Կայացել է ԱԻՆ արհմիության անդրանիկ հաշվետու ժողովը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 10-ին ՀՀ ԱԻ նախարարությունում կայացավ ԱԻՆ համակարգի աշխատողների արհմիութենական կազմակերպության ընդհանուր ժողովը, որի նպատակն էր ներկայացնել կազմակերպության առաջին մեկ տարվա հաշվետվությունը` 2013-2014 թթ. կատարած աշխատանքների վերաբերյալ, իմի բերել կատարված աշխատանքները և նախանշել առաջիկա անելիքները:

Ընդհանուր ժողովին մասնակցում էին ԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը, նախարարի խորհրդական Անդրանիկ Հակոբյանը, աշխատակազմի ղեկավար Համլետ Հակոբյանը, աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենուհի Գրիգորյանը և արհմիության 110 պատվիրակ:

Ընդունված կարգի համաձայն, քվեարկության միջոցով, ժողովի նախագահ ընտրվեց Ա. Հակոբյանը, իսկ քարտուղար` ՓԾ աշխատակցուհի Սուսաննա Ադամյանը:

Ըստ օրակարգի` ՀՀ ԱԻՆ համակարգի աշխատողների արհմիութենական կազմակերպության մեկ տարվա կատարած աշխատանքների հաշվետվությամբ հանդես եկավ արհկոմի նախագահ Լյուդմիլա Մելիքյանը, ով մասնավորապես ասաց. «Մեր արհմիութենական կազմակերպությունը որդեգրել է երկու կարևորագույն սկզբունք, որոնք էլ հանդիսացել են մեր գործունեության հիմքը. գործել միայն օրինականության շրջանակներում, պահպանել իրավահավասարություն կազմակերպության բոլոր անդամների միջև և գործել հրապարակայնության դաշտում: Ուզում եմ հատուկ նշել, որ կազմակերպական աշխատանքներում, ինչպես սկզբնական փուլում, այնպես էլ այսօր, մենք ստանում ենք անմիջական աջակցություն` հատկապես ԱԻ նախարար Արմեն Երիցյանի կողմից, որի համար հայտնում ենք մեր շնորհակալությունը»: 



Օրակարգով նախատեսված էր նաև Վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը: Զեկույցով հանդես եկավ հանձնաժողովի նախագահ, ԱԻ նախարարության աուդիտոր Սամվել Առաքելյանը, ըստ որի` տարվա ընթացքում կուտակված շուրջ 14 մլն դրամը գրեթե ամբողջությամբ ծախսվել է ԱԻՆ աշխատակիցների երեխաների ու թոռների համար ամանորյա միջոցառումների, համակարգի աշխատակիցների համար Տաթևի վանական համալիր կազմակերպած արշավի, ամառային մանկական «Գուգարք» ճամբարում 150 երեխայի հանգստի և աշխատակիցներին դրամական աջակցության համար:

Ժողովի ավարտին, դիմելով ներկաներին` ԱԻ նախարարի խորհրդական Անդրանիկ Հակոբյանը մասնավորապես ասաց. «Կարծում եմ` մեզ հաջողվել է ստեղծել իսկական, բովանդակալից մի կազմակերպություն, որը յուրաքանչյուրիս ներդրման արդյունքն է, իսկ աշխատակազմի ղեկավարի և փոխնախարարի ներկայությունը ևս մեկ անգամ ընդգծում է արհմիության կարևորությունն ու նշանակությունն ԱԻՆ-ում»:




Լրահոս