ՍԱՐԳՍՅԱՆՆԵՐԻՑ Ո՞ՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԿՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռ փետրվարին ԵԿՄ համագումարում Սերժ Սարգսյանը ջանասիրությամբ արդարացնում էր Տիգրան Սարգսյանի կառավարության ձախողումները. «Իրոք, վերջին 6 տարիների ընթացքում մենք ունեցել ենք տնտեսական աճ՝ կայուն տնտեսական աճ, բացառությամբ մեկ տարվա: …Մեր տնտեսությունն առողջ է, մեր տնտեսությունն ամուր է, մեր տնտեսության մեջ տեղի են ունեցել էական փոփոխություններ, եւ սրանք շատ լավ հիմք են՝ ապագայում եւս լավ տնտեսական աճ ապահովելու»: Այնինչ, ուրբաթ օրը ԿԲ-ում անցկացրած խորհրդակցության ժամանակ նա այլ ակնարկներ է արել. «Նոր կառավարությունը պետք է կարողանա ապահովել տնտեսական աճ, բարեփոխումների շարունակականություն, նոր կառավարությունը պետք է կարողանա վերականգնել մեր քաղաքացիների վստահությունը բարեփոխումների եւ իր գործունեության նկատմամբ»: Կարելի է ենթադրել, որ մեկուկես ամսում Ս.Սարգսյանը եւս հանգել է այն կարծիքին, ինչն արդեն վեց տարի է՝ ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասի մոտ է: Այստեղից տրամաբանական մեկ հարց է առաջանում. Տիգրան Սարգսյանը պատասխանատվություն կրելո՞ւ է իր ձախողումների համար, երբ աղքատությունը 27 տոկոսից դարձավ 32.4, պետական պարտքը՝ 1.4 մլրդ-ից՝ 4.5 մլրդ, եւ այսպես շարունակ:

 
Հինգշաբթի օրը Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ կայանալու է քվեարկություն՝ ռուսական պատվիրակների հավատարմագրերի վերանայման վերաբերյալ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քվեարկությանը կմասնակցեն ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ Նաիրա Կարապետյանը, Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Մհեր Շահգելդյանը: ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հավանաբար չի մասնակցելու քվեարկությանը, իսկ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ընդհանրապես չի գնացել ԵԽԽՎ նիստին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հայկական պատվիրակության քվեարկության մասով հստակ որոշումը կլինի չորեքշաբթի օրը, երբ վերջնական տեսքով կներկայացվի նախագիծը: Եթե նախագծում պատժամիջոցներ կիրառվեն ՌԴ պատվիրակության դեմ, հայկական կողմը «դեմ» կքվեարկի:

 
Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ապրիլի 18-19-ը ՀՅԴ-ն պատրաստվում է Գերագույն ժողով անցկացնել: ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց այդ փաստը: Ըստ Համբարձումյանի՝ դա իրենց հերթական Գերագույն ժողովն է լինելու, որի ժամանակ քննարկելու են կազմակերպական, քաղաքական, կուսակցական հարցեր: Թե որտեղ է լինելու ԳԺ-ն, ՀՅԴ-ն դեռ չի որոշել. նշենք, որ նրանց ԳԺ-ները սովորաբար անցկացվում են փակ-գաղտնի ռեժիմով: Հավանական է՝ ԳԺ-ի արդյունքում փոփոխություններ կատարվեն ՀՅԴ ղեկավար կազմում: Արսեն Համբարձումյանը նշեց, թե հաշվետու ընտրական գերագույն ժողովների ժամանակ ամեն անգամ Գերագույն մարմնի կազմը փոփոխվում է եւ նորն է ձեւավորվում:

 
Հայաստանի երրորդ հանրապետության արդեն նախկին` 12-րդ վարչապետ Տիգրան Սարգսյանը նախորդ հինգշաբթի հրաժարական տվեց: Նրա պաշտոնավարման շրջանից ավելի շատ դժգոհում են Հայաստանի մանր ու միջին բիզնեսով զբաղվող գործարարները: «Գառնու Սուրիկի լավաշ» արտադրամասի տնօրեն Սուրիկ Հակոբյանի պնդմամբ՝ ինքն արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման շրջանում, բիզնեսում մեծ դժվարություններ է ունեցել. «Տարիներ առաջ իմ արտադրամասում աշխատում էր 300-ից 400 մարդ, իսկ հիմա` ընդամենը 30: Մենք այդ ժամանակ արտադրում էինք 5-6 տոննա, հիմա` 700-800 կգ հաց: Համեմատելո՞ւ է սա»: Իսկ «Մանանա Գրեյն» ընկերության տնօրեն Վանիկ Նիկողոսյանը համոզված է, որ վարչապետի փոփոխությունը ոչ մի ազդեցություն չի ունենա Հայաստանի տնտեսության վրա: «Եթե մեքենա չկա, վարորդի կլասն ո՞ւմ է պետք: Կամ վարորդն ո՞ւմ է պետք, եթե մեքենա չկա, որ ինքը քշի: Ո՞ւր է Հայաստանում տնտեսություն, որ մենք խոսենք տնտեսությունը վարելուց»,-զայրացած ասաց գործարարը:

 

 

 

 

 

 

 
ՂԱԼԱԹԱՎՈՐԸ

Երեկ բոլոր լրատվամիջոցներով շրջանառվում էին արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանի գլխավորությամբ ԱՆ 150 տղամարդ աշխատակիցների դոնորական արյուն հանձնելու տեսանյութերը: Բնականաբար` գլխավոր դերում ինքը` Թովմասյանն էր, ում «անձնազոհ» արարքը, սակայն, ստվերեց նույն օրը ՄԻՊ գրասենյակի հրապարակած ձայնագրությունն այն մասին, թե ինչպես են Արդարադատության նախարարության ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման եւ հատուկ բաժինների աշխատակիցները ծեծի ենթարկում 32-ամյա մի քաղաքացու, ով իր ենթադրելի սխալի համար բազմիցս ներողություն է խնդրում իրեն ծեծի ենթարկող, հայհոյող եւ նվաստացնող ԱՆ համազգեստավոր աշխատակիցներից (ըստ ձայնագրության` բարձրաստիճան սպաներից):
Ուշագրավ է, որ Հրայր Թովմասյանի ղեկավարած կառույցի աշխատակիցները, ի թիվս այլ հայհոյանքների, քաղաքացուն նվաստացնելիս բազմիցս օգտագործում են այն նույն բառը, որով ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ԱԺ ամբիոնից բնութագրեց Հրայր Թովմասյանին: Ընդ որում, հանուն արդարության, պետք է նշել, որ ծեծի ենթարկված քաղաքացին, դատելով ձայնագրությունից, ի սկզբանե իրեն լավ չի պահել: Այն է` սխալ, արգելված վայր է մուտք գործել, եւ իրեն «դուք»-ով դիմող փոխգնդապետին ոչ պատշաճ պատասխան է տվել: Կարճ ասած` «ղալաթ» է արել: Ինչին ի պատասխան` հետեւել է ծեծն ու նվաստացումը:
Բնականաբար` նախարարի պաշտոնակատար Թովմասյանը, ձայնագրության հրապարակումից եւ ՄԻՊ-ի միջամտությունից հետո, շտապել է ծառայողական քննություն նշանակելու մասին հրաման ստորագրել` այդպիսով փորձելով փրկել իր` վերջին շրջանում առանց այն էլ շրիշակից ցածր ընկած վարկանիշը: Նախարարն, իհարկիե, կարող է ասել, թե իր համար անընդունելի է իր աշխատակիցների նման պահվածքը, եւ ինքը չի կարող պատասխանատու լինել ԱՆ հարյուրավոր աշխատակիցներից յուրաքանչյուրի արարքների համար: Խնդիրն այն է, սակայն, որ հանրությունը, եւ հատկապես դատապարտյալներն ու նրանց հարազատները, ինչպես նաեւ իրավապաշտպանները, շատ լավ հիշում են դատապարտյալների կողմից որպես բողոքի նշան բերանները կարելու ծայրահեղ քայլը «փիրսինգ»-ի հետ համեմատելու Թովմասյանի ցինիկ հայտարարությունը, որից ակնհայտ դարձավ նրա վերաբերմունքը համակարգում առկա իրավիճակի հանդեպ:
Իր պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ «ղալաթներ»-ից հետո իմիջը բարելավելուն ուղղված անձնազոհ դոնորի երեկվա PR ակցիան համոզիչ չէր լինի, եթե անգամ չլիներ այն ստվերող նշված միջադեպը: Խնդիրն այն է, որ դոնորական արյուն հանձնելը բարեգործություն է, իսկ բարեգործությունն անում են առանց այդ մասին բարձրաձայնելու, առավել եւս` սեփական մերկ եւ ոչ այնքան բարետես մարմինն ի ցույց դնելու:




Լրահոս