ԻՍՐԱՅԵԼ ԿՄԵԿՆԻ 4 ՄԱՐԶՈՒՀԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծանրամարտի կանանց Հայաստանի այս տարվա առաջնության վեց հաղթողներից չորսը նախապատրաստվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը, որը տեղի է ունենալու ապրիլի 5-ից 16-ը՝ Իսրայելում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը, մասնավորապես, ասաց, որ այս պահին հավաքականը ուսումնամարզական հավաքներ է անցկացնում Աբովյանում։ Իսկ ապրիլի 3-ին Իսրայելի մայրաքաղաք՝ Թել Ավիվ կմեկնի չորս մարզուհի՝ Էլեն Գրիգորյանը, Աննա Գովելյանը, Մելինե Դալուզյանը եւ Հռիփսիմե Խուրշուդյանը։

Մեր զրուցակիցը Եվրոպայի առաջնությունը համարում է, այսպես ասած, անցողիկ. «Այս մրցաշարը պարզապես հայ մարզուհիներին հարթակը, մրցակցային մթնոլորտը զգալու հնարավորություն կտա, քանի որ նրանք երկար ժամանակ մրցումների չեն մասնակցել։ Օրինակ՝ Մելինե Դալուզյանը վիրահատության էր ենթարկվել, բոլորը գիտեն, որ Հռիփսիմե Խուրշուդյանը ամուսնացել, երեխա է ունեցել եւ նոր է սկսել մարզումները։ Մյուս երկուսը՝ Աննան եւ Էլենը, գրեթե չորս տարի հարթակ դուրս չեն եկել»։ Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականի անդամների արդյունքներին, գլխավոր մարզիչը դրանք համարում է ցածր, բայց հաստատուն. «Ի՞նչ արդյունքներ կարելի է սպասել ընդամենը երկու-երեք ամիս պարապած մարզուհիներից»։
Այն ժամանակ, երբ Հռիփսիմե Խուրշուդյանը հանդես էր գալիս 75 կգ քաշային կարգում, ավելի բարձր հորիզոնականներ էր զբաղեցնում, արդյոք հնարավոր չէ՞, որ նա վերադառնա իր նախկին քաշային կարգ։Մեր այս հարցին գլխավոր մարզիչը պատասխանեց.«Ոչ, ոչ։ Հռիփսիմեն արդեն 87 կիլոգրամ է կշռում, եւ դա հնարավոր չէ։ Նա հիմա նույնիսկ քաշ ավելացնելու խնդիր ունի»։ Մեր զրուցակիցը չգիտի, թե ովքեր են հայ մարզուհիների մրցակիցները. «Կհասնենք տեղ եւ նոր միայն կիմանանք»։ Նման վերաբերմունքը Եվրոպայի առաջնության նկատմամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ այն օլիմպիական վարկանիշային չէ, իսկ հայ մարզուհիներն էլ, ինչպես նշվեց, դեռեւս լավ մարզավիճակում չեն։ Իսկ ահա աշնանը կայանալիք աշխարհի առաջնությունը լինելու է վարկանիշային, եւ Հայաստանի կանանց հավաքականի ծանրորդները մինչ այդ փորձելու են լավ մարզավիճակ ձեռքբերել ու վաստակել, որքան հնարավոր է, շատ միավորներ:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ

 

 

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Հայաստանի բազմաթիվ հեռուստաընկերությունների եթերում ցուցադրվեց ՀՀ ոստիկանության պատրաստած ռեպորտաժն այն մասին, թե ինչպես ոստիկանության երկարատեւ, հետեւողական աշխատանքի շնորհիվ բացահայտվեց Ռաֆիկ Մադոյանի սպանությունը նախապատրաստած հանցախումբը: «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն` տեղեկանալու Գավառի բնակիչ Ռաֆիկ Մադոյանի սպանության նախապատրաստման մեջ մեղադրվողների խափանման միջոցի փոփոխության, հարուցված քրեական գործի ընթացքի մասին: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնեցին հետեւյալը. «2013 թվականի մայիսի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում մայիսի 12-ին Վարուժան Քարիմյանին, Սարգիս Զազյանին, Դավիթ Զիրոյանին, Արմեն Պետրոսյանին, իսկ մայիսի 14-ին` Մարտին Ծերունյանին, մայիսի 17-ին` Գեւորգ Պետրոսյանին, մեղադրանքներ են առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով, որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: 2013 թվականի մայիսի 16-ին որոշում է կայացվել Հովհաննես Ղամարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, հայտարարվել է հետախուզում, եւ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Նախաքննության ընթացքում Վարուժան Քարիմյանի, Սարգիս Զազյանի, Դավիթ Զիրոյանի, Արմեն Պետրոսյանի, Մարտին Ծերունյանի, Գեւորգ Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցները փոփոխվել են, եւ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին, իսկ Հովհաննես Ղամարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել է, սակայն նա գտնվում է հետախուզման մեջ: Նախաքննությունը շարունակվում է»: Այսպիսով` ծանր հանցագործության մեջ մեղադրվող անձանց խափանման միջոցը կալանավորումից ավելի քան 6 ամիս անց փոխվել է, եւ նրանք ազատ են արձակվել: Առաջիկայում կտեսնենք՝ ոստիկանությունն ընդհանրապես կհրաժարվի՞ վերոհիշյալ անձանց ներկայացված մեղադրանքը պաշտպանելուց, թե՞ այնուամենայնիվ առաջադրված լուրջ մեղադրանքով քրեական գործը դատարան կուղարկվի:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 




Լրահոս