ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱՐԶՊԵՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՅԱԼԸ ՃՆՇԵԼ Է ԹԵԿՆԱԾՈՒԻՆ

Կոտայքի մարզի Արտավազ համայնքում իրավիճակը լարված է: «Ժողովուրդ» -ի խմբագրություն ահազանգած բնակիչները հայտնեցին, որ մարտի 9-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններին ընդառաջ թեկնածուների համախոհների միջեւ ծեծուջարդ է եղել, եւ վերջին օրերին գյուղը վախի մեջ է ապրում:

Տեղեկացնենք, որ գյուղապետի պաշտոնի համար պայքարում է երկու թեկնածու. գործող գյուղապետ, Հանրապետական կուսակցության անդամ Ռեմ Հովհաննիսյանը եւ անկուսակցական Աշոտ Մարգարյանը: Ըստ բնակիչների` գործող գյուղապետ Ռեմ Հովհաննիսյանը մշտապես այնպես է արել, որ իրենից բացի ոչ ոք համարձակություն չունենա իր թեկնածությունն առաջադրի. «2000թվականից գյուղապետ է ու միշտ հայտարարել է, թե իր մեջքն ու թիկունքը Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն է եւ ինքն եղել է ու կմնա Արտավազի գյուղապետ»:
Սակայն այս տարի անկուսակցական Աշոտ Մարգարյանը որոշել է խախտել «ավանդույթը» եւ առաջադրել է թեկնածությունը համայնքի ղեկավարի պաշտոնում: Այս հանդգնությունը հանգեցրել է գյուղամիջյան լարվածության: Ըստ բնակիչների՝ գյուղացիներից մեկը՝ Վարուժանը, ով գործող գյուղապետի թիմակիցներից է, հանդիպել է մյուս թեկնածու Աշոտ Մարգարյանի հորը` 60-ամյա Քաջիկ Մարգարյանին, եւ ծեծի ենթարկել նրան՝ ասելով. «Որդուդ ասա՝ թեկնածությունը հանի, թե չէ կմորթենք»: Մեզ ահազանգած բնակիչը պատմեց, որ սարսափելի հայհոյանքներ են հնչել այդ օրը, մատ են թափ տվել միմյանց, սպառնալիքներ հնչեցրել այնաստիճան, որ գործին խառնվել են ոստիկանները: «Ով պետք է գործող գյուղապետի մարդկանց կարգի հրավիրի: Օգնեք, թույլ մի տվեք, որ մեր գյուղը վերածեն բանդայի ու մարդկանց էլ վախի մթնոլորտում պահեն»,-դժգհեց «Ժողովուրդ»-ին դիմած քաղաքացին:
Եվ այսպես՝ կատարվածի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Արտավազ համայնքի ղեկավար Ռեմ Հովհաննիսյանի հետ: Նրա խոսքով` կատարված միջադեպը ո՛չ իր, եւ ո՛չ էլ առաջիկայում կայանալիք ընտրությունների հետ որեւէ առնչություն չունի. «Դեպքը տեղի է ունեցել 10 օր առաջ: Աշոտի հայրն ու Վարուժան անունով մեկը երեւի վաղուցվա կռիվ են ունեցել եւ քաշքշել են իրար: Հետո, երբ ես իմացա կատարվածի մասին, ասացի՝ գնացեք բարիշեք, ամոթ չէ՞ սա կապում եք ընտրության հետ: Մի խոսքով, աբսուրդ բան է: Հիմա միգուցե իրենց ձեռ է տալիս դա բերել կապել ընտրության հետ, քանի որ գյուղում հիմնականում ապրում են տեղացի փախստականները ու դիվիդենտ են հավաքում հայտարարելով, թե տեսեք՝ տեղացիների գլխին ինչեր են անում»,- ասաց համայնքի ղեկավարը` տեղեկացնելով, թե կատարվածից հետո իրեն եւս ոստիկանություն են հրավիրել:
Թե կոնկրետ ինչն է եղել իր հակառակորդ թեկնածուի եւ գյուղի բնակիչ Վարուժանի վեճի պատճառը՝ Հովհաննիսյանը վստահեցրեց, որ տեղյակ չէ: Ըստ նրա՝ իրեն լուրեր են հասել, թե Աշոտ Մարգարյանի հայրը` Քաջիկը, եւ Վարուժանը մտերիմ հարաբերությունների մեջ են եղել. «Ես ինչ իմանամ, կարող է այս ամենը պայմանավորվել, սարքել են իմ գլխին»:
Արդյոք ճիշտ է ասում գործող համայնքապետը: «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել մյուս թեկնածուից՝ Աշոտ Մարգարյանից: Ըստ նրա` իր հայրիկին չպետք է խառնեին այս գործին: «Նախ՝ պետք է ասեմ, որ իմ հորը չի ծեծել Վարուժը, այլ՝ իմ հոր վրա հարձակվել են գործող գյուղապետի կողքը կանգնած, իր համար աշխատող մարդիկ, ու այնտեղ է եղել գյուղի ավագանու անդամը, որը գյուղապետի հորեղբոր տղան է, իսկ Վարուժը գյուղապետ` Ռեմ Հովհաննիսյանի վստահված անձը պետք է լիներ: Իսկ հորս վերնաշապիկին կաթած արյան համար ինձ են պատասխան տալու: Նրան խփել են՝ ասելով, թե տղուդ ասա՝ թեկնածությունը հանի, թե չէ կմորթենք»,- ասաց Աշոտ Մարգարյանը՝ նշելով, որ վախենալու բան չունի, քանի որ խոսքն իր հորն է վերաբերվում:
Ուշագրավն այն է, որ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը չհերքեց, թե կանգնած է գործող գյուղապետ Ռեմ Հովհաննիսյանի «մեջքին»: Սակայն, վստահեցրեց, որ գյուղում վախի մթնոլորտ չկա եւ ինքն էլ շահագրգռված չէ, որ ՀՀԿ թեկնածուից բացի այլ մարդ առաջադրվի: «Ես բավականին ժողովրդավար մարդ եմ, որ այդպես չլիներ, ո՞նց կարող էր երկրորդ թեկնածու լիներ»,-շարունակեց մարզպետը:
«Ժողովուրդ»-ը ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից պարզեց, որ մարմնական վնասվածք հասցնելու դեպքի առթիվ հետաքննություն է կատարվում:
Ուշագրավն այն է, որ ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ համայնքի ոստիկանները փորձել են թաքցնել ծեծի միջադեպը՝ հավանաբար մարզպետի վրա վստահ լինելով, որ «հարցերը կկարգավորի»: Սակայն կատարվածի մասին ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներն իմացել են, ուստի չի բացառվում՝ համակարգից որոշ անձանց հեռացումներ լինեն:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

 

ՉԻ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ

Վերջերս «Ժողովուրդ»-ը գրել էր, որ հայաստանյան շուկայում դեռ շարունակվում է ներկրված ժամկետանց հավկիթի վաճառքը, ինչի պատճառով էլ խախտվում են ոչ միայն սպառողի, այլեւ արտադրողի իրավունքները, քանի որ ներկրված հավկիթն ավելի մատչելի է վաճառվում: Այն հիմա էլ կա: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն՝ պարզելու, թե ինչ աշխատանքներ է տանում ծառայությունն այս ուղղությամբ: Սակայն, ստացանք հետեւյալ պատասխանը. «Վերջին դիտարկումներից հետո, որն անցկացվել է փետրվարի 7-13-ը, ձվի շուկայի հետ կապված ահազանգեր եւ դժգոհություններ չենք ստացել: Տարվա ընթացքում ձվի շուկան նախատեսվածի համաձայն՝ ենթարկվում է մեկ անգամ ստուգման, իսկ դիտարկումներն, ըստ անհրաժեշտության, կարող են լինել պարբերաբար: Ամեն դեպքում, ներկրվող ձուն ծառայության ուշադրությունից դուրս չի մնում»: Այնուամենայնիվ, նկատենք, որ փետրվարի 13-ից հետո շուկայում ուսումնասիրություն չի իրականացվել, եւ ժամկետանց հավկիթը դեռ շարունակում է վաճառվել:

 

«ԹԱԼԳՐԻԳ» ՍՊԸ-Ն ՏՈՒԳԱՆՎԵՑ

Շուրջ 8 տարի ՀՖՖ ֆուտզալի եւ կանանց ֆուտբոլի կոմիտեի նախագահ, իսկ ներկայումս ՀՖՖ գործկոմի անդամ «Թալգրիգ» ՍՊԸ-ի տնօրեն Թովմաս Գրիգորյանը վերջին օրերին խախտումներ է իրականացրել. շրջանցել է մաքսային կանոնները: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Թովմաս Գրիգորյանը 2013 թ. դեկտեմբերի 21-ին Հայաստան է ներմուծել 400.000կգ քաշով ցորեն, սակայն սահմանված ժամանակում մաքսային մարմին չի ներկայացրել համապատասխան փաստաթղթերը, ինչի հետեւանքով հունվարի 29-ին տուգանվել է 50.000 դրամով: Սա դեռ վերջը չէ. պարզեցինք նաեւ, որ նշված օրը մեկ այլ անցակետով էլ ՀՀ է ներմուծել 715.000կգ ցորեն եւ թույլ տվել նույն խախտումը, ինչի համար եւս տուգանվել է 50.000 դրամով:

 

ԿԱԼԱՆՔ՝ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՅԻ ՀԱՇԻՎՆԵՐԻՆ

«Ժողովուրդ»-ը գրել էր, որ «Դավիթ Անհաղթ» պոլիկլինիկայի աշխատակիցների տնօրինությունը հրաժարվել էր վճարել հունվար ամսվա աշխատավարձը: Սակայն պոլիկլինիկայի տնօրեն Աննա Սիսոյանը վստահեցրել էր, թե երկուշաբթի օրը բոլոր աշխատակիցները կստանան աշխատավարձերը: Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգեցին պոլիկլինիկայի աշխատակիցները եւ ասացին, որ իրենց երեկ աշխատավարձ չեն վճարել եւ չգիտեն էլ՝ երբ կարող են վճարել: Նշենք, որ պոլիկլինիկայի տնօրեն Աննա Սիսոյանն ասել էր, թե պոլիկլինիկան ունի պարտքեր` գազի, լույսի: Մեզ երեկ տեղեկություններ հասան, որ պարտքերի պատճառով կալանք է դրվել պոլիկլինիկայի հաշիվների վրա:

 

 

 

 

 

ԲԼԹ

 

«Այն, որ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել շուրջ 160 պետությունների հետ, խոսուն ցուցանիշ է հայ դիվանագետների ծավալուն աշխատանքի»:

Էդվարդ Նալբանդյան armlur.am
Ամենեւին էլ կարեւոր չէ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին խոսել քանակական ածականով: Հատկապես ԱԳ նախարարը պետք է բացատրեր, թե ինչ ենք ստացել 160 երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց. հոգեկան բավարարվածությու՞ն, հոգեւոր սնու՞նդ, թե՞ բարոյական հաղթանակ, հատկապես եթե այդ երկրների մի մասն են կազմում Գվատեմալան, Սվազիլենդը, Վանուատուն եւ նմանատպ այլ էկզոտիկ երկրներ, որոնց դարավոր բարեկամությունը Հայաստանի հետ հաստատող որեւէ ապացույց չեն կարող ներկայացնել նույնիսկ պատմության ամենահմուտ կեղծարարները։
«Մեր մոտ խի վա՞դ ա վիճագը»:

Մհեր Սեդրակյան ՀԺ
Հասկանալու համար, թե մեզ մոտ ինչ վիճակ է՝ լավ, թե «վադ», պետք է նախ` մտահոգվել այդ վիճակով, պետք է սեփական դղյակներից, կրիմինալ աշխարհից, քյաբաբնոցներում վայելած՝ ճենճոտ քյաբաբից զատ այլ բաներ էլ նկատել, որ կան, օրինակ, մարդիկ, ովքեր ապրում են արդար աշխատանքով եւ պահում մի շարք ձրիակերների, բայց սոված օր անցկացնում։ Քրեաօլիգարխը, այն էլ՝ ՀՀԿ-ական պատգամավոր, դժվար թե կարողանա մտահոգվել ժողովրդի վիճակով, դա արդեն անհույս է։ Մհեր Սեդրակյանի դեպքում անհույս է նաեւ այն, որ նա մի օր կմտահոգվի գոնե իր խոսելու մակարդակով։
«Թերեւս պահն է եկել, երբ ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է նախաձեռնեն երկրի դիմադրողականությունն ապահովող կանխարգելիչ քայլեր»:

Արման Մելիքյան 168.am
Նախագահի հավերժ թեկնածուն, հավանաբար, ինչ-որ բան խառնում է, դեռ պահը չի եկել: Կոնկրետ Արման Մելիքյանի դեպքում պահը գալիս է յուրաքանչյուր 5 տարին մեկ, այնպես որ, հաջորդ պահը 2018-ին է լինելու: Իսկ մինչ այդ կարելի է նաեւ դիմադրողականությունն ապահովող կանխարգելիչ քայլեր ձեռնարկել, սակայն եթե ձեռնարկող գտնվի էլ, դա չի լինի Արման Մելիքյանը, ով նույնիսկ չի կարողանում ընտրություններին իր նորմալ մասնակցությունն ապահովել: Կարծես թե նրա մոտ ամեն ինչն արդեն տեղին էր, մնացել էր միայն ստվերային կառավարություն ձեւավորելը:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս