«ՈՎՔԵՐ ՄԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՆ` ԼՌՈՒՄ ԵՆ, ԻՍԿ ԼՌՈՂՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած հինգշաբթի օրը ՀՀ կառավարության նիստը վարելիս Տիգրան Սարգսյանը բավականին բուռն պահվածք ուներ: Բացի ԲՀԿ-ի հասցեին հնչեցրած նրա անսովոր էմոցիոնալ հայտարարություններից, ուշագրավ էին նախկին վարչապետի եռանդն ու գործելու պատրաստակամությունը: Նա գրեթե բոլոր նախարարներին հանձնարարություններ տվեց, հայտարարեց, թե այսօր Հայաստանի համար կա 3 գլխավոր հարց՝ քեսաբահայերին օգնելու խնդիրը, կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված ՍԴ որոշումը եւ վերջին օրերին անսպասելիորեն տեղացած ձյան հետեւանքով ՀՀ գյուղացիների կրած վնասների հարցը: Այնպիսի տպավորություն էր, որ Տիգրան Սարգսյանը պատրաստվում էր կտրուկ եւ գործուն քայլերի: Սակայն նույն օրը երեկոյան ՀՀԿ ԳՄ նիստում հայտնի դարձավ, որ Տ. Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Թե ինչու Տ. Սարգսյանն իր որոշման մասին չհայտարարեց կառավարության նիստի ժամանակ` մանավանդ, եթե, ինչպես պնդում են իշխանությունները, այդ որոշումը կայացված էր վաղօրոք, մինչեւ այսօր անհասկանալի է: Ի վերջո, անակնկա՞լ էր վարչապետի հրաժարականը, թե ոչ: Այս եւ վարչապետի հրաժարականի հետ կապված այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ:
-Պարոն Սահակյան, Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում ներկայացրեց կառավարության նիստի օրը, սակայն նա դա արեց ոչ թե կառավարության նիստում, այլ երեկոյան` ՀՀԿ ԳՄ նիստում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հանգամանքը:
-Կարծում եմ` արդեն անցած ժամանակահատված է այդ մասին խոսելու համար: Վարչապետին չի կարելի դիտարկել որպես միայնակ անձ, նա իր թիմն ունի, թիմն ունի իր գաղափարախոսությունը ու այդ գաղափարախոսությունը, այդ վիճակը, պետք է կարողանալ արտահայտել: Այսինքն՝ պետության, հասարակության լուրջ գործերը պետք է թողնենք ու պարզենք, թե վարչապետը գիտեր կամ չգիտեր իր հրաժարականի մասին, ինչու չասաց այդ մասին կառավարության նիստի ժամանակ: Կարծում եմ՝ պետք չէ այժմ նման հարցեր քննարկել: Վարչապետն ինքը թիմի անդամ է եւ այդ պահին ու հետագայում իր թիմի կարծիքը պետք է կարողանա հասարակությանը ներկայացնել:
-Արդյոք սա չի՞ խոսում այն մասին, որ պետական կառույցների հանդեպ չկա հարգանք, արդյոք պետական ինստիտուտները հենց այսպես չե՞ն ոչնչացվում:
-Դա տեսակետ է եւ ոչ թե ճշմարտություն: Պետությունը, ազգը հակադիր տեսակետների ամբողջություն չեն կարող լինել: Ամեն ինչ չի կարելի նեղ կուսակցական շահերով նայել: Եղել է այն, ինչ եղել է, եւ ես չեմ կարծում, որ այդտեղ ինչ-որ գաղտնի, թաքուն խնդիրներ կան, որ փորձում են ինչ-որ պեղումների ճանապարհով գնալ: Մենք գնում ենք առաջ ու գիտենք ինչ վճռականությամբ, ինչ ծրագրերով, այնպես որ՝ մնացածները խոցելի դարձնելու կարիք չկա: Հիմա էլ հայտարարում են, թե հեսա տեսնենք` ռուսներն ինչ են ասում, կարող է` էս քաղաքացիական շարժումներն ազդեցին, «հրաշալի քառյակ»-ը կարողացավ արդյունքի հասնել… նման երեւույթներով չի կարելի հերոսանալ: Պետք է ընդամենը կարգավորված ձեւով փորձել առաջ գնալ, առաջ անցնել, հիմա էդ պահն է, երկիրը վարչապետ չունի: Դրված է նոր կառավարության խնդիրը: Ցանկացած ուժ` իր տրամաբանությամբ, իր նեղ կուսակցական շահերից ելնելով, կարող է տարբեր բնութագրեր տալ: Ովքեր մեզ չեն սիրում` մի ուրիշ բնութագիր են տալիս, ովքեր մեզ սիրում են` լռում են, իսկ լռողներն ավելի շատ են:
-Բայց այս ողջ գործընթացին հետեւելիս տպավորություն է ստեղծվում, որ իշխող կուսակցությունն ու նրա ղեկավարած պետությունը հետզհետե որդեգրում են սովետական բարքեր, որտեղ ամեն ինչ որոշվում էր Կենտկոմում` մի խումբ մարդկանց կողմից:
-Պետության կարծիք ասելը դա աբստրակտ հասկացություն է: Քաղաքական ուժն իր մեծամասնությամբ պատասխանատվություն է վերցրել եւ իր պատասխանատվության շրջանականերում որոշումներ է կայացնում: Հենց որ ձեր ասած հասկացողություններով ազգանպաստ չեն լինի, պետության համար անհրաժեշտ չեն լինի… դրա համար կառավարման մոդել կա, դա ընտրություններն են: Միշտ էլ նման խոսակցություններ լինում են, բայց միեւնույն է` մեր ազգը, մեր քաղաքացիները իրենց վերաբերմունքի դրսեւորմամբ ապացուցում են այլ իրականություն: Երկիրն անվտանգ լինելու համար, պետք է լինի ՀՀԿ-ն: Եթե կլինի մի քաղաքական ուժ, որն ավելի լավը կլինի, ուրեմն ժողովուրդը կգնա նրա հետեւից: Մենք խոսում ենք ժողովրդի համար: Յուրաքանչյուր մարդ իր օջախի հարսանիքը, ծնունդը իր ուզածով է անում, իսկ պետությունը հարսանիք ու ծնունդ չի: Մենք բավականին լուրջ գործողությունների մեջ ենք, ունենք շրջահայաց նախագահ, ով կարողանում է ցանկացած դեպքում առավելագույնն անել:
-Որպես վարչապետի ամենահավանական թեկնածու այս օրերին քննարկվում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը: Որպես ՀՀ վարչապետ` ՀՀԿ-ի համար ցանկալի՞ է Հ. Աբրահամյանը:
-ՀՀ-ում պետք է դիտարկումներ լինեն, թե ով պետք է լինի ՀՀ վարչապետ, այլ քաղաքական ուժերը, քաղաքական մեծամասնությունն ինչպիսի ռազմավարություն են որդեգրում: Մենք այդ փուլում ենք:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ԱՆԱԿՆԿԱԼ ԽՈՍՔԵՐ
Այսօր «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես կգա հայտարարությամբ: Armlur.am-ը փորձեց «Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանից եւ մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանից պարզել՝ ի՞նչ է տեղի ունենալու այսօր՝ Ազատության հրապարակում:
-Հովհաննիսյանի` հանրային հայտարարությամբ հանդես գալու մասին խոսակցություններն արդյոք «Ժառանգության» հերթական հանրահավաքի մասի՞ն են վկայում:
-Ո՛չ, Րաֆֆի Հովհաննիսյանն ընդամենը հանդես է գալու հանրային հայտարարությամբ: Ովքեր կուզենան, թող գան լսեն»,- պարզաբանեց Խուրշուդյանը:
-Պարո՛ն Խուրշուդյան, Րաֆֆի Հովհաննիսյանն ապրիլի 9-ից առաջ միացյալ հրապարակի կոչով հանդես եկավ եւ կոչ արեց քաղաքական ուժերին միանալ իր հայտարարությանը: Որեւէ քաղաքական ուժ մինչ այժմ Հովհաննիսյանի կոչին արձագանքե՞լ է:
-Ճիշտ կլինի սպասել վաղվան (արդեն այսօր): Րաֆֆի Հովհաննիսյանը դրան մանրամասն կանդրադառնա:
-Բայց համաձայնեք, որ, կարծես թե, անտարբերություն ու պասիվություն կա Հովհաննիսյանի կոչի նկատմամբ:
-Ամեն դեպքում, ես չեմ ուզում այս պահին գնահատականներ տալ:
«Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանն էլ մեզ հետ զրույցում Րաֆֆի Հովհաննիսյանի` վաղվա հայտարարությունը համարեց անակնկալ, սակայն չի կարծում, թե շատ մեծ նորություններ կլինեն հանրության համար:
-Ի՞նչ սպասելիքներ ունեք վաղվա հայտարարությունից:
-Սպասելիքներ ունեմ, իհարկե, բայց հիմա ոչինչ չեմ ասի: Վաղը Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարությունը կանի, նոր կխոսեմ:

Զրուցեց ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆԸ

 

 ԼՈՒՐԵՐ

ՊԱՐՏԱԴԻՐ  ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Քանի որ «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանը հանդես եկավ անհասկանալի հայտարարությամբ, երեկ ՊԵԿ-ն այս առիթով մի նոր հայտարարություն է տարածել: «Հաշվի առնելով վերը նշվածը՝ ՊԵԿ-ը տեղեկացնում է. Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի հաշվարկներն ընդունելու եւ մշակելու, եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարների պարտավորությունները հաշվառելու համար համակարգչային ծրագիրը նախագծվել է (մշակվել է) համապատասխան տեխնիկական առաջադրանքի հիման վրա, որը հաստատվում եւ փոփոխվում է ՀՀ վարչապետի՝ 04.02.2010թ. N58-Ն որոշմամբ ստեղծված Կենսաթոշակային բարեփոխումների կառավարման խորհրդի կողմից, հետեւաբար, ՊԵԿ-ն ինչպես այդ հարցին, այնպես էլ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումից բխող պարտադիր կուտակային բաղադրիչին վերաբերող այլ հարցերի կարող է անդրադառնալ Կառավարման խորհրդի կողմից համապատասխան որոշում ընդունելուց հետո, որի մասին հանրությանը լրացուցիչ կտեղեկացվի:
Ինչ վերաբերում է ՊԵԿ-ին ուղղված բազմաթիվ քաղաքացիների դիմումներին՝ որոնցով առաջարկվում է ձեռնպահ մնալ ծրագրային մոդուլով քաղաքացու փոխարեն պարտադիր կենսաթոշակային ֆոնդ եւ ֆոնդի կառավարիչ ընտրելուց, ապա տեղեկացնում ենք, որ ՊԵԿ-ը մասնակիցների փոխարեն կենսաթոշակային ֆոնդ եւ ֆոնդի կառավարիչ ընտրելու իրավասություն չունի: Համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի՝ նման իրավասությունով օժտված է պարտադիր կուտակային համակարգի մասնակիցների ռեեստրը վարողը՝ ՀՀ կենտրոնական դեպոզիտարիան»։

 

ՓԱԽԵԼ ԵՆ
Երեկ «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում գտնվող «Իջեւանատան» հյուրանոցային համալիրի տնօրենը հայտնվել է անելանելի վիճակում: Մի խումբ տղաներ, օրեր առաջ հյուրանոց են գնացել, քեֆ արել, չվճարելով մատուցած ծառայությունների գումարը դուրս են եկել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տնօրեն Կառլենը պատմեց, որ փախչող տղաները եղել են Արարատի մարզի բնակիչներ. «28.000 դրամ չվճարեցին ու փախան: Սպասում եմ, եթե նրանք մի քանի օրից չեկան, դիմելու եմ ոստիկանություն, քանի որ ունեմ իրենց մեքենաների համարները, նաեւ ճշտել են նրանց անունները»,- ասաց տնօրենը՝ հավելելով, որ իրեն այդ գումարը անհրաժեշտ չէ, բայց պետք է վճարեն, քանի որ սկզբունքի հարց է:

 

ՆԻՍՏ ԿԱՆԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հինգշաբթի օրը ՕԵԿ-ը քաղխորհրդի նիստ է հրավիրել: Մեր տեղեկություններով՝ այդ օրը քննարկվելու է ՀՀ նոր ձեւավորվելիք կառավարությունում ՕԵԿ նախարարների մնալ-չմնալու հարցը: ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն այս պահին մտադրություն չունի իր նախարարների կազմը փոխել, բայց չի բացառվում, որ նա փոշմանի: Հատկապես որ խոսակցություններ կան, թե, ընդհանրապես, ցանկանում է հրաժարվել նախարարական կորպուսից, քանի որ նրանք «եկամտաբեր չեն»:
Երեկ փորձեցինք տեղեկությունը ճշտել ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանից, սակայն վերջինս ասաց, թե «Նիստից հետո համապատասխան հաղորդագրություն կտարածենք, կտեսնեք, թե ինչ հարցեր են քննարկվել»:
Նշենք, որ դեռեւս մարտին ՕԵԿ քաղխորհրդի ժամանակ լուրջ վիճաբանություն էր տեղի ունեցել ՕԵԿ նախարարների եւ Ա. Բաղդասարյանի միջեւ, սակայն վերջերս նրանք «Օջախ» ռեստորանում բարիշել էին:

 

ՀՀ «ՆԱԽԱԳԱՀԸ»
Այս օրերին Հայաստանում փաստացի անիշխանություն է. Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնել է Թուրքմենստան, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով գտնվում է Վիլնյուսում, իսկ Սահմանադրությամբ երրորդ դեմքի՝ վարչապետի պաշտոնը Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո շարունակում է թափուր մնալ: Թեեւ ԱԺ նախագահի առաջին տեղակալը Էդուարդ Շարմազանովն է, սակայն «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Վիլնյուս մեկնելուց առաջ Հովիկ Աբրահամյանը ԱԺ նախագահի պարտականությունների կատարումը դրել է ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի վրա: Իսկ վարչապետի պարտականությունները փոխանցվել են փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին, այլ կերպ ասած՝ Հայաստանն այս օրերին մնացել է բանակում չծառայած Գեւորգյանի եւ տոկոսով գումարներ տալու աղմկալի պատմությունների կիզակետում հայտնված Նաղդալյանի հույսին: Սակայն այս անիշխանությունը կարճ է տեւելու, Աբրահամյանն այսօր երեկոյան վերադառնալու է:




Լրահոս