ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ «ԱՐՄԵՆԻԱ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՀՐԱՎԻՐԵԼ

«Արմենիա» հեռուստաընկերությամբ կրկին մեկնարկած «Հայաստանի ձայնը» նախագծի ժյուրիի կազմում այս անգամ երգչուհի Շուշան Պետրոսյանն ընդգրկված չէ: Նշենք, որ նախագծի առաջին եթերաշրջանը հեռարձակվել է 2013 թվականի հոկտեմբերի 6-ից մինչեւ 2013 թվականի դեկտեմբերի 28-ը։ Մրցույթը բաղկացած էր 4 փուլից՝ «Կույր լսումներ», «Մենամարտ», «Նոկ-աուտ», «Գալա համերգներ»։ Առաջին եթերաշրջանի ժյուրիի կազմում էին դերասան Միքայել Պողոսյանը, երգչուհի Քրիստինե Պեպելյանը, երգիչ Հայկոն եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը:

Իսկ արդեն նախագծի այս եթերաշրջանի ժյուրիի անդամներն են երգիչ Հայկոն, երգահան Արմեն Մարտիրոսյանը, երգչուհիներ Սոնան եւ Եվա Ռիվասը, ով 2012 թվականին Հայաստանը ներկայացրեց «Եվրատեսիլ» երգի մրցույթում:
Նախօրեին «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ երգչուհի Քրիստինե Պեպելյանը մրցույթի այս եթերաշրջանի ժյուրիի կազմում չէ, քանի որ վերջինիս հագեցած ստեղծագործական առօրյան եւ շրջագայությունների գրաֆիկը թույլ չեն տալիս մասնակցել ժյուրիի աշխատանքներին: «Ժողովուրդ» -ը զրուցել է նաեւ երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանի հետ՝ պարզելու, թե ինչն է պատճառը, որ երգչուհին այս անգամ ժյուրիի կազմում չէ:
-Ո՞րն է պատճառը, որ այս անգամ Դուք ընդգրկված չեք «Հայաստանի ձայնը» նախագծի ժյուրիի կազմում. Դո՞ւք չեք ցանկացել կրկին մասնակցել նախագծին, թե՞ հեռուստաընկերությունը Ձեզ չի ընդգրկել:
-Այս նախագիծը բավականին հետաքրքիր ձեւաչափ ունի, այն իրապես վեր է հանում տաղանդներին եւ նպաստում նրանց ստեղծագործական գործունեության առաջընթացին: Իհարկե, կուզենայի այս անգամ էլ լինել ժյուրիի կազմում: Բայց երբ երկրորդ եթերաշրջանի նախապատրաստական աշխատանքներն էին ընթանում, որեւէ մեկն ինձ չհրավիրեց մասնակցելու։
-Ըստ Ձեզ, ո՞րն է պատճառը, արդյոք Դուք «Արմենիա» հեռուստաընկերության հետ ինչ-որ խնդի՞ր ունեք:
-Որեւէ խնդիր չունեմ «Արմենիա» հեռուստաընկերության հետ, բայց փաստ է, որ ես չկամ այս եթերաշրջանի ժյուրիի կազմում:
-Արդեն տեւական ժամանակ է` տեղեկություններ են շրջանառվում, որ Դուք հրաժարվելու եք Ձեր մանդատից: Որքանո՞վ են այդ տեղեկությունները հիմնավոր, հնարավո՞ր է` առաջիկայում Ձեզ չտեսնենք նաեւ Ազգային ժողովում:
-Դուք իսկապե՞ս հավատում եք, որ նման բան կա: Չէ, չկա նման բան:
-Այսինքն՝ Դուք վերադառնո՞ւմ եք Ձեր բնականոն աշխատանքին:
-Ես չեմ վերադառնում, ես շարունակում եմ իմ բնականոն աշխատանքը:
-Ըստ Ձեզ, այդ դեպքում ինչո՞ւ է այդ հարցն անընդհատ շահարկվում:
-Կլինի՞ ես իմ հանգիստը շարունակեմ, իսկ երբ արդեն Ազգային ժողովի նստաշրջանը մեկնարկի մենք այնտեղ արդեն կզրուցենք:

 

 
ՆՎԻՐՎՈՒՄ Է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ 145-ԱՄՅԱԿԻՆ

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ս.թ. սեպտեմբերի 6-10-ը ՀՀ Լոռու մարզում կանցկացվի «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային 9-րդ փառատոնը: Այն կազմակերպում եւ իրականացնում է «Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոն» հկ-ն («ՅՈՒՆԻՄԱ-Հայաստան»):

Փառատոնի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 6-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Լոռու մարզի Դսեղ գյուղում, որտեղ մասնակիցները հարգանքի տուրք կմատուցեն եւ ծաղիկներ կդնեն Հովհաննես Թումանյանի հուշարձանին:
Նույն օրը՝ ժամը 14:00-ին, Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում կկայանա փառատոնի հանդիսավոր բացումը, որին կհետեւի բացօթյա թատերականացված ուրախ տոնախմբությունը, այնուհետեւ կսկսվեն փառատոնի առաջին ներկայացումները:
Մեկնարկին նախորդող երեկվա ասուլիսին ներկա էին ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը եւ «Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոն» ՀԿ նախագահ Արմեն Սաֆարյանը: Ս.Գեղամյանը փառատոնին հաջող մեկնարկ եւ գեղեցիկ ընթացք մաղթեց՝ ընդգծելով, որ ՀՀ մշակույթի նախարարությունը սիրով է աջակցում այս` ոչ միայն աչք շոյող, այլեւ հոգին կրթող յուրօրինակ փառատոնին:
Ա. Սաֆարյանն էլ ավելացրեց, որ «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային 9-րդ փառատոնը նվիրվում է Հովհաննես Թումանյանի ծննդյան 145-ամյակին: «Իր ձեւի մեջ միակը` որպես հեքիաթի փառատոն, «Թումանյանական հեքաթի օրը» մեծ դեր է խաղում թատերական ու հատկապես տիկնիկային արվեստի զարգացման գործում, նպաստում է նոր թատերախմբերի ստեղծմանը, այս ոլորտում երիտասարդ գործիչների ի հայտ գալուն եւ, վերջապես, երեխաներին հեքիաթային տոն նվիրելու լավ հնարավորություն է»,- նշեց նա՝ խոստանալով, որ փառատոնի ամբողջ ընթացքը լի է լինելու հետաքրքիր անակնկալներով:

Նյութերը՝ ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 
ԼՈՒՐԵՐ

ՇԻԿԱՀԵՐԻ ՆՈՐ ԿԵՐՊԱՐՈՒՄ
«Վեց ուտեստ օլիգարխի համար» ներկայացումը նոր թատերաշրջանում համալրվել է նոր անդամով: Շիկահեր Իլոնայի կերպարն այսուհետեւ կմարմնավորի դերասանուհի Ժաննա Բուտուլյանը: Դերասանուհին ներկայացման մեջ խաղալու առաջարկը ստացել է սիրված դերասանուհի, վաստակավոր արտիստուհի Իրինա Հարությունյանի կողմից, ով ներկայացման ռեժիսորն է:
Ժաննա Բուտուլյանը բացի հեռուստասերիալներում նկարահանվելուց, թատրոնում խաղալու փորձ եւս ունի. վերջին շրջանում դերասանուհու մարմնավորած հիշվող կերպարներից «32 թատրոնի» շրջանակում բեմականացված «Մի անգամ անտառում» ներկայացման մեջ խաղացած կերպարն է:
Ի դեպ, դերասանուհու հրապարակած լուսանկարները, որոնցում նա շեկ կեղծամով է, հենց այս կերպարով են պայմանավորված:

 

ԵՐԵԽԱՆԵՐԸ՝ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԱՐՍԱՆԻՔԻՆ
Հանրության ուշադրությանն են ներկայացվել հոլիվուդյան դերասաններ Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի հարսանեկան լուսանկարները: Զույգը հարսանեկան արարողության վերաբերյալ հարցազրույց է տվել «People» ամսագրին:
Ջոլին հայտնել է, որ արարողության ժամանակ տիրել է շատ ջերմ եւ ոչ պաշտոնական մթնոլորտ, քանի որ ներկաներն իրենց ընկերներն ու ընտանիքի անդամներն են եղել: Նա նշել է, որ հարսանիքին պատրաստվելու գործընթացին մասնակցություն են ունեցել իրենց բոլոր երեխաները. 13-ամյա Մեդդոկսն ու 10-ամյա Փաքսը ուղեկցել են Ջոլիին դեպի խորան, 9-ամյա Զախարան եւ նրա 16-ամյա քույրը՝ Վիվիենը, զբաղվել են վարդի թերթիկներ ցողելու հարցով, իսկ 8-ամյա Շայլոն եւ 6-ամյա Նոքսը հարսանեկան արարողության ժամանակ զույգին են մատուցել ամուսնական մատանիները: Սակայն, ամենահետաքրքրականն այն է, որ Լուիջի Մասսիի հեղինակած հարսանեկան զգեստը զարդարված է եղել աստղերի երեխաների պատրաստած նկարներով:




Լրահոս