6։5՝ այսպիսի հաշվով նոյեմբերի 15-ին պաշտոնյաների և քաղաքական գործիչների ֆուտբոլային թիմը հաղթեց ուսանողներին։
Քաղաքական գործիչների թիմում խաղացին Հովհաննես Հովսեփյանը (ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար), ՎարդանԱրամյանը (ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ), ԱԺ պատգամավորներ Էդուարդ Շարմազանովը, Հովհաննես Սահակյանը, Արծվիկ Մինասյանը, Արմեն Բաբայանը, Կարեն Ավագյանը, Կորյուն Նահապետյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը։
Երիտասարդների թիմում հանդես եկան ուսանողական կառույցների ներկայացուցիչներ։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նկատեց, որ խաղի արդյունքն այնքան էլ էական չէ, քանի որ ընկերական այս հանդիպմամբ նպատակ ունեն խրախուսել առողջ ապրելակերպ։ Նա նշեց նաև, որ այսօր նման ընկերական խաղերն ու շփումներն ուսանողների և պաշտոնյաների միջև շատ հաճախակի են դարձել։ Իր ուսանողության տարիներին ընդամենը մեկ նման հանդիպում է եղել, և իրենք հավասար ուժերով մրցել են պաշտոնյաների հետ։ «Մեր օրինակով կարողանում ենք վարակիչ դարձնել սպորտի նկատմամբ սերը։ Հորդորս է ուսանողներին՝ ավելի շատ մարզվեն, քանի որ նրանք, տարիքային առանձնահատկություններից ելնելով, ավելի ուժեղ պետք է լինեն, քան պաշտոնյաները»,- նշեց Կարեն Ավագյանը։
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաև Պորտուգալիա-Հայաստան երեկվա ֆուտբոլային խաղին՝ հաշիվը համարելով թյուրիմացության արդյունք։ Նա նաև ընդգծեց, որ Հայաստանի հավաքականը բավականին լավ էր հանդես գալիս, և հույս հայտնեց, որ հետագա խաղերում արդյունքը կլինի հօգուտ մեզ։ Իսկ ուսանողների հետ հանդիպման մասին ասաց, որ կարևորը ոգևորությունն է, մրցակցային մթնոլորտը։
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանը խաղը կարևորեց նաև պաշտոնյաներ-երիտասարդներ շփման առումով, քանի որ այսպիսով ավելի անմիջական հարթության մեջ են կարողանում հանդիպել ավագ գործընկերների հետ։
Երևանի պետական բժշկական համալսարանի ներկայացուցիչ Կարեն Ակոպյանը, որ երիտասարդների թիմի դարպասապահն էր, նկատեց, որ պաշտոնյաների հարվածները բավականին ուժեղ են. «Մեծ ազարտ է մրցել ավագ սերնդի հետ, փորձել ապացուցել, որ ոչնչով չենք զիջում նրանց, նրանք էլ փորձում են մեզ ապացուցել՝ դեռ շուտ է իրենցից առաջ անցնել, մի քիչ էլ պարապեք»։
Նշենք, որ ֆուտբոլային հանդիպումը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը՝ Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոների առթիվ։