Սարդարապատը կոչ է անում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Սարդարապատ” շարժումը հաղորդագրություն է տարածել, որը վերաբերում է հետընտրական շրջանի ներքին ու արտաքին զարգացումների վերաբերյալ և որում կոչ կա զգոն լինել նոր մարտահրավերների նկատմամբ։ Ներկայացնում ենք հայտարարությունը ստորև.
Հերթական կեղծ ընտրություններով օրենսդիրի և կառավարության մասով վերարտադրված հանցավոր վարչախումբը առաջիկա տարիների համար իր ամբողջացումը ավարտին հասցնելու նպատակով առանց դադար առնելու անցել է վերարտադրության հիմնական` նախագահական մասի ապահովմանը: Ուստի, ինքնապահպանման բնազդին տրված, նա ի գործ է դրել քաղաքական ու գաղափարախոսական կեղծիքների և աճպարարությունների իր հարուստ զինանոցը` ջանալով բթացնել ժողովրդի զգոնությունը և նրա ուշադրությունը շեղել համազգային կենսական նշանակության հարցերից, որոնցից առաջնայինը վարչախմբի հեռացումն է:
Սրան զուգահեռ` վարչախմբի վերարտադրությունը երաշխավորած արտաքին ուժերը, օգտվելով նրա կախյալության աստիճանի աճից, տրամադրած աջակցության ու հովանավորության դիմաց իրենց ,վարձն ու փայաբաժինըե ստանալու նպատակով վերսկսել են Արցախի, ինչպես և Թուրքիայի հետ հարաբերությունների հարցերում հայ ժողովրդից միակողմանի զիջումներ կորզելու փորձերը:
Սարդարապատե շարժման նախաձեռնող խումբը, հաշվի առնելով իրավիճակի լրջությունը, բոլոր ազնիվ քաղաքական և հասարակական ուժերին, քաղաքացիական նախաձեռնություններին, առանձին գործիչներին ու քաղաքացիներին, բոլոր հայ մարդկանց կոչ է անում` 
զգոն մնալ և պատրաստ լինել ձախողեցնելու Արցախի, ինչպես նաև Թուրքիայի հետ հարաբերությունների հարցերում հավանական պարտվողական քայլերը, 
քողազերծել հանրապետության քաղաքական իրականության ճահճացածությունը, հատկապես` ներիշխանական դաշտի շինծու տեղաշարժերը, քրեական օլիգարխիայի մաս կազմող այսպեսկոչված նոր ընդդիմության կեղծությունը և այս ամենով դրական փոփոխության հույսեր առաջացնելուն միտված վարչախմբի քայլերը, 
զոհ չգնալ ներկա օրհասական վիճակում երրորդական նշանակության խնդիրներն արհեստականորեն առաջին պլան բերելու վարչախմբի փորձերին և չշեղվել քաղաքական օրակարգի գլխավոր` պետականության նորոգման հարցից, այլ ընդհակառակը` բացահայտել ու ձախողել այդ փորձերը, 
շարունակել և հզորացնել քաղաքացիական պայքարը, ազատ մտքով ու ստեղծագործական մոտեցմամբ ձևավորել պայքարի նոր հարթակներ, ստեղծել ավելի նոր ու արդյունավետ մեթոդներ` այս ամենը ծառայեցնելով համազգային ներուժի համախմբմանը և, 
ի հակադրություն քաղաքական կեղծ գործընթացներին, միահամուռ ջանքերով ակտիվացնել ու ծավալել այլընտրանքային ճանապարհով իշխանափոխության կատարման և նոր Հանրապետության հիմնադրման աշխատանքը: 




Լրահոս