ՀՐԱԶԴԱՆՈՒՄ ԵՂԱԾ ԳՄՓՈՑ ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանի մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության մասին արդեն մի քանի օր է, ինչ մամուլը գրում է: «Ժողովուրդ»-ը հանգստյան օրերին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում փորձեց պարզել, թե ինչ է եղել իրականում:

Նախ հիշեցնենք, որ ըստ news.am-ի՝ մարտի 9-ին երեկոյան Հրազդանի «Վեվ» սուպերմարկետի մոտ վիճաբանություն է եղել, որի շարունակությանը միջամտել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանը: Վիճաբանող կողմերից մեկը եղել է պատգամավորի ընկերը, ով հաշիվներ պարզելու համար երկրորդ անգամ նույն տեղը գնացել է Դավիթ Քոչարյանի հետ: Վերջինս էլ իր մոտ եղած ատրճանակի բռնակով հարվածել է վիճաբանողներից մեկի գլխին, պատճառել մարմնական վնասվածք, այնուհետեւ մեկ անգամ էլ կրակել է գետնին:
ՀՀ ոստիկանությունից էլ հայտնեցին, որ Հրազդան քաղաքի խանութներից մեկում պատգամավոր Դ. Քոչարյանի մասնակցությամբ տեղի ունեցած խուլիգանական դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (Խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով):

Երկու վեճ

«Ժողովուրդ»-ը սկզբում եղավ «Վեվ» սուպերմարկետի մոտ, սակայն որեւէ աշխատակցի հետ չկարողացանք զրուցել, քանի որ ոստիկանությունում ցուցմունքներ էին տալիս կատարվածի մասին: Քաղաքում հանդիպեցինք վիճաբանող կողմերի տարբեր հարազատների, որոնց հայտնած տեղեկությունները համադրելով պարզեցինք, որ մարտի 9-ի վիճաբանությունը երկու փուլ է ունեցել:
Նախ՝ «Պույ-Պույ» սուպերմարկետի դիմաց դրա սեփականատեր Արտակ Հակոբյանը (Պույ-Պույ մականունով) իր ծանոթներից մեկի՝ Սամվել Խուդաբախշյանի որդու` Վահրամի հետ չստացված զրույց է ունեցել: Մեքենան սխալ կայանելու պատճառով առաջացած անհասկացվածությունը վերածվել է վիճաբանության: Այդ ժամանակ Արտակ Հակոբյանը բռնել է Վահրամի արմունկից, թափ տվել՝ հորդորելով զգաստանալ եւ «տեղը բերել», թե ում հետ է խոսում: Այդ ժամանակ իր մի խումբ ընկերների հետ ԱԺ պատգամավոր Դավիթ Քոչարյանը իջել է իր ավտոմեքենայից` բղավելով, թե «վերջացրեք»: Կողմերը դադարեցրել են գոռոցները:

Գմփոց է լսվել

Ավելի ուշ Պույ-պույ Արտակը գնացել է «Վեվ» սուպերմարկետի սեփականատեր Սամվել Խուդաբախշյանի մոտ՝ հավանաբար տղայի պահվածքի մասին զրուցելու կամ կռիվը շարունակելու համար: Խանութում նրան դիմավորել է Սամվելի կինը, ում հետ Ա. Հակոբյանն ինչ-որ բան է զրուցել: Հանկարծ խանութի ներսից գոռգոռալով դուրս է եկել Սամվել Խուդաբախշյանի որդին՝ Վաղոն: Դարձյալ սկսվել է վճաբանություն: Բայց այս անգամ առավել թեժ: Այն աստիճան, որ սուպերմարկետի մուտքի աստիճանների բազրիքը կոտրվել է եւ կողմերը թրմփոցով ցած են ընկել: Այդ պահին դեպքի վայրում կրկին հայտնվել է Դավիթ Քոչարյանը: Մեզ չհաջողվեց պարզել նրան կանչե՞լ են, թե՞ ինքն է պատահաբար անցել այդ հատվածով: Բայց դարձյալ նա վիճաբանությունը հարթեցրել է, ապա առանձին-առանձին զրուցել ե՛ւ Արտակի, ե՛ւ Սամվելի հետ:
Ըստ հրազդանցիներից շատերի՝ սա է եղել ողջ պատմությունը՝ առանց կրակոցների, վիրավորների եւ զոհերի: Երբ հետաքրքրվեցինք, թե երբ եք կրակոց լսել, մի տղամարդ ասաց. «Գմփոց լսանք, հա, բայց չեմ կարա ասեմ՝ էդ ինչ գմփոց էր»,- ասաց քաղաքացին:

Կրակոցի պատմությունը

Այսպիսով, մարտի 9-ին տեղի ունեցած վիճաբանության մասին Հրազդանի ոստիկանությունը, որ դեպքի վայրից ընդամենը 1 կմ հեռավորության վրա է գտնվում, 5 օր անց է տեղեկացել այդ մասին: Եվ մարտի 14-ի առավոտյան հերթով սկսել են բերման ենթարկել կողմերին՝ ոստիկանությունում պահելով մինչեւ հաջորդ առավոտ: Ապա կրկին կեսօրին տարել են:
ՀՀ ոստիկանության մեր աղբյուրներից պարզեցինք, որ Դավիթ Քոչարյանի` զենքի պոչով արված հարվածից տուժողի անունը Գարիկ է, ով պատգամավորի հեռավոր բարեկամն է: Նա չունի ո՛չ դատաբժշկից, ո՛չ էլ որեւէ հիվանդանոցից տրված տեղեկանք՝ մարմնական որեւէ վնասվածքի մասին: Երբ զրուցեցինք Գարիկի հարազատներից մեկի հետ, ահա թե ինչ պատմեց. «Չենք իմանում՝ ճիշտ, սուտ։ Ասում են՝ պետն անձամբ ա Գարիկին չափալախել, հայհոյել, թե՝ արա վախենում ե՞ս գրես, որ Դավիթը քեզ խփել ա»:
Պարզվում է՝ միակ հիմքը, որ ոստիկաններն ունեն կրակոցի մասով, Վահրամ Խուդաբախշյանի տված ցուցմունքն է այն մասին, թե ինքը տեսել է, որ պատգամավորը հարվածել է զենքի պոչով ու կրակել գետնին: Սակայն չարաբաստիկ պարկուճները չեն հայտնաբերվել:

Հարազատների պատմածը

Զրուցեցինք ոստիկանություն «տարած- հետ բերած» մյուսների հարազատների հետ, որոնց անունները դարձյալ, հասկանալի պատճառներով, չենք ներկայացնում: Ըստ նրանց պատմածի՝ ոստիկանության Հրազդանի բաժնում, բոլորի աչքից հեռու, շարունակում է իր «սապոգային» գործունեությունը ծավալել Սերգո Մարկոսյանը, ում լրագրողները որպես «բաժնում հաստիքով մարդ ծեծող» բացահայտեցին դեռեւս 2008-ին: Այդ օրերին «քրեականի պետ» Սերգոն հենց ոստիկանությունում դաժան ծեծի էր ենթարկում ընդդիմության ակտիվիստներին եւ որպես փոխհատուցում կարճ ժամանակ անց նշանակվեց Հրադզանի ոստիկանության պետի օպերատիվ գծով տեղակալ: Հիմա նա ունի արժանի փոխարինող՝ քրեականի պետի պաշտոնում՝ Վաղարշակ Ավետիսյանը, ով 90-ականներին ռուս աղջկա գլխին կրակելու համար դատապարտված է եղել: Նրանք երկուսով օգնել են միմյանց, որպեսզի Վահրամը ցուցմունք գրի Դավիթ Քոչարյանի դեմ:

Պատգամավորը՝ ոստիկանությունում

Երբ ոստիկանությունում առկա իրավիճակի մասին Հրազդանի բնակիչները դժգոհել են պատգամավորին, վերջինս անմիջապես գնացել է ոստիկանապետ Արմեն Գասպարյանի մոտ: «Ժողովուրդ»-ը ոստիկանապետի եւ պատգամավորի զրույցի մասին մանրամասներ չկարողացավ պարզել, միայն իմացանք, որ նրանց միջեւ զրույցը չի ստացվել: Քոչարյանը ոստիկանապետին ասել է՝ «շառ ես անո՞ւմ», ինչն անասելի վիրավորել է նրան եւ հիմք դարձել՝ պատգամավորի հարցերը «գեղական կարգով» լուծելու համար:

Մի կաթիլ մեղր

Այսպիսով, Հրազդանի ոստիկանապետն անմիջապես զեկուցել է իր վերադասներին, թե պատգամավորը կրակել է, ապա ձեռնամուխ եղել քրեական գործի հարուցմանը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ երբ այս գործի մասին Կոտայքի մարզի դատախազ Վազգեն Ռշտունուն զեկուցվել է, վերջինս ասել է, թե հիմքերը թույլ են, ապացույցները՝ վիճելի: Բանն այն է, որ զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության համար հարուցված քրեական գործում չկան ապացույցներ զենքի, կրակված պարկուճների առկայության մասին, չկա տեսանյութ կամ լուսանկար, չկա բողոքող եւ, վերջապես, գոնե մեկ վկա: Միայն հայտնի է, որ խանութի աշխատակիցներն ասել են, թե գմփոց են լսել: Իսկ Վահրամն էլ ցանկացել է փոխել իր ցուցմունքը կրակոցների մասով՝ ասելով, թե այն գրել է ընտանիքի անդամների եւ իր հասցեին հնչած սպառնալիքների ազդեցության տակ, սակայն դեռ չի կարողացել փոխել:
«Ժողովուրդ»-ը փորձեց պարզաբանումներ ստանալ նաեւ «գլխավոր հերոս» Դավիթ Քոչարյանից, սակայն նրա հեռախոսն անջատված էր, Հրազդանում էլ «չհայտնաբերեցինք»: Թերեւս այլ ակնկալիք չունեինք էլ, քանի որ մոտ երկու տարի պատգամավոր աշխատող Քոչարյանը ԱԺ-ում բերանից անգամ գոլորշի չի հանել, ուր մնաց կապակցված միտք հայտներ եւ պատասխաներ իր կերպարին առնչվող հարցերի:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

ԼՈՒՐԵՐ

ԿՐԱԿՈՑՆԵՐ ԾՈՎԱԿՈՒՄ
Մարտի 21-ին Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում կրակոցներ են հնչել: Armlur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Ծովակի անտառապետ Մխիթար Հարությունյանը վիճաբանել է Ծովակ համայնքի ղեկավարի հորեղբորորդու հետ: Պատճառը, Armlur.am-ի տեղեկություններով, եղել է այն, որ գյուղապետի ազգականը սեփական տրակտոր ունի եւ գյուղում ծառայություններ է մատուցում դրանով. ավազի հանքից ավազ է հանում, խոտ ու գյուղմթերք տեղափոխում: Քանի որ ավազի հանքը գտնվում է անտառապետ Մխիթար Հարությունյանի տնօրինության տակ եւ ինքն էլ իր տրակտորներն ունի, ուստի՝ փորձել է իր հեռավոր բարեկամին ճնշել, որպեսզի միայն իր տրակտորները գյուղում ծառայություն մատուցեն: Մ. Հարությունյանի քայլերին դիմադրելու համար, գյուղապետի ազգականը տրակտորի «կովշով» հարվածել է Հարությունյանի եղբորը: Վերջինս էլ բարկացել ու AK 47 տեսակի զենքով կրակել է տրակտորի վրա: Գյուղապետ Գարիկ Հակոբյանի ազգականը փախել է: Բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան: Հավելենք, որ Մխիթար Հարությունյանն էլ իր հերթին Ծովակ համայնքի ղեկավարի հորեղբորորդին է: Ասել է թե՝ մի տրակտորի համար բարեկամներով իրար դեմ են դուրս եկել: Կատարվածի առնչությամբ armlur.am-ը փորձեց պարզաբանումներ ստանալ Ծովակ համայնքի ղեկավար Գարիկ Հակոբյանից: Նա հայտնեց, որ գյուղում բոլորն իր ազգականներն են, եւ դեռ չգիտի՝ իր որ բարեկամների մասին է խոսքը: «Ինձ բաժնում դեռ ոչ մի բան չեն ասում: Էս գյուղում ախր բոլորն իմ ազգականներն են: Ես դեռ չգիտեմ` ով ում բարեկամն ա, ինչ հարց ու հաշիվ ա էղել: Դեռ նորից պիտի գնամ բաժին, որ ճշտեմ: Էնտեղ իրոք կրակոցներ հնչել են, բայց թե ով ում, դեռ չգիտեմ»,-պարզաբանեց Գ. Հակոբյանը: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին armlur.am-ի տեղեկությունը՝ հավելելով, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34, 104 եւ 235 հոդվածների հատկանիշներով: Անտառապետ Հարությունյանը ձերբակալված է:

 

12 ՏԱՐԻ ՏՎԵՑԻՆ
Առաջին ատյանի դատարանը «Հարսնաքար»-ի գործով մեղադրյալներից յուրաքանչյուրին երեկ դատապարտել է 12 տարվա ազատազրկման եւ 100 000-ական դրամ տուգանքի։ Դատավորը վճիռը ընթերցել է ամբաստանյալների հարազատների բղավոցների եւ անեծքների տարափի ներքո: Իսկ ամբաստանյալներ Գարիկ Մարգարյանը եւ Նորայր Հայրապետյանն անգամ փորձել են հարձակվել Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբան Տիգրան Եգորյանի վրա, սակայն ոստիկանները թույլ չեն տվել:

 

ԶԻՆՎՈՐ Է ԶՈՀՎԵԼ
Երեկ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1992թ. ծնված Գառնիկ Վահանի Թորոսյանը: ՀՀ եւ ԼՂՀ ՊՆ-ները իրենց ցավակցությունն են հայտնել զոհված զինվորի ընտանիքին:




Լրահոս