ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԵՐԵԽԱՅԻ
Հոլիվուդյան հայտնի դերասան Էշթոն Քաթչերն ու նրա ընկերուհին` Միլա Կունիսը, պատրաստվում են ծնող դառնալ: Դերասանուհու հղիության մասին լուրերը սկսել են շրջանառվել, երբ Կունիսին նկատել են ապագա մայրիկների համար նախատեսված յոգայի պարապմունքներին հաճախելիս: Նախքան այս, պապարացիներին հաջողվել էր պարզել, որ Կունիսն ու Քաթչերը նշանադրվել են՝ լուսանկարելով դերասանուհու ձախ մատնեմատը զարդարող ադամանդե մատանին: Հիշեցնենք, որ զույգը հանդիպում է 2 տարի եւ այժմ պատրաստվում է ամուսնության:

 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ-ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
Երեկ Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի ցուցասրահում բացվեց ցուցահանդես-վաճառք, որից ստացված ողջ հասույթը կփոխանցվի դերասան Կարեն Մկրտչյանի բուժման համար:
Ակադեմիայի ուսանողական խորհրդի նախագահ Էդուարդ Ավետիսյանը փոխանցեց, որ արդեն հինգ նկար վաճառվել է: Ըստ նրա՝ ամենաթանկ աշխատանքն արժե 150.000 հազար դրամ, եւ բոլոր նկարներն իրենց իրական գներից ավելի ցածր են վաճառքի դրված, իսկ ամենաթանկ վաճառված կտավն արժեցել է 100.000 դրամ: Ցուցահանդեսը շարունակվելու է մինչեւ մարտի 27-ը:

 

ՄԱՀԱՑԵԼ Է ՋԵՅՄՍ ՌԵԲՀՈՐՆԸ
Ամերիկացի հայտնի դերասան Ջեյմս Ռեբհորնը 65 տարեկանում հեռացել է կյանքից: Դերասանը մաշկի քաղցկեղ ուներ, որը նրա մոտ ախտորոշել էին 1992 թվականին: Նշենք, որ իր կարիերայի ընթացքում Ջեյմս Ռեբհորնը նկարահանվել է ավելի քան 100 ֆիլմերում. օրինակ՝ «Կնոջ բույրը», «Իմ զարմիկ Վիննին», «Կարլիտոյի ճանապարհը», «Անկախության օր», «Խաղ», «Ծանոթություն ծնողների հետ» եւ այլն: Նրա մասնակցությամբ «Օտարը յուրայինների մեջ» սերիալն արժանացել է մի քանի «Էմմի» եւ «Ոսկե գլոբուս» մրցանակների:

 




Լրահոս