Ինչ կապ ունի Ախթալայի քաղաքապետի դեմ բողոքող կինը քրեական հեղինակություն Բոդոլի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի դեմ բողոքած տիկինը նույն քաղաքի բնակիչ Աստղիկ Մուրադյանն է, որը քրեական պատմություններով հայտնի Բոդոլի հորեղբոր կինն է: Պարզվում է` Խաչիկյանների եւ Բոդոլի միջեւ տարիներ առաջ ծագած թշնամանքը շարունակվում է:

«Ժողովուրդ»-ը հունվարի 23-ին գրել էր, որ Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի դեմ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի բաժին մի քաղաքացի բողոք է ներկայացրել այն մասին, որ քաղաքապետը մանկապարտեզի շինաշխատանքների ընթացքում յուրացումներ է կատարել: ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար, թոշակների յուրացման մեջ մեղադրվող ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանի եղբայրը` Հայկազ Խաչիկյանը, սակայն, հերքել է իր հասցեին հնչեցված մեղադրանքը:

Ով է քաղաքապետի դեմ բողոքողը

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ քաղաքապետի դեմ բողոքած կինը Ախթալայի բնակիչ Աստղիկ Մուրադյանն է: Իսկ ո՞վ է Աստղիկ Մուրադյանը: Պարզեցինք, որ նա Ախթալայում հայտնի Բոդոլի` Արսեն Չիթչյանի հարազատ հորեղբոր կինն է: Հիշեցնենք, որ տարիներ առաջ Չիչյաններն Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի հետ հայտնվել էին աղմկալի պատմության մեջ:

Բանն այն է, որ 2012 թ. օգոստոսի 30-ին Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի անվտանգության ծառայության պետ, Բոդոլ մականունով հայտնի Արսեն Չիթչյանը եւ Էդգար Հախվերդյանը հարձակվել էին Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի եղբորը` Կարեն Խաչիկյանին պատկանող՝ Ախթալա քաղաքի Սպանդարյան փողոցի 52-րդ շենքի 10-րդ բնակարանի վրա, կոտրել էին մուտքի դուռը` հասցնելով խոշոր չափերի վնաս: Նախաքննությամբ պարզվել էր, որ Կարեն Խաչիկյանը, գալով տուն, իմացել էր կատարվածի մասին եւ հորեղբոր որդու` Վաչագան Խաչիկյանի հետ գնացել էր Աստղիկ Մուրադյանի ամուսնու եղբոր՝ Արսեն Չիթչյանի` Ախթալայի Աբովյան փողոցի 22 շենքի թիվ 2 բնակարան, որտեղ ռետինե մահակով հարվածներ էր հասցրել տան անդամներ Բենիկ, Բավական եւ Նունե Չիթչյաններին եւ վնասել տան գույքը:
Այս ծեծուջարդի պատճառը, ըստ շրջանառվող տեղեկությունների, եղել էր այն, որ Խաչիկյանները սպառնալիքներ էին հնչեցրել, թե եթե 2012 թվականի Ախթալայի ՏԻՄ ընտրություններին Չիթչյաններն ակտիվություն ցուցաբերեն, ապա իրենք կհրապարակեն տեսագրություն, որից հետո Արսեն Չիթչյանը` Բոդոլը, կարող է մեղադրվել նույն բանի համար, ինչի համար 17 տարվա ազատազրկման էր դատապարտվել Ախթալայի կոմբինատի նախկին տնօրեն Սերոբ Տեր-Պողոսյանը: Ասել է թե՝ մանկապղծության մեջ:

Վրեժխնդրություն թե իրականություն

Թվում էր, թե այս միջադեպից հետո Չիթչյանների եւ Խաչիկյանների վեճը պետք է ավարտվեր, սակայն պարզվում է` այս խմորը դեռ շատ ջուր կքաշի: Չիթչյանների հարազատները հիմա էլ Ախթալայի քաղաքապետին մեղադրում են յուրացումների մեջ: Արդյո՞ք Հայկազ Խաչիկյանը յուրացումներ է կատարել, թե Աստղիկ Մուրադյանի բողոքը Խաչիկյանների դեմ տարիներ առաջ տեղի ունեցած միջադեպի շարունակությունն է, այս հարցը, թերեւս, կպարզեն իրավապահները:

«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ փորձեց զրուցել Աստղիկ Մուրադյանի հետ, սակայն նրա որդին՝ Գերասիմ Չիթչյանը, հորդորեց իր մորը հանգիստ թողնել. «Կարող է՝ յուրացում եղել է, մենք բան չգիտենք, մեզ մի՛ անհագստացրեք»,-ասաց նա: Իսկ, ահա, Ախթալայի կոմբինատի անվտանգության նախկին պետ Արսեն Չիչյանը` Բոդոլը, մեզ հետ զրույցում նշեց, թե ինքը տեղյակ չէ յուրացումների եւ, առհասարակ, իր ազգականի բողոքի մասին.«Ես Երեւանում եմ, իրենք՝ Ախթալայում, ինչ իմանամ, թե ինչ է եղել»:

Ի դեպ, վերջերս Բոդոլի հետ եւս մեկ քրեական բնույթի միջադեպ էր տեղի ունեցել. 2014թ. հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը Արաբկիր վարչական շրջանում կրակոցներ էին հնչել, ինչի հետեւանքով Արսեն Չիչյանը` Բոդոլը, տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արսենը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո որոշ շրջանակների հետ զրույցում ասել էր, թե իր դեմ մահափորձ է կատարվել, եւ կրակոցների հեղինակը «Մեթլ Փրինս» ընկերության, Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի սեփականատերերն են: Նշենք, որ այդ կրակոցների գործով դեռեւս որեւ մեկը չի ձերբակալվել, իսկ քննությունը շարունակվում է:

Մանկապարտեզի յուրացումների հետքերով

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ախթալայի մանկապարտեզի տնօրեն Վեներա Կիրակոսյանն ասաց, որ ինքը մի քանի ամիս առաջ է, ինչ նշանակվել է մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար. «Այս ընթացքում մանկապարտեզում որեւէ շինարարական աշխատանք չի իրականացվել, իսկ թե կոնկրետ ինչ յուրացումների մասին է խոսքը կամ ինչ շինարարության, ոչինչ ասել չեմ կարող»,-նշեց նա: Իսկ հարցին, թե ինչ պատճառով է մանկապարտեզի նախկին տնօրենը հեռացել, Վեներա Կիրակոսյանը չցանկացավ պատասխանել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 




Լրահոս