ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Որքան էլ հայեցի գրելու «քարոզները» ուղղված լինեն կրթության որակն առավել բարձր մակարդակի հասցնելուն՝ միաժամանակ պահպանելով հայատառ գիրն ու գրականությունը, այդուհանդերձ նշված լուսանկարը եւս մեկ անգամ փաստում է, որ ջանքերն ապարդյուն են: Օտարամոլ արտահայտությունները դեռեւս շարունակում են «լցնել» երեւանյան փողոցները ու կարծես թե ավելի նորաձեւ են:

 

 

 
ՀԱՐՑ. Երեւանի քաղաքապետարանի կողմից թափառող շների դեմ սպանդ կազմակերպելու փորձը մեծ աղմուկ առաջացրեց: Կցանկանայի տեղեկանալ, եթե քաղաքապետարանը 220 մլն դրամ է հատկացրել շների դեմ պայքարի համար, ապա հնարավո՞ր չէր ստերիլիզացնել նրանց:

Աիդա Սահակյան (36 տարեկան, կենսաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Նախ՝ Երեւանի քաղաքապետարանը ծրագիր չի մշակել թափառող կենդանիների դեմ սպանդ կազմակերպելու նպատակով, բոլոր գործողություններն ուղղված են քաղաքացիների առողջության, անվտանգության ու նրանց ազատ տեղաշարժի իրավունքի ապահովմանը: Թափառող կենդանիների թվաքանակի նվազեցման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները մեծ աղմուկ չեն առաջացրել Երեւան քաղաքում, այլ աղմուկ են առաջացրել ընդամենը 10-15 կենդանապաշտպանների շրջանում:
Միջազգային հեղինակավոր մասնագետների հետազոտության արդյունքում պարզվել է, որ թափառող կենդանիները փողոցներում վտանգավոր են բնակչության համար: Ապացուցված է, որ այդ կենդանիներից մարդկանց են փոխանցվում մոտ 45 տեսակի հիվանդություններ, որոնցից ամենավտանգավորը կատաղություն հիվանդությունն է՝ գրեթե 100% մահվան ելքով: Շատ երկրներում փողոցային կենդանիների առկայությունն արգելված է օրենքով, եւ դրանք փողոցում լքելու դեպքում կենդանիների տերերը ենթարկվում են վարչական տուգանքների:
«Բռնել, ստերիլիզացնել, բաց թողնել» ծրագիրը կիրառվել է շատ քիչ երկրներում, այն ձախողվել է: Երեւան քաղաքում մեծ քանակությամբ շներ ստերիլիզացնելու համար չի բավարարի ոչ 200 մլն, ոչ էլ 220 մլն դրամ գումարը: Ուստի փողոցային կենդանիների մասսայական ստերիլիզացում չի կիրառվում: Այս կենդանիների խնդիրը լուծելու նպատակով զարգացած երկրները բռնված կենդանիներին տեղավորում են կացարաններում եւ պահանջարկ լինելու դեպքում տրվում են բնակիչներին: Մնացած կենդանիները ներարկման միջոցով քնեցվում են, որի համար ոչ մեկը դա չի համարում սպանդ:

Երեւանի քաղաքապետարան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանում ներկայացված հիմնավորումները գուցե թե միանգամայն ճշմարտացի են, սակայն այս դեպքում լուրջ խնդիր է առաջանում մարդ արարածին բնորոշ բարեգթության սկզբունքի հետ: Էլ չասած, որ եթե հանկարծ Աժ-ն ընդուներ գյուղնախարար Սերգո Կարապետյանի` վերջերս ներկայացրած օրինագիծը, որով արգելվում էր կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, նույնիսկ` նրանց վրա բղավելն ու սթրեսի մեջ գցող այլ գործողությունները, ապա թափառող շներին պարզապես գնդակահարող Երեւանի քաղաքապետարանը հաստատ լուրջ խնդիր կունենար:

 

 

 

ՀԱՐՑ. Շուտով անցնելու եմ թոշակի, ունեմ մոտ 20 տարվա աշխատանքային ստաժ: 1972թ-ից մինչեւ 1980 թ. աշխատել եմ Կենտկոմի հրատարակչության տպարանում:1981թ-ից աշխատել եմ Հայկոպ Ռեկլամում մինչեւ 1995թ: 1995թ. Հայկոպ Ռեկլամը լուծարվել է: Որոշ ուշացումով գնացել եմ աշխատանքային գրքույկը վերցնելու, սակայն այն չի եղել: Տեղեկացանք, որ շենքը վերանորոգելու ժամանակ բանվորները ձմռանը վառել եւ սուրճ են խմել, արդյունքում՝ ոչ մի աշխատանքային գրքույկ արխիվ չի հանձնվել: Հետաքրքրվել ենք՝ արխիվում ոչ մի փաստաթուղթ չկա հանձնած: Ուզում եմ իմանալ՝ ինչպե՞ս կարելի է վերականգնել աշխատանքային ստաժը, եւ ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեմ սոցապ բաժին:

Նուշիկ Դաշտոյան (63 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մինչեւ 2013 թ. հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է կամ ՀՀ Կառավարության սահմանած այլ փաստաթուղթ, 1992 թ. հունվարից մինչեւ 2013 թ. հունվարի 1-ը` նաեւ սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` աշխատանքային գրքույկի կամ դրանում համապատասխան գրառումների կամ ստաժը հաստատող` ՀՀ Կառավարության սահմանած այլ փաստաթղթերի բացակայության դեպքում աշխատանքային ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ դրա բացակայության դեպքում` դատական կարգով:
շարունակելի

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հարյուրավոր աշխատողների աշխատանքային գրքույկներ, հատկապես խորհրդային համակարգի փլուզումից հետո, ոչնչացել կամ անհետացել են: Անփութության եւ անբարեխիղճ վերաբերմունքի պատճառով երկար տարիների աշխատանքի դիմաց քաղաքացին պետք է ստանա չնչին կենսաթոշակ:




Լրահոս