ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՕԵԿ-Ի ՔԱՂԽՈՐՀՐԴՈՒՄ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՐՎԱԾ Է

«Օրինաց երկիր» կուսակցությունում օր օրի մթնոլորը լարվում է: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ իրավիճակն այնքան է «թեժացել»` անցած հինգշաբթի օրը ՕԵԿ-ի քաղխորհրդի նիստը վերածվել է «ռազբորկայի»:

Եւ այսպես, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով արդեն երկար ժամանակ է, ինչ ՕԵԿ քաղխորհրդի նիստերն ընթանում են սակավաթիվ կուսակցականներով: Նշենք, որ քաղխորհրդի անդամները՝ ԱԺ ՕԵԿ խմբակցության ներկայացուցիչներն են եւ գործադիր մարմնի անդամները: Իսկ բազում շարքային ՕԵԿ-ականներ միջանցքում կամ այլ սենյակներում նստած հետեւում են նիստի ավարտին, որպեսզի հետո շփվեն իրենց կուսակցության լիդերների հետ:
ՕԵԿ-ականներից ստացված տեղեկությունների համաձայն՝ վերջին ժամանակահատվածում քաղխորհրդի անդամների եւ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի միջեւ եղած նախկին կայուն հարաբերությունները լարվել են, ուստի ոչ հնաբնակ ՕԵԿ-ականները երբեմն խուսափում են «շփվել» Ա. Բաղդասարյանի հետ՝ հիվանդության, կարեւոր հանդիպումների եւ այլ պատճառաբանությամբ չմասնակցելով ամեն հինգշաբթի հրավիրվող նիստերին:
Տեղեկություններ կան, որ լարվածությունը ստեղծվել է այն բանից հետո, երբ քաղխորհրդի նիստերի ժամանակ Արթուր Բաղդասարյանը ՕԵԿ-ական նախարարներին իրենց պարտականություններից չբխող հանձնարարություններ է տվել, անընդհատ խոսել է բիզնեսների ընդլայնման, նոր բիզնեսների ստեղծման մասին, ինչը դուր չի եկել գործադիրի անդամներին: Եւ ահա վերջին քաղխորհրդի նիստի ժամանակ ՕԵԿ նախարարների համբերության բաժակը «լցվել» է: «Ժողովուրդ»-ի աղբյուրների տեղեկացմամբ՝ նախարարները վիճաբանել են Ա. Բաղդասարյանի հետ եւ նիստի մեկնարկից շատ չանցած սկսել են աղմուկով խոսել եւ հարցեր քննարկել: Որոշ ժամանակ հետո քննարկումը վերածվել է կռվի, լսվել է Ա. Բաղդասարյանի՝ սաստելու փորձին նմանվող գոռգոռոցը:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այդ գոռգոռոցներից անմիջապես հետո դահլիճից դուրս է եկել քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը, այնուհետեւ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, վերջում արդեն ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Նախարարներն առանձնացել են մեկ ուրիշ սենյակ, ինչ-որ հարց քննարկել, որոշ ժամանակ հետո կրկին վերադարձել նիստերի դահլիճ: Ապա՝ ընդամենը մի քանի րոպե հետո, իրարից անկախ հեռացել են ՕԵԿ շենքից:
Ի դեպ, արդեն տեւական ժամանակ է, ինչ քաղխորհրդի նիստին չի մասնակցում ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Կարեն Բոթոյանը, եւ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ պատգամավորին անգամ չեն տեղեկացնում քաղխորհրդի նիստի մասին: Նույն կարգավիճակում են նաեւ ԱԻՆ փոխնախարար Դավիթ Կարապետյանն ու առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի ղեկավար Նելսոն Զուլոյանը, ովքեր ՕԵԿ-ական դարձան 2012-ի խորհրդարանական ընտրություններից հետո: Նրանք եւս իրենց ընդգծված հեռու են պահում կուսակցությունից՝ գերադասելով չշփվել ՕԵԿ վերնախավի հետ:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ՕԵԿ-ական նախարարներից անձամբ պարզել, թե ինչն է եղել պատճառը, որ իրենք փետրվարի 20-ի քաղխորհրդի նիստի ժամանակ վիճաբանել են ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի հետ ու լքել դահլիճը: «Նման բան ընդհանրապես չի եղել, եղել է սովորական քաղխորհրդի նիստ, միանշանակ եմ ասում, կարող եք Երիցյանին էլ դրա մասին հարցնել»,- մեզ հետ զրույցում վստահեցրեց Ս. Թադեւոսյանը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եւս հերքեց, որ քաղխորհրդի նիստի ժամանակ իրենք նախարարներով լքել են նիստերի դահլիճը. «Չէ, հերյուրանքներ են, նման բան չի եղել»: Սամվել Թադեւոսյանի խորհրդով դիմեցինք նաեւ ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանին, ով «Ժողովուրդ»-ին ասաց, թե իրականում նման բան տեղի չի ունեցել. «Չգիտեմ, թե ձեզ, որտեղից է նման տեղեկություն հասել, բայց ասեմ, որ սուտ է: Արտառոց դեպք տեղի չի ունեցել»:
Զրուցեցինք նաեւ ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանի հետ՝ պարզելու ՕԵԿ-ի ներսում առկա հարցերը: «Քաղաքական խորհրդի նիստի մասին մենք արդեն տեղեկություն տարածել ենք, այնտեղ հստակ նշվում է, թե ինչի մասին է եղել նիստը, քննարկվել են ներկուսակցական խնդիրներ, քաղաքական խնդիրներ, ներքին եւ արտաքին քաղաքական օրակարգի խնդիրներ: Ու, առհասարակ, ՕԵԿ քաղխորհրդի նիստերի ժամանակ վեճեր չեն լինում, ՕԵԿ-ն այն եզակի քաղաքական ուժերից մեկն է, որ որոշումներ է ընդունում շատ առողջ մթնոլորտում: Ես քար չեմ գցում այլ կուսակցությունների բոստանը, բայց ՕԵԿ-ում նման բան չկա»:
ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Կարեն Բոթոյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ վերջին քաղխորհրդի նիստին չի մասնակցել հիվանդության պատճառով. «Իսկ ընդհանրապես ես մասնակցում եմ քաղխորհրդի նիստերին»: ՕԵԿ-ական Նելսոն Զուլոյանը հայտարարեց, թե ինքը ՕԵԿ-ում որեւէ լարված մթնոլորտ չի տեսնում. «Ես ներկա եմ եղել ՕԵԿ-ի վարչության վերջին նիստին, լարվածություն, ճիշտն ասած, չեմ նկատել»:
Մեզ մնում է հույս հայտնել, որ ՕԵԿ-ականներն իսկապես ազնիվ են իրենց հրապարակային խոսքում:

 

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

 

ՉԵՆ ՓԱԽՉԻ

Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերից հետո պետական բարձրաստիճան պաշտոնյաներից շատերը պարզապես ճողոպրել են երկրից: Երեկ «Ժողովուրդ»-ը մի քանի նախարարի հարցրեց` հնարավո՞ր է, որ Հայաստանում էլ նման իրադարձություններ տեղի ունենան եւ իրենք էլ ուղղակի հեռանան երկրից: ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը բացառեց Ուկրաինական դեպքերի կրկնությունը, իսկ իրենց հեռանալու մասին հարցին չպատասխանեց. ««Եթե»-ներով հարցերին չեմ պատասխանում»: ՀՀ սպորտի նախարար Յուրի Վարդանյանը եւս բացառեց ՀՀ-ում ուկրաինական դեպքերի կրկնությունը, եւ նախարարների փախուստը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էլ ասաց. «Մեր նախարարները ոչ թե փախնում, այլ՝ աշխատում են»: ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն էլ էր լավատես։ Նա նշեց, թե ՀՀ իշխանություններն արձագանքում են ժողովրդի դժգոհություններին, բարձրացված հարցերին, քննարկում դրանք եւ որպես օրինակ բերեց ԱԺ-ում ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին քննարկումները: Ուստի, ըստ նրա, ՀՀ-ում Ուկրաինական դեպքերը չեն կրկնվի:

 
ԹԵՐԻ ՍԱՆԻԿ

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նախօրեին, քննադատելով ներկայիս վարչապետ Տիգրան Սարգսյանին, հայտարարել էր, թե նրա հարազատներն ու բարեկամները Հայաստանում տարբեր պաշտոններ են զբաղեցնում: Այս համատեքստում Հ.Բագրատյանը նաեւ շեշտել էր ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի անունը, ով վարչապետի սանիկն է: Երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ֆինանսների նախարարը նշեց, թե Հայաստանը փոքր երկիր է, եւ երբ հետաքրքրվում ես, պարզում ես, որ մարդիկ բարեկամներ են: Ինչ վերաբերում է վարչապետի հետ քավոր-սանիկական հարաբերություններին, ըստ Սարգսյանի. «Փաստորեն, իմ հասցեին հնչած քննադատություններից դուրս է գալիս, որ իմ միակ թերությունը դա՞ է »:

 
ՉԵՆ ՃՆՇԵԼ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը դեռ այս տարվա հունվարի 16-ին, անդրադառնալով ՀՀ տնտեսության վերաբերյալ Տիգրան Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան բանավեճին, հայտարարել էր, թե «Քոչարյանի օրոք գրանցված երկնիշ տնտեսական աճը միայն Քոչարյանի վարչակազմի վաստակը չէ, քանի որ այդ աճի համար պայմաններ են ստեղծվել նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին կատարված բարեփոխումների արդյունքում»: Այս հայտարարությունն ուշագրավ է այն առումով, որ ներկայիս իշխանությունները սովորաբար մոռանում են ՀՀ առաջին նախագահի պաշտոնավարման ժամանակ կատարված բարեփոխումները, ավելին` հիմա ընդդիմության առաջնորդ Տեր-Պետրոսյանի հասցեին որեւէ դրական խոսքն «աններելի հանցանք է» համարվում: «Ժողովուրդ»-ը երեկ Ավանեսյանին հարցրեց` արդյոք իր գնահատականներից հետո իշխանության ներսում խնդիրներ չեն առաջացել եւ իրեն չեն հանդիմանել: «Ոչ, նման բան չի եղել»,- ասաց Ավանեսյանը` հավելելով, որ ինքն ասել է ճշմարտությունը:

 

 

 

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

 

ՊԵՏԱԿԱՆ ՌԵԿԵՏ

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ճանապարհներին տեղադրված արագաչափերին ու տեսախցիկներին` երեկ հայտարարել է, որ դա պարզապես պետական թալանի ու ռեկետի միջոց է: Պատգամավորը ներկայացրել է, որ 2011թ-ին արագաչափերը տեղադրելուց հետո ՀՀ քաղաքացիները երթեւեկության կանոնները խախտելու համար վճարել են 3 մլրդ դրամ, 2012թ-ին՝ 7,5 մլրդ դրամ, իսկ 2013-ին են՝ 11,3 մլրդ, այսինքն՝ 8,5 մլրդ դրամով ավելի քան 2011-ին: «Թույլ տվեք արձանագրել, որ սա ռեկետ է, որովհետեւ կուտակային կենսաթոշակ եք մտցնում, գները թանկացնում եք, գազը թանկանում է: Հայաստանի քաղաքացիների վրա ավելացնում եք եւս 8,5 մլրդ դրամի բեռ, որը նախկինում ուղղակի գոյություն չի ունեցել: Քիչ է մնում մեր «պադյեզդների» մոտ էլ արագաչափ դնեք»,-նշել է պատգամավորը:

 
ԱՆԱՐԳԱՆՔ ԿԼԻՆԵՐ

Երեկ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հեռացել է ԱԺ դահլիճից, երբ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանն առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել մարտիմեկյան զոհերի հիշատակը:Իր այդ քայլը պատգամավորը բացատրել է հետեւյալ կերպ. «Այսօր ԱԺ դահլիճում նստում են մարդիկ, ովքեր ուղղակի կապ ունեն «Մարտի 1-ի» սպանությունների կազմակերպման եւ իրագործման հետ, մարդիկ, ովքեր անձամբ տվել են ՀՀ քաղաքացիներին գնդակահարելու հրամաններ, բացառված չէ անգամ՝ գտնվեն անմիջական կատարողներ:Նրանց հետ կողք կողքի «Մարտի 1-ի» զոհերի հիշատակի լռության րոպեին մասնակցելը, իմ ընկալմամբ, անարգանք կլիներ զոհերի հիշատակի առաջ»:

 
ԽՈՒԴՅԱՆԻՆ «ՔՑՈՂԸ»

Հայաստանից փախած ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Ռոմիկ Հարությունյանը, ըստ «Առաջին լրատվական»-ի, մասնակից է իր եղբոր` Ռոբերտ Հարությունյանի կողմից սփյուռքահայ ներդրող Էդմոն Խուդյանին «քցելու» գործընթացին: Խուդյանի հսկայական ներդրումների արդյունքում Մաշտոցի 33 հասցեում կառուցված 1.5 միլիոն դոլար արժողությամբ 5-հարկանի շենքը ներկայումս պատկանում է հենց ԱԱԾ պետի նախկին տեղակալի եղբորը. «Դա առեղծված էր մեզ համար, թե ինչպես էր այդ գույքը վաճառվել նրան, ինչպես էր ընկերությունից օտարվել այդ գույքը: Մենք ենթադրում ենք, որ հենց նրա եղբոր հովանավորությամբ է դա տեղի ունեցել: Մինչ օրս էլ այդ գույքը Ռոբերտի անունով է գրանցված, եւ մենք հիմա պայքար ենք տանում, որ այդ գույքը վերադարձնենք ընկերություն»,-կայքին ասել է Խուդյանը:

 
ԲԱՎԱՐԱՐՎԵԼՈՒ ՁԵՎԵՐ

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը երեկ Աժ-ում դիմելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին՝ հայտարարել է. «Որեւէ մեկը չի կասկածում ձեր հռետորական, իրավաբանական, իրավական գիտելիքներին եւ հմտություններին: Դուք հենց հիմա դա ապացուցում եք` ավելորդ անգամ եւս, եւ եթե նույնիսկ հանձնաժողովը չստեղծվի, հարցերին պատասխանելու ձեր ճարտարախոսությունը եւ երկարությունը, կարծում եմ, ձեզ գոնե մի քիչ պիտի բավարարի»: Ի պատասխան Ջհանգիրյանն ասել է. «Տարբեր մարդիկ տարբեր բաներից են բավարարվում. նախասիրությունների հարց է: Ես երկար ու բարակ ելույթ ունենալուց բավականություն չեմ ստանում, ուրիշ բաներից եմ բավականություն ստանում»:




Լրահոս