ՆԱԽԿԻՆ ՈՒ ՆԵՐԿԱ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ՝ ԾԻԾԱՂԻ ԱՌԱՐԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Սահմանադրական դատարանը երեկ ավարտեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի սահմանադրականության վերաբերյալ դիմումի քննությունն ու հեռացավ խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու: 

Թեեւ ընդդիմությունը շոու որակեց դատական լսումների ընթացքը, այնուամենայնիվ երեկվա ՍԴ նիստում ի ցույց դրվեց մեր երկրի պետական ապարատի ողջ թշվառությունը: ՍԴ անդամների հարցերը պարբերաբար անհարմար դրության մեջ էին գցում ՀՀԿ-ականներին. ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ու ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի պատասխաններն ուղղակի ծիծաղ էին առաջացնում անգամ ՍԴ անդամների մոտ:
Դատարանի հարցին, թե կարո՞ղ եք մատնանշել՝ որոնք են օրենքի այն թերությունները, որոնց մասին ասել էր ԱԺ նախագահը, պատասխանողները չկարողացան: Ստացվում է, որ մեր երկրում չկա համակարգված մոտեցում եւ յուրաքանչյուր պաշտոնյա խոսում է այն, ինչ խելքին փչում է՝ առանց ոլորտի մասնագետների հետ խորհրդակցելու: Իսկ մեծագույն զավեշտը ՍԴ անդամի հարցն էր, թե ո՞վ է իրավունք տվել ԿԲ-ին մեկնաբանելու ՍԴ-ի կայացրած որոշումը՝ պարտադիր բաղադրիչը կասեցնելու մասով: ԿԲ փոխնախագահը կմկմաց, թե դա ենթադրություն էր՝ իրավիճակը կարգավորելու համար: Հարցին, թե ով է պատասխանատվություն կրելու համակարգի համար, Ներսես Երիցյանը պատասխանեց. «Ես անձամբ պատասխանատու եմ իմ ասածների համար»: Ասել է թե՝ ՀՀ Կառավարության անունից հանդես եկողներն արդեն խուսափում են համակարգի համար ամբողջական պատասխանատվություն կրել: Այսքանից հետո աբսուրդ կլինի պատասխանատվություն ակնկալել նրանց գործողությունների համար 20-30 տարի անց, երբ այսօրվա երիտասարդները թոշակառու դառնան:

Կարդացեք` էջ 4:

 

 
Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալները սրընթաց նվազում են: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2013թ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է 469.2 մլն դոլարի ուղղակի ներդրում, որը 35.3 տոկոսով պակաս է նախորդ տարվա ցուցանիշներից: Նկատենք, որ 2013թ. անկումն ամենամեծն է Տիգրան Սարգսյանի կառավարության պաշտոնավարման ընթացքում գրանցված նախորդ ցուցանիշների համեմատ. անգամ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ընթացքում նման անկում չէր գրանցվել. 2009թ. ՀՀ-ում ներդրումների ծավալները նվազել էին 25.8 տոկոսով: Ուշագրավ է նաեւ այն, որ Հայաստանում ներդրումները նվազեցրել է ե՛ւ ռազմավարական ու տնտեսական գործընկեր համարվող ՌԴ-ն` 33.6 տոկոսով, ե՛ւ Ֆրանսիան` 57 տոկոսով, ե՛ւ Գերմանիան` 54 տոկոսով, ե՛ւ ԱՄՆ-ը` 34.6 տոկոսով:

 

 
«X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը մարտի 28-ին Ջրարբի գյուղում գտնվող իրեն պատկանող «Արաքս» թռչնաֆաբրիկայում աղմկալի պատմության մեջ է ընկել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նշված օրը գործարանի տարածքում Խաչիկ Խաչատրյանի եւ իր գործարանի սառնարանի մասնագետ 38-ամյա Վյաչեսլավի միջեւ վեճ է եղել, որն ավարտվել է ծեծով: Մեզ հասած լուրերի համաձայն՝ Խաչիկ Խաչատրյանն իր թիկնազորի պետ՝ Հունանի հետ հենց տարածքում ծեծի է ենթարկել Վյաչեսլավին: Թե ինչն է եղել ծեծի պատճառը «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել «Արաքս» թռչնաֆաբրիկայի տնօրեն Ցոլակ Մազմանյանից: «Ո՞նց կարող ենք մենք մեզ նման բան թույլ տալ, սուտ է»,- վստահեցրեց Ցոլակ Մազմանյանը՝ հաստատելով, որ «X գրուպ» ընկերության անվտանգության ղեկավարն իսկապես Հունանն է: Իսկ ՀՀ ոստիկանությունից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ ծեծի գործով ոստիկանության Էջմիածնի բաժնում քննություն է ընթանում: Այլ մանրամասներ չհայտնեցին:

 

 
ԱԺ ՕԵԿ խմբակցության նախկին անդամ Խաչիկ Հարությունյանը հրաժարվել է ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտորի պաշտոնից: Խ. Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքն այլեւս չի ցանկանում քաղաքականությամբ զբաղվել, դրա համար էլ որոշել է ռեկտորի պաշտոնից հրաժարվել: Մեր ճշտող հարցին, թե արդյոք դուրս է եկել նաեւ «Օրինաց երկիր» կուսակցությունից, Խաչատրյանը ուշագրավ պատասխան տվեց. «Լավ էլի, խնդրում եմ, որ հեռանում եմ քաղաքականությունից, դա արդեն շատ բան է ասում: Հիմա այլ գործով եմ զբաղվելու»: Հիշեցնենք, որ 2013թ. հունվարին Երեւանում ՀԱՊԿ քարտուղարության եւ ԱԱԽ աշխատակազմի միջեւ ՀԱՊԿ Ակադեմիայի ֆոնդ ստեղծելու վերաբերյալ հուշագիր էր կնքվել: Փաստաթուղթը կնքել էին ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Սակայն կառույցը մինչ օրս գոյություն չունի: Բայց դա չխանգարեց, որպեսզի կառույցի ստեղծման անվան տակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի քրոջ փեսան՝ Լեւոն Դոխոլյանը, պատգամավոր դառնա:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 
ՏՈՒՎԱԼՈՒԻ ՀՈՒՅՍԻՆ

 

Հատկապես Ղրիմի հանրաքվեից հետո զուգահեռներ անցկացնելով Ղարաբաղի հարցի հետ` ՀՀ ու ԼՂՀ որոշ շրջանակներ ընկան ոգեւորության գիրկը` չբացառելով, որ աշխարհաքաղաքական իրավիճակի որոշակի զարգացումների դեպքում հնարավոր է որպես շահեկան տարբերակ դիտարկել նաեւ Ռուսաստանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչումը:

 

Ինչպես հայտնի է, նույն շրջանակները նույնպիսի ոգեւորություն ունեին նաեւ 2008-ի ռուս-վրացական պատերազմից հետո, երբ Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը: Այն ժամանակ էլ այդ նույն «քաղաքագետները» պնդում էին, թե կարճ ժամանակ անց այդ երկու չճանաչված պետությունների անկախությունը կճանաչեն Ռուսաստանից կախում ունեցող բոլոր երկրները, ուստի եւ` պետք է ամեն ջանք գործադրել, որպեսզի առիթն օգտագործելով` Ռուսաստանը ճանաչի նաեւ Ղարաբաղի անկախությունը:
Ռուս-վրացական պատերազմից 6 տարի անց, սակայն, Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը, բացի ՌԴ-ից, ճանաչել էր ընդամենը 6 պետություն` Վենեսուելան, Նիկարագուան, Տուվալուն, Նաուրուն եւ Վանուատուն: Վերջին երեքի դեպքում, իհարկե, հումորով պետք է մոտենալ պետություն ասածին, քանզի խոսքը քարտեզի վրա չերեւացող երեք կղզիների մասին է: Փաստորեն` վեց տարվա ընթացքում Ռուսաստանի քաղաքական կշիռն ու ազդեցությունը բավարարեց ընդամենը կղզյակ-պետությունների «ճանաչումը» գնելու համար: Սակայն ինչպես երեկ հայտնի դարձավ` դա էլ խիստ ժամանակավոր էր: Նախօրեին Տուվալուն դիվանագիտական հարաբերություններ հաստատելով Վրաստանի հետ` չեղյալ է հայտարարել 2011թ. Աբխազիան եւ Հարավային Օսիան ճանաչելու մասին իր որոշումը: Մինչ այդ էլ, հիշեցնենք, նման կերպ էր վարվել Վանուատուն: Իսկ սպասելիքները, որ Ռուսաստանի հորդորով Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը կճանաչեն նաեւ Կուբան, Սիրիան, Հյուսիսային Կորեան, Բելառուսը եւ այլ՝ քիչ թե շատ կշիռ ունեցող պետություններ, այդպես էլ մնացին չիրագործված:
Բնականաբար` Ղրիմի հանրաքվեից հետո նման բան առավել եւս տեղի չի ունենա, եւ Հարավային Օսիան ու Աբխազիան դատապարտված են մնալու որպես Ռուսաստանի հարավային ծայրագավառներ:
Ինչ վերաբերում է Ղրիմին, երեկ հայտնի դարձավ, որ տեղի թաթարների քուրուլթայի` ազգային ներկայացուցչության մարմնի արտահերթ նիստում որոշում է ընդունվել չճանաչել Ղրիմի ռուսական անեքսիան եւ սկսել ազգային տարածքային ինքնավարության ստեղծման աշխատանքները: Թաթարներն արդեն դիմել են Ուկրաինայի իշխանություններին եւ միջազգային բոլոր կառույցներին: Եվ կարելի է չկասկածել, որ վերջինների արձագանքը չի ուշանա: Ահա այս ամենը նկատի առնելով` հարց է ծագում. Հայաստանի հետ Ռուսաստանի գիրկը նետվող Ղարաբաղն արդյոք երբեւէ կունենա՞ միջազգային ճանաչում, թե՞ անգամ Տուվալուն արդեն մեծ շքեղություն կլինի:

 

 

 

 




Լրահոս