Առաջարկներ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակից, պատմաբան Ռաֆայել Համբարձումյանը Երևանի քաղաքային իշխանություններին ուղղված նոր առաջարկներով է հանդես եկել.

«ա. Համաշխարհային քաղաքական մտքի գագաթներից մէկի՝ աշխարհի առաջին գործող սահմանադրութեան՝ ՈՐՈԳԱՅԹ ՓԱՌԱՑ-ի(1773 թ.) հեղինակ Յակոբ Շահամիրեանի գերեզմանը գտնւում է Մալազիայի Մալաքա քաղաքի անգլիական Քրայսթ Չըրչ եկեղեցու ներսում: Աշխարհի առաջին սահմանադրութիւնը համարւող ԱՄՆ սահմանադրութիւնից 14 տարի առաջ հրապարակուած հայոց սահմանադրութեան հեղինակի, մեր ազգային սրբութիւններից մէկի՝ Յակոբ Շահամիրեանի աճիւնը օտարութեան մէջ թողնելը անհանդուրժելի է: Յակոբ Շահամիրեանի աճիւնը Երեւանի քաղաքապետի տնօրինութեամբ պէտք է հայրենադարձուի ու զետեղուի Պանթէոնում: Իսկ մինչ այդ՝ երեւանի փողոցներից եւ դպրոցներից մէկը անպայման պէտք է կոչուի նրա նաունով, իսկ Սահմանադրական դատարանի դիմաց պէտք դրուի նրա արձանը:

բ. Հայաստանի քրիստոնէացումը սբ Գրիգոր Լուսաւորիչը կատարեց սբ. Տրդատ Մեծի օժանդակութեամբ: Տրդատ Մեծը հայոց պատմութեան ամենահորոսական երեւոյթներից է, որը նաեւ քրիստոնէական եկեղեցու սուրբ յայտարարուած առաջին թագաւորն է քրիստոնէութեան պատմութեան մէջ: Սբ Տրդատի արձանը Երեւանում չունենալը նոյնպէս մեր սերնդի համար անպատուաբեր է:

գ. Հայոց այբուբենը աստուածային տնօրինութեամբ յայտնաբերեց սբ Մեսրոպ Մաշտոցը, բայց այդ հրաշքը իրագործելու մէջ վիթխարի է հայոց Ոսկեդարը ճարտարապետած սբ Սահակ պարթեւ հայրապետի եւ քաղաքակրթութեան պարմութեան ամենաիմացական տիրակալներից մէկի՝ Հայաստանի այն ժամանակուայ թագաւոր Վռամշապուհ արքայի դերակատարութիւնը: Երեւանի մէջ սբ Սահակի եւ Վռամշապուհ արքայի արձանների եւ նրանց անունով փողոցների բացակայութիւնը մեր երկրի համար նոյնքան ամօթ է, որքան սբ Տրդատ Մեծի արձանի բացակայութիւնը: Նախաձեռնիր Տրդատ Մեծի, հայոց Ոսկեդարը հովանաւորած սբ. Սահակի եւ Վռամշապուհ թագաւորի յուշարձանների մրցոյթ՝ յարմար տեղերում կանգնեցնելու համար: Հանրութեան առաջարկով մի ժամանակ Ամիրեան փողոցը անուանափոխուեց Վռամշապուհի անունով, բայց այն ժամանակուայ քաղաքապետ Վանօն փողոցի անունը նորից թողեց նոյնը: Առաջարկիր այդ փողոցը վերակոչուի Վռամշապուհի անունով:

դ. Երրորդ մասում գտնւող հրապարակը ժողովու՛րդը փոխեց իր սուրբ զաւակի՝ Գարեգին Նժդեհի անունով, ինչի մէջ ես լուրջ դերակատարութիւն ունեցա: Այդպիսի բան մեր պատմութիւնը չէր տեսել: Սակայն արդէն աւելի քան քսան տարի Գարեգին Նժդեհի հրապարակում մնում է այն բոլշեւիկի արձանը, որի անունով սովետները կոչել էին հրապարակը: Երեւանի քաղաքապետներից եւ ոչ մէկը չը ձեռնարկեց Գարեգին Նժդեհի հրապարակում կանգնեցնի Մեծն տարօնականի արձանը: Դարձեա՛լ նմանը չունեցող այդ անհեթեթութիւնը դու՛ վերացրու: Կատարիր արձանի մրցոյթ՝ մասնակից դարձնելով ցանկացող բոլոր քանդակագործներին:

ե. Հայոց վերջին երեքհարիւր տարուայ պատմութիւնը չի ունեցել մեր ազգի ու հայրենիքի համար աւելի մեծ գործ արած մէկ այլ օտարերկրեայ բարձրագոյն ղեկավար, քան ԱՄՆ 1913-1921 թթ. նախագահ Վուդրո Ուիլսընն էր: Նա կազմակերպեց եւ1920 թ. նոյեմբերի 22-ին հրապարակեց աշխարհի 14 պետութիւնների ստորագրութեամբ հաստատուած Իրաւարար վճիռ-քարտէզը, որով սուլթանական Թուրքիան պարտաւորւում էր Հայաստանի Հանրապետութեանը վերադարձնել 40 հազար քառ. մղոն(աւելի քան 90 հազար քառ. կմ)տարածք՝ Էրզրումից 40 հազար քառ. կմ, Վանից՝ 20, Տրապիզոնի եւ Բիթլիսի նահանգներից`15 հազարական քառ. կմ (այդ ժամանակ ՀՀ տարածքը մօտ 71ու կէս հազար քառ. կմ էր : Հայաստանի հանրապետութիւնը միջազգային այդ վճիռ-քարտէզով նշուած հողամասերի հետ միասին ունենալու էր մօտ 162 հազար քառ. կմ տարածք): Ազգերի ինքնորոշման իրաւունքի հեղինակ եւ այդ իրաւունքը համաշխարհային քաղաքակրթութիւն բերած Վուդրո Ուիլսընի Իրաւարար վճիռ-քարտէզը հայերիս համար յատկապէս առանձնանում է իբրեւ Հայոց հայրենատիրութեան իրաւական հիմքերը գցած միջազգային եզակի վեւերագիր : Երեւանում նրա անուան փողոց եւ արձան չունենալը եւս մեզ համար անպտուաբեր է: Խորհուրդ կտայի Ուիլսընի արձանի մրցոյթին մասնակցելու հրաւէր ուղարկի՛ր նաեւ ԱՄՆ մայրաքաղաք Ուաշինգթընի քանդակագործներին, որը մեր երկու երկրների մշակութային գործակցութեան էջ պիտի բացէր…

զ.Երեւանում կայ գայի փողոց եւ արձան: Ո՞վ է գայը: Մենք այդպիսի անունով հերոս չունենք : Մեր իմացածը Սարդարապատը համայնակերտած գնդի հրամանատարներից Հայկ Բժշկեանն է, որը բոլշեւիկների բանակում առասպելական երոս էր՝ անհամբեր սպասելով շուտափոյթ հայրենադարձի(բոլշեւիկ ջոջերը Հայկ Բժշկեանին խաբում-ասում էին, որ եթէ մեր կռիւներում մեզ օգնես, խնդրանքդ կը կատարենք, քեզ թոյլ կը տանք զօրամասով գնաս Հայաստան՝ օգնելու թուրքերի դէմ կռւող հայրենակիցներիդ): Քանի որ ռուսները Հ տառը չունեն, նրա անունը կրճատեցին-սարքեցին Գայ, յետոյ մեր տգէտ ու ողորմելի կոմունիստ ղեկավարների ձեռքով պարտադրեցին մեզ՝ մեր ժողովրդին գցեցելով նախադէպը չունեցող խայտառակութեան մէջ: Իրօք, համաշխարհային պատմութիւնը չի յիշում մէկ այլ դէպք, երբ որեւէ բռնապետութիւն իր տիրապետութեան տակ գտնւող ժողովրդին պարտադրէր այդ ժողովրդի հերոսի անուան փոփոխութիւն: Կրկնում եմ, այդպիսի անպատմելի-աննկարագրելի ու անհաւատալի ստորացում միայն մեզ հետ է պատահել… Այսպէս շարունակելը մեծ ամօթ եւ խայտառակութիւն լինելուց զատ, վարկապղծութիւն է նաեւ: Մեր հերոսի անունը Հայկ Բժշկեան է, ուստի փողոցը պէտք է կոչուի Հայկ Բժշկեանի փողոց…

Է. Հայաստանում գրում-մեծարում-հանրայնացնում են միայն մեր ազգի արեւելեա՛ն հատուածի մեծութիւններին: Մեր ժողովրդի արեւմտահայ մեծ գործիչներին նոր սերունդը չի ճանաչում, որովհետեւ նրանց անունները չեն հրապարակւում-տարածւում: Օրինակ, մենք այսօրուայ սերունդին չենք ներկայացնում Մխիթար Սեբաստացուն, Ղեւոնդ Ալիշանին, Մկրտիչ Պեշիկթաշլեանին, Պետրոս Դուրեանին, Միսաք Մեծարենցին, Գրիգսոր Զոհրապին, Դանիել Վարուժանին, Սիամանթոյին, Յակոբ Օշականին եւ բազմաթիւ ուրիշ մեծերի: Սա Հայաստանը իրար մէջ բաժանած-մեր ժողովրդին մասնատած Թուրքիայի եւ Ռուսաստանի քաղաքականութեան շարունակութիւնն է մեր ձեռքով: Տգիտութեան հետեւանք այս յանցագործութեամբ մենք պետականօրէն պառակտում-մասնատում ենք հայոց միասնական մշակոյթը, մոռացութեան ենք տալիս մեր ազգի մեծագոյն զաւակներից շատերին: Նոյնը անում է նաեւ քաղաքապետարանը, որը մեր բազմաթիւ մեծերի լուսանկարները եւ իրենց ասոյթները փակցրել է փողոցներում եւ այլուր, բայց նրանց մէջ չը կան արեւմտահայ մեծերը: Գործի գլուխը դիր տեղեակ-գիտկից-գրագէտ մի պաշտօնեայի, որպէսզի այդ վերին աստիճանի կարեւոր հարցը անպայման ճի՛շտ լուծուի:

Ռաֆայէլ Համբարձումեան»




Լրահոս