ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում

Վարդենիսում ահա ինչպես են էտվել ծառերը: Կանաչ զանգվածներն այնպես են կտրվել, որ միս կտրելու կոճղեր են հիշեցնում: Սակայն Վարդենիսի քաղաքապետը բավականին գոհ է այս աշխատանքից: «Այդպես ենք անում, որ ծառն ավելի երիտասարդանա: Ձեզ ասեմ, որ սաղարթն այնպես է աճում, որ զոնտիկի տիպի է լինում, որ մարդիկ տեսնում, հաճելի տպավորություն են ստանում»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը:

 

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե անշարժ պետական գույքն անհատույց օգտագործման իրավունքով ում կարող է տրամադրվել: Եվ կցանկանայի իմանալ, արդյոք կարող է անհատույց օգտագործման տրամադրված տարածքն օգտագործողը տրամադրել վարձակալության:

Ալիկ Մխիթարյան (55 տարեկան, ինժեներ)

ՊԱՏԱԽՍԱՆ. Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ պետական անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով կարող է տրամադրվել`
1) համայնքներին
2) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց
3) հասարակական կազմակերպություններին եւ հիմնադրամներին
4) միջազգային կազմակերպություններին
5) ֆիզիկական անձանց
6) անհրաժեշտության դեպքում՝ նաեւ այլ կազմակերպությունների:
Հայտնում ենք, որ անհատույց օգտագործման տրամադրված տարածքը կամ դրա մասն օգտագործողի կողմից որեւէ գույքային իրավունքով չի կարող տրամադրվել այլ անձի:

ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Լավ է, որ գործում է նման օրենք, որի համաձայն` անհատույց օգտագործման տրված տարածքը չի թույլատրվում հանձնել վարձակալության կամ մեկ այլ անձի: Հակառակ դեպքում գույքային ապօրինությունների ու խարդախությունների թիվը մեր երկրում օր օրի կավելանար:

 

 

 
ՀԱՐՑ. Ասացեք խնդրեմ, եթե աշխատողը 4 ամիս շարունակ տարբեր հիվանդությունների պատճառով գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ եւ այդ ընթացքում գործատուին ներկայացնում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկներ, ապա այդ ընթացքում գործատուն պե՞տք է աշխատողին անաշխատունակության նպաստ վճարի, թե ոչ:

Տաթեւ Միրզոյան (39 տարեկան, օպերատոր)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն.
«1. Վարձու աշխատողին հիվանդության նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած 2-րդ աշխատանքային օրվանից մինչեւ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամության խմբի սահմանումը կամ հաշմանդամության խմբի վերանայումը:
2. Տեւական հիվանդության դեպքում վարձու աշխատողները բժշկասոցիալական փորձաքննության են ուղեգրվում անաշխատունակությունը սկսելու օրից 3 ամսից ոչ ուշ: Եթե բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշման համաձայն վարձու աշխատողը հաշմանդամ չի ճանաչվում, բայց շարունակում է դեռեւս մնալ անաշխատունակ, ապա հիվանդության նպաստ ստանալու նրա իրավունքը կարող է շարունակվել, բայց ոչ ավելի, քան մինչեւ 3 ամիս ժամկետով կամ մինչեւ օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատվելը»:
Տվյալ հոդվածում խոսքը վերաբերում է աշխատողի մեկ տեսակի հիվանդության տեւական շարունակվելու դեպքին: Եթե աշխատողն ամիսներ շարունակ գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ, բայց տարբեր պատճառներով, ապա վերոնշյալ օրենքը որեւէ սահմանափակում չի նախատեսում անաշխատունակության նպաստը վճարելու ժամկետների հետ կապված:

«Իրավունքի Իրազեկում»

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանը ներկայացված է հնարավորինս հստակ, մնում է յուրաքանչյուր աշխատող տեղյակ լինի իր աշխատանքային եւ արձակուրդային իրավունքներից:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ունեմ խանութ, որտեղ միաժամանակ իրականացնում եմ ե՛ւ տեխնիկական սպասարկում (արտոնագրային վճարով հարկվող), ե՛ւ ավտոպահեստամասերի վաճառք (շրջանառության հարկով հարկվող): Ուզում եմ իմանալ, կարո՞ղ եմ երկուսի համար կիրառել 1 ՀԴՄ, թե առանձին-առանձին է անհրաժեշտ գործածել:

Հարութ Կարապետյան (39 տարեկան, տնօրեն)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Կարապետյանի հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է ղեկավարվել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանական գործունեություն իրականացնողների (այսուհետ` անհատ ձեռնարկատեր) եւ կազմակերպությունների կողմից առեւտրի օբյեկտների, առեւտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով իրականացվող դրամական հաշվարկների բոլոր դեպքերում (ներառյալ` կանխավճարները) հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի: Ընդ որում, միաժամանակ արտոնագրային եւ շրջանառության հարկերով հարկվող գործունեության դեպքերում օրենքով առանձին ՀԴՄ-ներ կիրառելու պարտադիր դրույթ սահմանված չէ:

ՀՀ հարկային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Չնայած այն հանգամանքին, որ ՀԴՄ-ների կիրառումը հասարակության լայն շերտերում մեծ աղմուկ բարձրացրեց եւ դժգոհությունների տեղիք տվեց, բայցեւայնպես ունենք այն, ինչ ունենք:




Լրահոս