ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՏՂԱՄԱՐԴՈՒ ԱՄԵՆԱՄԵԾ ՀԱՏԿԱՆԻՇԸ ՍՈՒՏ ՉԽՈՍԵԼՆ Է»

Մարտի 3-ից սկսվում է Մեծ Պահքի շրջանը: Այն տեւում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչեւ Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 20-ին: Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Այդ ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլեւ մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից եւ այլ մեղքերից:
Պաս պահելն օգտակար է նաեւ բժշկական տեսակետից. գարնանամուտն առանց ճարպային, կենդանական սննդի անցկացնելը դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա: Սակայն սխալ է այն մտայնությունը, թե պահքը սոսկ դիետա է:
«Ժողովուրդ»-ը փորձել է պարզել, թե որքանով են մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաները հետեւում քրիստոնեական այս կարեւոր ավանդույթին` Պահքի շրջանում իրենց ենթարկելով մարմնական զրկանքների եւ հոգեւոր ժուժկալության:

Ազգային Ժողովի նախագահ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
-Ես պաս չեմ պահում, որովհետեւ այդ ընթացքում մարդիկ պետք է հրաժարվեն ոչ միայն որոշակի կերակուրներից, այլեւ՝ մոլի սովորությունների՞ց, օրինակ՝ այդ ընթացքում չպետք է շատախոսել, ստել, հայհոյել… Այս առումով ես, որպես քրիստոնյա, ամբողջ տարին եմ պաս պահում:

ՀՀ վարչապետ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ իր մամլո խոսնակ Հարություն Բերբերյանի միջոցով պատասխանել է.
-Ամեն տարի պաս պահում եմ` քրիստոնեական ավանդույթի համաձայն:

ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆ
-Պարոն Բեգլարյան, Դուք Մեծ Պահքին հետեւո՞ւմ եք: Երբեւէ պաս պահե՞լ եք:
-Չէ, անկեղծ ասած, չեմ պահում:
-Պատճառը կնշե՞ք, չե՞ք հավատում:
-Ես ընդհանրապես հավատքով տղա եմ, բայց պասը չեմ պահում: Երբեւիցե չեմ պահել:
-Պահքի շրջանում մարդիկ պետք է հրաժարվեն վատ սովորություններից, ինչպիսիք են՝ շատախոսությունը, ստախոսությունը, հայհոյանքը: Գուցե դա՞ է Ձեզ խանգարում հետեւել այդ ավանդույթին:
-Ես ընդհանրապես սուտ չեմ խոսում, պարտադիր չէ պաս պահեմ, որպեսզի սուտ չխոսեմ: Իրականում դա տղամարդու ամենամեծ հատկանիշն է` սուտ չխոսել: Եթե ճիշտ բան չես ուզում ասել, ավելի լավ է մի ասա, բայց սուտ մի ասա: Շատախոսել էլ չեմ սիրում: Դե հայհոյելն էլ, գիտեք, եթե տղամարդը ջղայնացավ, երեւի կհայհոյի, էլի, եթե չջղայնացավ, ուրեմն չի հայհոյի: Ասեմ այսպես. աշխատում եմ չջղայնանալ:

 

ՀՀ նախագահի խորհրդական, ՀՀ նախկին ոստիկանապետ ԱԼԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
-Պարոն Սարգսյան, Դուք էլ Մեծ Պահքին չեք հետեւո՞ւմ:
-Անկեղծ ասած` ես միշտ պաս պահել եմ վերջին երկու շաբաթը, բայց հիմա դեռ չգիտեմ: Հիմա դեռ ծխելն եմ թողնում (ծիծաղում է Ս. Գ.), չգիտեմ, համարում եմ, որ քեզ մի բանից զրկում ես… Ասեմ նաեւ, որ այսպես, թե այնպես` ես մսամթերքի հետ սեր չունեմ, հիմնականում բուսակեր եմ: Կարծում եմ` դրանից իմ կյանքում առանձնապես բան չի փոխվելու: Առայժմ ու այս պահի դրությամբ, չեմ օգտագործել ու չեմ խախտել կարգը, հետագայում չգիտեմ՝ ինչպես կլինի:
-Պահքի շրջանում չի կարելի շատախոսել, հայհոյել, սուտ խոսել կամ էլ տրվել մարմնական վայելքներին: Եթե պաս պահեք, պատրա՞ստ եք ձերբազատվել նաեւ այդ ամենից:
-Շատախոսելը, հայհոյելը ու սուտ չխոսելը միայն պասով չէ, որ պետք է պահել, ինչքան քիչ դրանք լինեն մեր կյանքում, այնքան ավելի լավ: Ու դրա առիթն էլ չունեմ` սուտ խոսելու, շատախոսելու կամ հայհոյելու: Եթե պաս պահեմ էլ, կարծում եմ՝ դա ինձ վրա այնքան էլ մեծ ազդեցություն չի ունենա, որովհետեւ ես այդ վատ սովորություններից իմ կյանքի ընթացքում էլ հեռու եմ լինում: Նորմալ ապրում եմ ու երեւի թե այդ օրենքները միշտ էլ պահում եմ:

ՀՀ քաղաքաշինության նախարար ՍԱՄՎԵԼ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
-Պարոն Թադեւոսյան, Դուք պաս պահելո՞ւ եք:
-Չէ, պաս չեմ պահում, բայց աշխատում եմ ապրել որպես բարեպաշտ քրիստոնյա:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

 

 
ԻՆՉՊԵՍ ՎԱՐԿԱԲԵԿԵԼ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ

ՀՀ գործող իշխանությունը հետեւողականորեն ոչնչացնում է պետական եւ ոչ պետական բոլոր ինստիտուտները:

Թերեւս առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջին ընտրությունից հետո Հայաստանի Հանրապետությունում կայացած մյուս բոլոր նախագահական ընտրությունները կեղծվել են` յուրաքանչյուր անգամ կեղծիքների մեխանիզմները կատարելագործվելով: Այդպիսով` ՀՀ նախագահի ինստիտուտի նկատմամբ առկա երբեմնի վստահությունը կամաց-կամաց վերացավ:
Նույն պատճառով հեղինակազրկվեց նաեւ ՀՀ Ազգային ժողովը: Նախ՝ որովհետեւ իշխանական բարեհաճությունը ստացան եւ պատգամավորի մանդատ ձեռքբերեցին մարդիկ, որոնց գոյությունն օրենսդիր մարմնում պարզապես ամոթալի էր, բացի այդ՝ նաեւ խորհրդարանական ընտրությունները տարիներ շարունակ վերածվեցին այլանդակությունների շքերթի: Ու թեեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խրոխտ քայլերով խորհրդարան մտավ` ԱԺ դերը բարձրացնելու, սակայն գործընթացը շարունակ ձախողվում է:
ՀՀ գրեթե բոլոր կառավարություններին հասարակության մեծամասնությունը չի վստահել: Հատկապես վերջին` Տիգրան Սարգսյանի կառավարության նկատմամբ վստահության ճգնաժամ է հասունացել:
Դե իսկ դատական համակարգի նկատմամբ վստահության դեֆիցիտը անհիշելի ժամանակներից գոյություն ունի:
Եվ այսպես՝ որ համակարգն էր մնացել վստահելի եւ քիչ թե շատ կայացած. անհերքելի է` չորրորդ իշխանությունը` զանգվածային լրատվամիջոցները: Իսկապես ազատ մամուլ գոյություն ուներ Հայաստանում: Նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին, երբ անցանկալի լրագրողների նկատմամբ պարզապես բռնություններ էին կիրառվում, միեւնույն է՝ լրատվամիջոցները շարունակում էին մնալ ազդեցիկ եւ վստահելի: Խոսքն, իհարկե, էլեկտրոնային (հեռուստատեսություն, ռադիո (Ա1+-ը հանած)) մասին չէ:
Ու երբ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը 2008-ին ՀՀ նախագահի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրեց, միայն 4-5 թերթերի միջոցով հնարավոր եղավ հասարակական տրամադրություններ շրջադարձ անել եւ քաղաքական իրավիճակը գլխիվայր շուռ եկավ: Այս երեւույթն արդեն անհանգստացնող էր, դրա համար էլ առաջ եկավ լրատվամիջոցների դերը նվազեցնելու անհրաժեշտություն, որն իրականացվում է պետական ամենաբարձր մակարդակով:
Հատկապես 21-րդ դարում` տեղեկատվական տեխնոլոգիաների սրընթաց զարգացման պայմաններում իշխանություններն այլեւս չեն կարող լռեցնել ազատ խոսքը: Ու հիմա գործի է դրվել այլ տարբերակ` մտնել այդ ոլորտ եւ քանակական առավելությամբ լճացնել ազատ խոսքը, ազատ մամուլի դերն ու նշանակությունը: Մանավանդ որ, իշխանությունը, տիրապետելով ֆինանսական հսկայական ռեսուրսների, այս հարցում անգերազանցելի է: Արդյունքում իրականացվում է լրատվական դաշտի ոչնչացման հստակ ծրագիրը:
Երբ նախկինում տարբեր քննարկումների ժամանակ ես բարձրաձայնում էի այս խնդիրը, գտնվում էին ընդդիմախոսներ, որոնք փորձում էին պատճառաբանել, թե ամեն ինչում իշխանություններին մեղադրել պետք չէ. ինչ կապ ունի գործող իշխանությունը լրատվամիջոցների հեղինակազրկման հետ, իրենք են իրենց հեղինակազրկում: Իհարկե, վերջին պնդումն էլ ճշմարտանման է: Բայց իմ պատկերացումներն ամբողջացան, երբ տեսա մի շարք կայքերին ուղարկված ՀՀԿ մամլո ծառայության էլեկտրոնային նամակը:
Երեկ zham.am-ը հրապարակեց լուսանկարներ, թե ինչպես է ՀՀԿ պաշտոնական հասցեից ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքերով համեմված տեքստ ուղարկվել մի շարք կայքերի, որոնք նույնությամբ լուրը տեղադրել են: Այսինքն` լրագրողները չեն էլ զանգահարել Շարմազանովին` Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի մասին կարծիք հայտնելու: Շարմազանովն ինքնաբուխ պատասխաններ է գրել (կամ նրա անունից գրվել է) եւ ուղարկվել տարբեր կայքերի: Սա նշանակում է, որ ՀՀԿ-ն ունի իր համար նախընտրելի լրատվամիջոցներ, որոնց կարող է տեքստ ուղարկել` նույնությամբ տեղադրելու ակնկալիքով, եւ առկա են «սեւ ցուցակում» հայտնված լրատվամիջոցներ, որոնց համար իշխող կուսակցության վերնախավն անհասանելի է: Այս մոտեցումն է հեղինակազրկում լրատվամիջոցներին` զրկելով նրան իր հիմնական` լուր հավաքելու եւ տարածելու իրավունքից: Իմ ու քո-ի, մեր ու ձեր-ի այս տարբերակումն է մեր երկրի բոլոր դժբախտությունների պատճառը: Ի դեպ, այս տարբերակումները գործում են նաեւ, այսպես ասած, ընդդիմադիր ճամբարի մոտ: Նրանք էլ իշխանական լրատվամիջոցներին են բոյկոտում:
Այսպիսով` ամեն ինչ ոչնչացնելու այս քաղաքականությամբ, իրականում ոչնչանում են մեզանում շատ ու շատ արժեքներ, որոնք նախկինում թվում էին անձեռնմխելի: ՑԱՎՈՔ

 

ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ` «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր

 

 

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

 

ՄԵԾ ՓՈՂԵՐ

ՀՀ կառավարությունն ավելի քան 413 մլն դրամ կամ 1մլն դոլար է տրամադրել Գնահատման եւ թեստավորման կենտրոնին: ՀՀ պետական բյուջեից այդ գումարը տրվելու է որպես նվիրաբերում: Ավելի քան 1մլն դոլարի դիմաց ԳԹԿ-ն պետք է իրականացնի պետական ավարտական եւ միասնական քննությունների, հիմնական դպրոցի ավարտական քննությունների, բուհերի ընդունելության եւ ներբուհական քննությունների նախապատրաստման եւ անցկացման գործընթաց: Ի դեպ, նախորդ տարի այս ընկերությանը կառավարությունը նվիրաբերել էր մի փոքր ավելի գումար` 423 մլն-ի չափով: Ու չնայած ամեն տարի հսկայական գումարներ են նվիրաբերվում, այնուամենայնիվ, ամեն անգամ Գնահատման ու թեստավորման կենտրոնի գործունեությունից դժգոհ են շատերը: Հատկապես մեծ են դժգոհությունները ԳԹԿ կազմած հարցաշարերից, որտեղ, մեղմ ասած, սխալներն ու վրիպակներն ամեն տարի քննական շրջանում դառնում են հասարակական քննարկումների առարկա: Նշենք, որ ԳԹԿ-ն վարչապետ Տիգրան Սարգսյանի թեթեւ ձեռքով հանվեց ԿԳ նախարարության կազմից ու հիմա այն գործում է կառավարության վերահսկողության ներքո:

 

ՉԵՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ

ՀՀԿ-ն դեռ չի շտապում «բացահայտել», թե ինչպես կքվեարկեն 2008թ. մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու՝ ՀԱԿ խմբակցության նախագծին: Հիշեցնենք, որ ԱԺ վերջին քառօրյայի ժամանակ այս նախագիծը քննարկվեց բավականին թեժ մթնոլորտում, ու չնայած ՀՀԿ-ականները պնդում էին` իրենք դեմ են հանձնաժողովի ստեղծմանը, վերջում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասել էր, թե դեռ կմտածեն ինչպես քվեարկեն ու տեսակետ կհայտնեն քվեարկությունից առաջ: Իսկ քվեարկությունը նախատեսված է ԱԺ առաջիկա քառօրյայի ժամանակ: «Ժողովուրդ»-ը երեկ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանին հարցրեց` արդյոք կայացրել են իրենց վերջնական որոշումը: Պարզվեց` ոչ: «Դեռ քննարկում ենք այդ հարցը, այնպես որ, դեռ որոշում չկա»,-ասաց նա՝ նշելով, որ վերջնական որոշումը կկայացնեն մարտի 10-ին մեկնարկող ԱԺ քառօրյայից առաջ` խմբակցության նիստում: Ի դեպ, նույն Սահակյանը մեկ շաբաթ առաջ ՀԺ-ի հետ զրույցում ասել էր, թե ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու:

 

ԳՆԵՐՆ ԱՃՈՒՄ ԵՆ

Հայաստանում հետեւողականորեն շարունակվում է գների բարձրացումը: Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին գրանցված գնաճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հասել է 5.1 տոկոսի: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության երեկվա զեկույցի համաձայն` հիմնական գնաճը տեղի է ունեցել ծառայությունների ոլորտում՝ 8.8 տոկոս: 7 տոկոսով աճել են խմիչքի եւ ծխախոտի գները, 3.3 տոկոսով՝ պարենային ապրանքների, իսկ 3.3 տոկոսով էլ՝ ոչ պարենային ապրանքների գները: Սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանն իսկապես ճիշտ էր ասում. մեր երկրում աճ կա. բայց միայն գնաճի տեսքով:




Լրահոս