-ը, ՀՀ իշխանությունները փորձում են գաղտնի պահել: Իսկ սա, թերեւս, պատահական չէ, քանի որ կառավարությունն այդ գործարքին գնացել է՝ խախտելով ՀՀ օրենսդրությունը:

Գործարքս գաղտնի թող մնա…
Որոտանի հէկ-ի վաճառքի մասին հայտնի միակ փաստաթուղթը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 27.11.2013թ. N-404Ա որոշումն է, որում նշված է. «Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ կետը եւ հաշվի առնելով «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ 2013 թվականի նոյեմբերի 26-ի N 229ՍԽ գրությունը, ՀՀ ՀԾԿՀ-ն որոշում է. համաձայնություն տալ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ գույքը «Կոնտուր գլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ին վաճառելուն՝ համաձայն հավելվածի»:
Բայց արի՛ ու տե՛ս, որ ՀԿԾՀ այս որոշումը բավարար չէր պետական սեփականություն հանդիսացող հէկ-ի գույքը վաճառելու համար: Որոտանի հէկ-ը պետական սեփականություն է, ուստի վերջինս պետք է վաճառվեր «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի շրջանակներում: Իսկ պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շարժական գույքի, նշված օրենքի 3-րդ, 4-րդ եւ 12-րդ հոդվածների համաձայն, ենթակա է մասնավորեցման միայն մասնավորեցման ծրագրում ընդգրկվելուց եւ ԱԺ-ի հավանությունը ստանալուց հետո: Սակայն կառավարությունը շրջանցել է օրենքով սահմանված կարգը. հէկ-ը չի ընդգրկվել մասնավորեցման ծրագրում ու չի ներկայացվել ԱԺ:

Չարաբաստիկ որոշումները
Պարզվում է՝ ՀԾԿՀ որոշումից մեկ շաբաթ առաջ կառավարությունը, այնուամենայնիվ, ընդունել է Որոտանի հէկ-ի վաճառքի վերաբերյալ որոշում: Խոսքը կառավարության՝ 2013թ. նոյեմբերի 21-ի նիստում ընդունված «Որոտանի հէկ-երի համալիր» ՓԲԸ գույքի առքուվաճառքի պայմանագրին հավանություն տալու մասին» N1496-Ա որոշման մասին է: Միայն թե այս որոշումը պահվում է գաղտնի: «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ այս որոշման նախագիծն ընդգրկված չի եղել ՀՀ կառավարության՝ 2013թ. նոյեմբերի 21-ի նիստի օրակարգում: Այդ մասին որեւէ բառ չկա նաեւ այդ օրվա կառավարության նիստի մասին պաշտոնական հաղորդագրության մեջ: Ասել է թե` Որոտանի հէկ-ի վաճառքի մասին հանրությունը նախապես տեղյակ չի եղել: Միայն կառավարության կողմից ընդունվելուց եւ 2013թ. դեկտեմբերի 27-ին վարչապետ Տ. Սարգսյանի կողմից ստորագրվելուց հետո այն տեղադրվել է կառավարության պաշտոնական կայքում, ընդ որում ծածուկ: Թեեւ կասկածներ կան, որ այս որոշումն ընդունվել է հետին թվով:
Իրավաբանները պնդում են` անկախ այս որոշումից, եւ հատկապես այս որոշումը կայացնելուց հետո կառավարությունը պարտավոր էր Որոտանի հէկ-ն ընդգրկել պետական գույքի մասնավորեցման ծրագրում ու ներկայացնել ԱԺ` վերոհիշյալ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն: Ի դեպ, ժամանակին այդպես են մասնավորեցվել մի շարք այլ խոշոր ընկերություններ, ինչպիսիք են «ԱրմենՏել»-ը, «Արարատ» կոնյակի գործարանը եւ այլն:
Որոտանի հէկ-ի վաճառքի ոդիսականը, սակայն, այսքանով չի ավարտվում. նույն օրվա՝ նոյեմբերի 21-ի նիստում կառավարությունը կայացրել է մեկ այլ որոշում՝ «Որոտանի հէկ-երի համալիր» ՓԲԸ կանոնադրական կապիտալն ավելացնելու մասին: Այդ որոշման համաձայն՝ Որոտանի հէկ-ի կանոնադրական կապիտալի մեջ են վերականգնվել 89 մլն 349 հազար 826 դրամ արժողությամբ չորս ջրամբարները՝ Սպանդարյանի, Անգեղակոթի, Տոլորսի եւ Շամբի ջրամբարները: Այլ կերպ ասած՝ կառավարությունը մի որոշմամբ նախ Որոտանի հէկ-ին է վերադարձրել ջրամբարները՝ այդպես ավելացնելով հէկ-ի կապիտալը, ապա, մեկ այլ որոշմամբ, Որոտանի հէկ-ի գույքը, այդ թվում՝ վերոհիշյալ ջրամբարները, վաճառել ամերիկյան կազմակերպությանը: Ի դեպ, նշված ջրամբարները համարվում են ռազմավարական նշանակության օբյեկտներ, որոնք գտնվում են հատուկ պահպանության տակ: Ավելին՝ «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը սահմանում է. «Ջրի ազգային ծրագրով սահմանված պետական նշանակության ջրային համակարգերը պետական սեփականություն են եւ ենթակա չեն մասնավորեցման»: Ասել է թե` ջրամբարները չպետք է մասնավորեցվեին: Մանավանդ որ նույն օրենքի 15-րդ հոդվածում թվարկված են պետական հատուկ նշանակության ջրային համակարգերը` թվով 30 հատ: Դրանց մեջ են նաեւ Սպանդարյանի ու Տոլորսի ջրամբարները:

Առերեսումը շարունակվում է
Թեեւ վերջին ամիսներին պարբերաբար բարձրացվեց Որոտանի հէկ-ի վաճառքի հարցը, սակայն կառավարությունն այդպես էլ չհրապարակեց իր ընդունած 2013թ. նոյեմբերի 21-ի N1496-Ա որոշումը: Կառավարության անդամներն այս որոշման մասին քար լռություն պահպանեցին անգամ այն ժամանակ, երբ պատգամավորները խորհրդարանում բարձրացրին հէկ-ի վաճառքի հարցը՝ գործադիրին մեղադրելով ապօրինության մեջ: Ավելին՝ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նույնիսկ հերքեց կառավարության կողմից փաստաթղթի ընդունումը՝ փետրվարի 5-ին ԱԺ-ում հայտարարելով, թե կառավարությունը ոչինչ չի վաճառել, իսկ հէկ-ի գույքը վաճառել է «Որոտան» ՓԲԸ-ն։
Մինչդեռ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից, «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, տեղեկացրել են. «Ի պատասխան Ձեր հարցադրումների՝ տեղեկացնում ենք, որ Որոտանի հէկ-երի համալիրի վաճառքը ՀՀ կառավարությունն իրականացրել է ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածով իրեն վերապահված իրավասությունների շրջանակում, ինչպես նաեւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան»:
Թե ինչու են իշխանություններն այդպես գաղտնի պահել կառավարության որոշումը, կարելի է ենթադրել: «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի եւ «Բյուջետային համակարգի մասին» օրենքի համաձայն` մասնավորեցվող պետական գույքի վաճառքի արժեքի 70 տոկոսը պետք է փոխանցվի պետական բյուջե, իսկ 30 տոկոսը՝ այն համայնքներին, որտեղ տեղակայված են այդ գույքերը։ Ասել է թե` Որոտանի հէկ-ի վաճառքից գոյացած 180 մլն դոլարը պետք է գնար ՀՀ պետական բյուջե: Բայց կառավարությունը գերադասել է շրջանցել այս օրենքն ու հէկ-ը վաճառել այլ ճանապարհով, որպեսզի այդ 180 մլն դոլարը պետական ու համայնքային բյուջեների փոխարեն գնա Որոտանի հէկ-ի հաշվեհամարին: Դժվար չէ կռահել, որ գումարներն այդտեղից ավելի արագ կարող են փոշիանալ ու հայտնվել համապատասխան պաշտոնյաների գրպաններում, քան պետբյուջեից: Ու Որոտանի հէկ-ի վաճառքի ողջ արկածախնդրությունը, ամենայն հավանականությամբ, կատարվել է հենց այդ պատճառով:
Որոտանի հէկ-ի վաճառքի մյուս ուշագրավ մանրամասները` հաջորդիվ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

 

 

 

 

ԱՐԳԵԼԱՆՔԻ ՏԱԿ

Վանաձոր քաղաքի բյուջեի վրա արգելանք է դրված: Վանաձորի բնակիչը ցանկացել է պաշտպանել իր իրավունքները, դիմել է դատարան եւ հասել հաջողության:
Բանն այն է, որ քաղաքի կենտրոնում այժմ կառուցվող էլիտար շենքի տարածքում նախկինում եղել է 12 վագոն-տնակ: Վանաձորի քաղաքապետարանը, ի դեմս քաղաքապետ Սամվել Դարբինյանի, 2011թ. պայմանագիր է կնքել սեփականատերերի հետ եւ խոստացել շինարարությունն ավարտելուց հետո նրանց բնակարաններ հատկացնել: Խոստացված ժամկետը խախտվել է, եւ խաբված բնակիչներից մեկը դիմել է դատարան: Վանաձորի քաղաքապետարանը 2011թ. հայցվորին առաջարկել է հաշտության պայմանագիր, որը հետագայում վերածվել է դատարանի վճռի: Որոշվել է, որ մինչեւ 2013թ. հոկտեմբերի 10-ը պատասխանողը քաղաքացուն էլիտար շենքում պետք է հատկացնի ոչ պակաս, քան 55 քառակուսի մետր տարածք` կոմունալ բոլոր հարմարություններով: Մինչեւ բնակարանը շահագործման հանձնելը, քաղաքապետարանը բնակչին ամիսը 15.000 դրամ է հատկացրել վարձով բնակվելու համար: Հաշտության համաձայնագրով ամրագրվել է նաեւ, որ եթե քաղաքապետարանն ու կառուցապատող ընկերությունը խախտեն նշված պայմանները, հայցվորին պետք է վճարեն 38.000 ԱՄՆ դոլար: Մինչեւ օրս կատարվել են հաշտության պայմանագրի բոլոր կետերը՝ բացառությամբ մեկի. բնակարանը սահմանված ժամկետում չի տրամադրվել քաղաքացուն: Վերջինս էլ դիմել է դատարան: Այս կապակցությամբ Վանաձորի քաղաքապետարանն իր պաշտոնական կայքէջում պարզաբանում է հրապարակել` նշելով, որ այս դեպքում դատարանը խախտել է համայնքի ավագանու իրավունքները` նրան գործի քննությանը մասնակից չդարձնելով: Վանաձորի ավագանին դիմել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` բողոքարկելու առաջին ատյանի վճիռը:

ԱՐՄԻՆԵ ԲԱԼԱՅԱՆ
Լոռի

 

 

 

 

 

 

 
ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ

 

«ԱրմԻնֆո»-ի տվյալներով՝ երեկվանից Հայաստանում նավթամթերքի մանրածախ գներն էապես նվազել են: «Սուպեր ԱԻ 98» ապրանքանիշի բենզինի 1 լիտրի գինը նվազել է 3,8%-ով՝ դառնալով մինչեւ 510 դրամ նախկին 530 դրամի դիմաց: «Պրեմիում ԱԻ 95» բենզինի գինը նվազել է 4%-ով՝ դառնալով մինչեւ 480 դրամ նախկին 500 դրամի փոխարեն: «Ռեգուլյար ԱԻ 91» բենզինն էժանացել է 4,2%-ով՝ մինչեւ 460 դրամ նախկին 480 դրամի փոխարեն: Դիզելային վառելիքի գինը նվազել է 2,2%-ով՝ նույնպես կազմելով 460 դրամ 1 լ դիմաց նախկին 470 դրամի փոխարեն, իսկ եվրոդիզելի գինը 490 դրամից նվազել է մինչեւ 480 դրամ 1 լ դիմաց: Նավթամթերք ներմուծող ընկերությունները գների անկումը պայմանավորում են համաշխարհային միտումներով:
Նշենք, որ 2013թ. ՀՀ է առաքվել 327,990 հազար տոննա նավթամթերք 2012թ. 346,403 հազար տոննայի դիմաց, անկումը կազմել է 5,3%: 2013թ. ընթացքում Հայաստան առավել ծավալի նավթամթերք է մատակարարվել Ռուսաստանից եւ Ռումինիայից: Նավթամթերքի գների փոփոխություն վերջին անգամ արձանագրվել էր 2012-ին:

Ն. Պ.




Լրահոս