Նալբանդյան 106/1-ի բնակիչները բաց նամակով դիմել են Հովիկ Աբրահամյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թումանյան, Նալբանդյան, Սայաթ-Նովայի պողոտա և Ավագ Պետրոսյան փողոցների բնակիչները բաց նամակով դիմել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին.
Հարգելի պարոն Աբրահամյան
Թույլ տվեք շնորհավորել ձեզ ԱԺ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Խորհրդարանում դուք նշեցիք, որ արդարությունը չի մեռնում: Ձեր այս համոզմունքից ոգևորված, դիմում ենք Ձեզ` մեզ հուզող խնդրում ևս արդարության հաղթանակի գործում Ձեր աջակցության ակնկալիքով:
Թեև բազմիցս հերքել եք Նալբանդյան 106/1 հասցեում նախատեսվող էլիտար կառուցապատման ծրագրին Ձեր առնչության փաստը, սակայն այս մասին լուրերը շարունակում են համառորոն շրջանառվել: Դրանց համար հիմք դարձավ նաև այն հանգամանքը, որ ամիսներ շարունակ տևած դադարից հետո շինարարության նախապատրաստման աշխատանքները վերսկսվեցին` ԱԺ նախագահի պաշտոնում Ձեր թեկնածության առաջադրման մասին տեղեկությունները տարածվելուց անմիջապես հետո: Այս ակտիվացման արդյունքում հատվեցին մոտ երկու տասնյակ կենսունակ ծառեր, առանց հաստատված նախագծի առկայության սկսվեցին շենքի հիմքի փորման աշխատանքները:
Թեև որպես տարածքի սեփականատեր և կառուցապատող է հանդես գալիս մոսկվաբնակ գործարար Գևորգ Մարդանյանը, կասկած չի հարուցում այն փաստը, որ Երևանի կենտրոնում նման տարածք ձեռք բերելու համար ցանկացած գործարար պետք է որ օգտվի ներքին հզոր աջակցությունից, ինչը ևս հիմք է տալիս Ձեզ վարկաբեկող լուրերի տարածման համար:
Պարոն Աբրահամյան, մենք` հարակից շենքերի բնակիչներս, հիմք չունենք չհավատալու Ձեզ նման համբավ ունեցող պետական գործչի հայտարարույթուններին: Սակայն կարծում ենք, որ չար լեզուները լռեցնելու ամենակարճ ճանապարհը կլինի Ձեր աջակցությունը մեզ հուզող հարցի լուծմանը: 
Երկրորդ տարին է պայքարելով մեր երեխաների անվտանգ և առողջ կենսամիջավայրի համար, մենք անընդհատ բախվում ենք այս հարցը լուծելու իրավասություն ունեցող պետական մարմինների անտարբերությանը:
Մինչդեռ ցանկության դեպքում հարցը կարելի է լուծել` հաշվի առնելով բոլոր շահագրգիռ կողմերի շահերը: Մենք առաջարկում ենք վերականգնել քանդված մանկապարտեզը և ևս 1-2 հարկ կառուցել` բակում առկա մասնավոր տների բնակիչների համար: Մնացած տարածքը հարկ է վերադարձնել հանրությանը և այստեղ հանգստի գոտի ստեղծել: Ինչ վերաբերում է տարածքի սեփականատիրոջ կամ սեփականատերերի ֆինանսական կորուստներին, ապա կարծում ենք, որ պատկան մարմինները կարող են դրանք փոխհատուցել` մայրաքաղաքի փոքր կենտրոնից դուրս նրանց համարժեք տարածք տրամադրելով: 
Սա համահունչ կլինի նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի այն խոստմանը, որ քաղաքաշինական խոշոր բոլոր նախագծերը և այս ուղղությամբ կատարվող ներդրումները Կենտրոնից տեղափոխվելու են վարչական այլ շրջաններ:
Անսալով երկրի նախագահի կողմից ղեկավարվող կուսակցության կարգախոսին, մենք հավատում ենք այն դրական փոփոխություններին, որոնց պարագայում հասարակության շահը իսկապես գերակա կդառնա և կգերադասվի խոշոր բիզնեսի շահերից:




Լրահոս