ՍԱՐԴՆ ՈՒ ՑՈՒԼԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է՝ ԼՔԵՆ «ՄՈՍԿՎԱ» ԿԻՆՈԹԱՏՐՈՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերեւս ոչ մի երեւանցու չի հաջողվել անտարբեր անցնել «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց իրենց տեղը գտած սարդի ու ցլի երկաթե քանդակների կողքով: Դրանց հեղինակ նկարիչ-քանդակագործ Արա Ալեքյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ հնարավոր է՝ քանդակները լքեն մեր քաղաքը, քանի որ արտերկրից կան մարդիկ, որոնք հետաքրքրված են դրանցով եւ ուզում են գնել:

-Ձեր քանդակներն առանց պատվանդանի դրված են քաղաքի տարբեր հատվածներում, մարդիկ երկաթե շնչավորների հետ շփվելու, էներգիա ստանալու հնարավորություն ունեն, այնինչ՝ մեր քաղաքի մի շարք արձանների դեպքում այդ հնարավորությունը չկա…
-Այո՛, այդպես էլ կա: Օրինակ՝ Կասկադում ամեն քանդակի մոտ մի միլիցիոներ կա, կարծես այդ մարդիկ պետք է գնան, ասենք, բրոնզից արձանը կուլ տան… Իսկ, ահա, ես հակառակն եմ մտածում. քանդակը հենց այն բանի համար է, որ մարդիկ շփվեն հետը, վերջին հաշվով, դրանք հենց մարդու համար են ստեղծվում:
-Այնպես է ստացվել, որ Ձեր աշխատանքների միայն 10 տոկոսն է Ձեզ մոտ, մնացածն արտերկրում է. դրանք դրսում ավելի՞ են գնահատվում:
-Երեւի (ծիծաղում է): Վերջերս, օրինակ, Թուրքիայում մի ցուցահանդես եղավ, ներկայացրածս վեց գործերից երեքը գնեցին… Իհարկե, հայրենիքում էլ են գնում աշխատանքներս, բայց, երեւի, գնորդների մեծ մասը դրսից են:
-Իսկ ինչպե՞ս է պատահել, որ, ասենք, Չելյաբինսկի, Բլագովեշենսկի քաղաքապետներն անձամբ հանդիպել են Ձեզ, իսկ Երեւանինը՝ ոչ:
-(Ծիծաղում է): Ճիշտն ասած՝ իրենք են ինձ զանգահարում: Օրինակ՝ Չելյաբինսկի քաղաքապետին անձամբ հանդիպեցի օդանավակայանում. այնքան էին հետաքրքրված իմ աշխատանքներով, որ հենց այնտեղ էլ գտան ինձ: Նույնն էլ՝ Բլագովեշենսկինը. փնտրել էին ինձ ու գտել էին:
-Պարո՛ն Ալեքյան, որքանով հիշում եմ՝ դիմել էիք քաղաքապետարանին՝ «Մոսկվա» կինոթատրոնի դիմացի քանդակներից մեկի՝ սարդի վրա երեք կողմից լուսավորություն անցկացնելու խնդրանքով: Ի վերջո, ինչ-որ բան արվե՞ց:
-Ես ինքս չեմ դիմել, չեմ սիրում դռներ ծեծել, մեկի միջոցով փոխանցել էի ասելիքս: Փորձեցին լուսավորել քանդակը, բայց ինձ էլի դուր չի գալիս արդյունքը: Եթե երեկոյան ուշադրություն դարձնեք, կզգաք, որ քանդակն էլի լույսի կարիք ունի: Ի դեպ, հնարավոր է, օրերից մի օր այդ քանդակները «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց էլ չլինեն…
-Այսինքն՝ հնարավոր է՝ սարդն ու ցուլը լքե՞ն մեր քաղաքը:
-Հա, բա ոնց:
-Ինչո՞ւ:
-Որովհետեւ կան մարդիկ, որոնք շահագրգռված են, հետաքրքրված են դրանցով, ուզում են գնել… Կարող է՝ արտերկրի հետ համաձայնության գամ, ի՞նչ իմանաս…
-Բայց այդ դեպքում «Մոսկվա» կինոթատրոնի դիմացի տարածքը կդատարկվի…
-Աստված տա՝ առողջություն ունենամ, «Կինոմոսկվայի» համար նոր գործեր կանեմ…
-Մեր մշակույթի նախարարությունից երբեւէ աջակցություն ստացե՞լ եք:
-Ո՛չ, ո՛չ, չեմ էլ ձգտում նման բանի. հույսս դնում եմ իմ ուժերի վրա: Առհասարակ, աշխատում եմ հեռու մնալ բյուրոկրատական ապարատներից:
-Ինչպե՞ս է ստացվել, որ Հայաստանի վաստակավոր նկարիչը ոչ մի տեղ չի դասավանդում:
-(Ծիծաղում է): Չգիտեմ, դե, դասավանդողներն արդեն դասավանդում են… Ես նման ձգտումներ չեմ ունեցել, սակայն, եթե որեւէ տեղից հրավիրեն, սիրով կհամաձայնեմ:
-Քչերը գիտեն, որ նաեւ Երկրապահ կամավորականների միության անդամ եք, ժամանակին զենք եք վերցրել ու մասնակցել Երասխի մարտերին: Կռված հայի սիրտը պետք է որ ավելի շատ ցավի հայրենիքի հանդեպ թույլ տրվող սխալների համար. այսօրվա մեր իրականությունում ո՞ր խնդիրներն են, որ շատ են Ձեզ անհանգստացնում:
-Արտաքին թշնամու դեմ կռվելն ամենահեշտ բանն է. դու գիտես, թե ով է թշնամիդ, իսկ երբ ամեն բան արվում է ներսից, դա ահավոր է, չգիտես՝ ում դեմ կռվես… Ամեն գիտակից հայ տիրող իրավիճակը տեսնելով՝ սարսափում է այն մտքից, որ ազգ է կորցնում. ես այդպես եմ զգում: Կարծես խաղաղ պայմաններում սպիտակ եղեռն են անում, ազգը ոչնչացնում են… Մենք ինքներս ենք ստեղծել այս պայմանները, կարծես ազգի գլխին յաթաղան ենք կախել…
-Որտե՞ղ փնտրել ելքը:
-Ելքն ամենասկզբում պետք է գտնվեր, անպատժելիության մթնոլորտը նոր հանցանքներ ծնեց… Հասել ենք այն բանին, որ հանցագործները գլուխ են գովում, իսկ առաջներում կարող էին ամաչել… Թալանը դարձել է ապրելակերպ. ամբողջ ազգին դարձրել են հանցագործ: Ամեն մարդ մտածում է՝ որտեղից ինչ գողանա, որ ապրի. ուրիշ ելք չի տեսնում: Իսկ մի ժամանակ գործում էին բարոյական նորմերը, հայրենիքի նկատմամբ հավատ կար:
-Գիտենք, որ հիմա մի քիչ վատառողջ եք, շո՛ւտ կազդուրվեք, որ նոր գործեր ստեղծեք: Ի դեպ, առաջիկայի համար ի՞նչ ծրագրեր ունեք:
-Մարսելում Հայոց ցեղասպանությանը նվիրված հայկական ցուցահանդեսին մասնակցելու հրավեր ունեմ, Աստված տա՝ շուտ ապաքինվեմ, որ մինչեւ ապրիլի 24-ը հասցնեմ ներկայանալ այնտեղ:

 

 
ԵՐԲ ԱՊԱԳԱՆ ՏԵՍՆՈՒՄ ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔԻՑ ԴՈՒՐՍ

Ֆինանսական սուղ միջոցները, արտերկրի գայթակղիչ առաջարկներն ու հեռանկարները հաճախ ստիպում են հայաստանցուն մտածել արտագաղթի մասին: Այս գործընթացից զերծ չեն մնում նաեւ արվեստի մարդիկ: «Ժողովուրդը» զրուցել է մեր երկիրը լքած հայ հայտնիներից մի քանիսի հետ:

Դերասան Հովհաննես Բաբախանյանը, ով արդեն տեւական ժամանակ է՝ ապրում է ԱՄՆ-ում, նշեց, որ ինքն այդ երկիր մեկնել է աշխատանքային հրավերով. «ԱՄՆ-ն ինձ տվեց տարբեր մշակութային շերտերի հետ առնչվելու, դրանց ներկայացուցիչների հետ աշխատելու հնարավորություն»,-մեկնաբանեց նա՝ հավելելով, որ ուրախ կլինի, եթե Հայաստանում դերասանին բարձր վճարեն:
«Արմենոիդս» խմբի հիմնադիր Էդգար Ռոստոմյանը, ով եւս բնակվում է Միացյալ Նահանգներում, նշեց, որ Հայաստանում նոր գործեր թողարկելու համար մշտապես հովանավորների պակաս է զգացել, իսկ ահա ԱՄՆ-ում այդ խնդիրը չկա. «Այս երկրում ինձ հաջողվում է շաբաթական աշխատել մեկ տեսահոլովակի գումար, այստեղի ստուդիաներն ունեն համաշխարհային ցանցեր, երաժշտական ընկերություններն ունեն մասնաճյուղեր աշխարհի շատ երկրներում, ուստի այս ասպարեզում առաջիկա հաջողություններս կապում եմ միմիայն ԱՄՆ-ի հետ»,-պարզաբանեց երաժիշտը:
Երգչուհի Արեւիկ Ալավերդյանն էլ, ով ամուսնացել է ֆրանսահայ բիզնեսմենի հետ, իր ապագա երեխաների ապագան կապում է այդ երկրի հետ. «Ցավոք, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ֆրանսիայում նրանց ապագան ավելի լավը կլինի…»,-նկատեց նա:
Ջութակահար Հրայր Կարապետյանն արդեն երկու տարի է, ինչ Բելգիայում է՝ ուսանելու նպատակով: «Եվրոպան դասական երաժշտության կենտրոնն է, այստեղ երաժիշտի հնարավորությունները մրցույթների, փառատոնների մասնակցելու, հիանալի մասնագետներից սովորելու առումով շատ մեծ են»,-նշեց Հրայրը՝ հավելելով, որ շատ ուրախ կլինի, եթե ուսումն ավարտելուց հետո հայրենիքից ունենա հարմար առաջարկ, եւ վերադառնալու հնարավորություն լինի:
Դերասան, ռեժիսոր Արթուրո Սայանը մեկ տարուց ավել է՝ Գերմանիայում է. նրան այդ երկիր է տարել գերմանական ճշտապահությունը, գործի հանդեպ գերագույն պատասխանատվությունը. «Հայրենիքում ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ չունեի արվեստում իմ իրական խոսքն ասելու հնարավորությունը»,-անկեղծացավ նա:
Ու թեեւ մեր հայտնիներն արտերկրում են ամենատարբեր պատճառներով ու նպատակներով, եւ հայտնի չէ՝ նրանք կվերադառնան հայրենիք, թե ոչ, սակայն մեզ հետ զրույցում բոլորը միաբերան նշում էին, որ անչափ կարոտել են Հայաստանը:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ԼՈՒՐԵՐ

ՆՈՐ  ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ
Նոյեմբերի 19-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացել է ռեժիսոր Հրանտ Երիցկինյանի դեբյուտային «Ուրիշի փոխարեն» ֆիլմի պրեմիերան:
«Ինձ ճանաչողները կհասկանան, թե ինչու է իմ առաջին ֆիլմը կոմեդիայի ժանրում նկարահանվել. ասում են՝ ես հումորով մարդ եմ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ռեժիսորը:
Ֆիլմում գլխավոր կերպարներից մեկին կերտող դերասան Սոս Ջանիբեկյանի խոսքով էլ «Ուրիշի փոխարեն»-ի մեխը սերն է. այն, նախեւառաջ, սիրային կատակերգություն է:
Նշենք, որ ֆիլմում նկարահանվել են նաեւ Հովհաննես Ազոյանը, Թամարա Պետրոսյանը, Վահագն Գալստյանը, Սաթի Ջանիբեկյանը, Արամոն, Ալինա Մարտիրոսյանը, երգիչ Արամեն եւ ինքը՝ ռեժիսորը:

 

ԱԶՆԱՎՈՒՐ ԵՎ ԶԱԶ. ՆՈՐ ԴՈՒԵՏ
Մեր լեգենդար հայրենակիցը նոր երգ է ձայնագրել ֆրանսիացի երիտասարդ երգչուհի Զազի հետ: Երկու տարբեր սերնդի ներկայացուցիչներ կատարում են «J՚aime Paris au mois de mai» երգը, այն թարգմանաբար նշանակում է՝ «Սիրում եմ Փարիզը մայիսին»: Ազնավուրն իրենց զուգերգը կատակով անվանել է «Զազնավուր», ինչը շատ է ուրախացրել երգչուհուն:
«Նա ֆրանսիական շանսոնի վերջին մոհիկաններից է, երբ մի անգամ հանդիպեցինք, նա այնքան ջերմ էր, եւ ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, կարծես պապիկիս հետ լինեի»,-պատմել է Զազը:
Ազնավուրն իր հերթին նշել է, որ հաճույքով է համագործակցել երգչուհու հետ. «Նա, իսկապես, ոչ միայն հայտնի, այլեւ ժողովրդական երգչուհի է, Զազը հենց այդպիսին է ծնվել, ինչպես, օրինակ՝ Պիաֆը»,-ասել է շանսոնյեն:
Նշենք, որ «Սիրում եմ Փարիզը մայիսին» երգը տեղ է գտնելու Զազի նոր ալբոմի երգացանկում:

 

ՋՈԼԻՆ ՄՏԱԴԻՐ Է ՀԵՌԱՆԱԼ
Անջելինա Ջոլին մտածում է դերասանական կարիերան ավարտելու մասին: Du Jour ամսագրին տված հարցազրույցում նա ասել է, որ իրեն ավելի է դուր գալիս ֆիլմեր նկարահանելու պրոցեսը, քան դրանցում խաղալը: «Ես տեսախցիկի առջեւ երբեք հարմարավետ չեմ զգում, այն կարծիքին եմ, որ ինձ մոտ ստացվում է ֆիլմեր նկարահանելը: Ես ինձ ավելի երջանիկ եմ զգում որպես ռեժիսոր»,-ասել է նա:
Այնուամենայնիվ, առաջիկայում կթողարկվի «By the Sea» ֆիլը, որտեղ Ջոլին հանդես կգա որպես դերասանուհի:
Նշենք, որ նոր ֆիլմում խաղացել է նաեւ Ջոլիի ամուսինը՝ Բրեդ Փիթը:

 




Լրահոս