Ինչու չի ստացվում իշխանափոխություն անել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ստեղծված այսօրվա իրավիճակը ժամանակին շատ դիպուկ բնութագրել է Իվան Կռիլովն իր՝ «Կարապը, խեցգետինը եւ գայլաձուկը» առակով: Մեր երկրի քաղաքական դաշտում եղած գրեթե բոլոր ուժերը ցանկանում են իշխանափոխություն իրականացնել, սակայն ոչինչ չի ստացվում:

Խորհրդարանական 4 ուժերը դեռ գարնանից խոստացան «թեժ աշուն», սակայն աշնան շունչը զգացվում է, իսկ թեժության նշույլներն անգամ չկան: Նրանք միայն հավաքվում են, քննարկում են, սակայն նույնիսկ հանրահավաք անելու օրը չեն կարողանում որոշել: Ընդդիմադիր դարձած ՕԵԿ-ի խոստացած հուժկու պայքարը եւս դեռ տեսանելի չէ:

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն էլ «սոված օր էր անցկացնում»՝ պահանջելով Սերժ Սարգսյանի հրաժարականը: Սակայն ՀՀԿ ղեկավարն այդպես էլ չվերցրեց A4 ֆորմատի մի թուղթ՝ հրաժարականի բովանդակությամբ տեքստ գրելու համար: Հայրիկյանը ստիպված եղավ սնվել. հո քաղցած չէ՞ր մնալու:

Եվ այս մակարդակի պայքարով վերջին 6 տարիների ընթացքում Հայաստանի ընդդիմադիր կոչվող դաշտում տարբեր մարդիկ են հայտնվում ու պայքարի շղարշ ստեղծում՝ սպառնալով տապալել Սերժ Սարգսյանին, սակայն իրականում ոչինչ չանելով պարզապես ավելացնում են ՀՀ քաղաքացիների հիասթափության չափաբաժինը: Պատճառն այն է, որ մինչ օրս իրականացված հակաիշխանական պայքարն իրականում թույլ է եղել:

Բայց «ընդդիմադիր աշխատելու» ցանկությունը որեւէ կերպ հանգիստ չի տալիս քաղաքական գործընթացների լուսանցքում հայտնվածներին: Նրանք շարունակում են իշխանափոխության անհրաժեշտության գաղափարով կերակրել հասարակության լայն շերտերին, եւ ուշագրավ է, որ երեկ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը սկսեց խոսել իշխանափոխության մասին: Մարդ, ով իսկապես լուրջ քաղաքական գործիչ է եւ տեղյակ՝ երկրում տեղի ունեցող խորքային շատ երեւույթների նրբություններից: Նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հաջորդ շաբաթ իշխանությունից դժգոհ ազատամարտիկները սկսելու են ժողովրդական շարժում, որը կարող է բերել ընդդիմադիր կուսակցությունների միավորմանը:

Վերլուծական կարողությամբ օժտված այդ գործիչը հայտարարել է, որ Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների զարգացման երկու ճանապարհ կա՝ «կամ գոյություն ունեցող աշխարհի տրամաբանությամբ մի խմբակը փորձելու է մյուսի ձեռքից ինչ-որ բան խլել եւ տանել իր գիծը, կամ կլինի որակյալ ուրիշ բան»:

Այս իմաստով Աշոտ Մանուչարյանը հույսը դրել է ազատամարտիկների վրա. «Նրանք էլ են ապրում այս աշխարհում, նրանք էլ են սոված, ինչպես շատ-շատերը, եւ նրանց էլ են փորձում գնել, բայց քանի որ նրանք նաեւ պաշտպանել են երկրի սահմանները, կորցրել են ընկերներ եւ գիտեն` դա ինչ է, նրանց մեջ այդ երկրորդը միշտ գործում է: Ուրեմն նրանք կարող են ինչ-որ խմոր լինել: Եթե դրան միանա ադեկվատ մտավորականությունը, եւ այդպիսի ժողովրդական շարժում առաջանա, իսկ իմ տվյալներով` այս շաբաթվա ընթացքում այդ շարժումն առաջանալու է, ապա այդ կուսակցական ընդվզումներն էլ կսկսեն տեղավորվել այդ նոր տրամաբանության մեջ: Հին տրամաբանության մեջ նրանք չեն կարող բերել որեւէ էական փոփոխության»:

Իհարկե, ազատամարտիկներն ավելի կամային են, քան քաղաքական դաշտն իրենց ներկայությամբ հագեցրած գործիչները: Սակայն «Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը հավաստիացրեց, որ դեռեւս որեւէ բան հստակ չէ իրենց անելիքների մասով: «Քանի դեռ մեր միասնական դաշինքը չի ձեւավորվել, ես չեմ կարող որեւէ բան ասել: Սեպտեմբերի 23-ից հետո մենք համաժողով կհրավիրենք եւ կլուծենք դաշինքի ձեւավորման հետ կապված բոլոր խնդիրները»:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Աշոտ Մանուչարյանը մշտապես ներկա է լինում պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եւ Մանվել Եղիազարյանի ու մյուսների մասնակցությամբ կայացած հանդիպումներին: Ու չի բացառվում, որ հենց նրանց նկատի ուներ Մանուչարյանը՝ ներկայացնելով որպես կուսակցական ընդվզումների «կայծ»:

Ի դեպ, լուրեր են պտտվում, որ ազատամարտիկների այս խմբին, ինչպես նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի կողմից ձեւավորվող «Երդվյալ ազատամարտի նվիրյալներ»-ին ֆինանսավորում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Սակայն «Արաբո»-ի հրամանատարն ասաց, թե իրենք առանձնապես ծախսեր չեն անում եւ դեռ կարողանում են սեփական միջոցներով հոգալ խնդիրները:

Ինչեւէ, եթե քաղաքական դաշտի ներկայացուցիչներն իսկապես ցանկանում են հասնել իշխանափոխության, ապա առաջին հերթին պետք է միասնական լինեն, այլ ոչ թե առաջնորդվեն Իվան Կռիլովի նկարագրած սկզբունքներով, որտեղ այդ չարաբաստիկ սայլը «կարապը վեր է թեւում, խեցգետինը քաշում է հետ, գայլաձուկն էլ՝ հո դեպի գետ…»: Դրա համար էլ՝ «Մինչեւ այսօր թե՛ սայլ, թե՛ բեռ նույն տեղն են դեռ…»:

Ալբերտ Խուրշուդյան




Լրահոս