ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրելի՛ հայրենակիցներ,
Թող տարօրինակ չթվա, որ Հայաստանի ներքին խնդիրները մի կողմ թողած, ելույթս սկսում եմ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի քննարկմամբ։ Դա բացատրվում է այդ բնագավառում տեղի ունեցած վերջին նշանակալի զարգացումներով։ Հունիսի 18-ին Մեքսիկայի Լոս Կաբոս քաղաքում հրապարակվեց Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների՝ Ղարաբաղյան հակամարտությանը նվիրված չորրորդ համատեղ հայտարարությունը, որն, իմ կարծիքով, այնքան էլ ճիշտ չընկալվեց Հայաստանի քաղաքական շրջանակների, վերլուծաբանների եւ լրագրողների կողմից, դիտվելով որպես լուրջ հետեւանքներ չենթադրող հերթական բովանդակազուրկ մի փաստաթուղթ։ Ես կտրականապես դեմ եմ այս գնահատականին, որովհետեւ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների վերջին հայտարարությունը իր դարձվածաբանությամբ էապես տարբերվում է նախորդ երեք հայտարարություններից։ Դրանում համոզվելու համար բավական է համեմատել նշված բոլոր հայտարարությունների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին ուղղված պատգամներ պարունակող հատվածները…
Դժվար չէ նկատել, թե նախորդ հայտարարությունների համեմատ որքան է կոշտացել վերջին հայտարարության ոճը, որը եթե դիվանագիտական լեզվից փոխադրելու լինենք սովորական լեզվի, կստացվի մոտավորապես հետեւյալը.
– ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները, թեեւ մեղմ ասած, ափսոսանք են հայտնել, բայց իրականում վրդովված են այն բանից, որ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը «վճռական քայլեր չեն կատարել», որոնք ձեռնարկելու կոչով իրենց երկրները հանդես են եկել Դովիլում, այլ կերպ ասած, վերջիններս չեն արձագանքել այդ կոչին.
– Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները չեն կատարել նաեւ Հիմնարար սկզբունքների համաձայնեցումն արագացնելու վերաբերյալ 2012թ. հունվարի 23-ին Սոչիում ստանձնած իրենց պարտավորությունը.
– Շարունակել են բանակցություններում պաշտպանել սեփական մաքսիմալիստական դիրքորոշումները.
– Խստորեն չեն պահպանել 1994թ. հրադադարի համաձայնագիրը.
– Եւ վերջապես, չեն խուսափել լարվածություն առաջացնող թշնամական հռետորաբանությունից։
Ավելի կոնկրետ՝ նախագահներ Օբամայի, Պուտինի եւ Օլանդի ուղերձի իմաստը հետեւյալն է. «Պարոնայք Սերժ Սարգսյան եւ Իլհամ Ալիեւ, բավական է խաղաք մեր համբերության հետ եւ հերիք է մեզ ձեռ առնեք։ Կա՛մ խելքներդ գլուխներդ հավաքեք, կա՛մ էլ ձեզ հետ կխոսենք ուրիշ լեզվով»։
***
Այժմ անցնելով մեր երկրի ներքին խնդիրներին, ուզում եմ կանգ առնել միայն մի չափազանց կարեւոր իրադարձության վրա, թեկուզ այդ մասին բավականին հանգամանորեն խոսեցին նախորդ հռետորները։ Ակնհայտ է, որ հինգերորդ գումարման Ազգային Ժողովի ձեւավորումից եւ կառավարության ծրագրի քննարկումից հետո Հայաստանում ստեղծվել է բոլորովին նոր մի իրավիճակ։ Այս փաստն ընդունում են ոչ միայն քաղաքական շրջանակները, այլեւ մամուլի միջոցներից շատերը…
Հազիվ թե գտնվի մեկը, որ անկեղծաբար կարծի, թե այս նոր իրավիճակը, որի գլխավոր առանձնահատկությունը իշխանական մոնոլիտի քայքայումն է, ստեղծվել է ինքնաբերաբար, այլ ոչ թե ընդդիմադիր ուժերի մտածված քայլերի, ավելի կոնկրետ, Հայ Ազգային Կոնգրեսի, ԲՀԿ-ի, Դաշնակցության եւ մասամբ «Ժառանգության» նախընտրական փուլում ծավալած համագործակցության արդյունքում։ Բայց դրանով հանդերձ, ոմանց համար, թե՛ Կոնգրեսի ներսում, թե՛ նրանից դուրս, դժվար է խոստովանել այդ բանը, որովհետեւ ընտրություններից առաջ նրանք բոլորովին այլ սցենարներ էին գուշակում՝ այն է, որ ԲՀԿ-ն ընտրություններին մասնակցելու է ՀՀԿ-ի հետ կազմած միասնական ցուցակով, որ մնալու է իշխող կոալիցիայի կազմում, որ ընդդիմադիր խաղալով ու ընդդիմությունից ձայներ փախցնելով, միեւնույն է, վերջիվերջո բռնելու է ախքացման ճանապարհը եւ այլն։ Թեեւ այդ ամենը տեղի չունեցավ, այլ ընդհակառակը, ԲՀԿ-ն թե՛ ընտրությունների ընթացքում, թե՛ կառավարության ծրագրի քննարկման ու քվեարկության ժամանակ լիարժեք կերպով համագործակցեց ընդդիմադիր մյուս ուժերի հետ, բայց դա չի խանգարում, որ ոմանք այսօր էլ փորձեն կասկածներ սերմանել եւ նսեմացնել մեր երկրում հաստատված ու գրեթե բոլորի կողմից գնահատված նոր քաղաքական իրադրության նշանակությունը։ Այդ նպատակին հասնելու համար սովորաբար կիրառվում է երկու հնարք՝ առաջին. ԲՀԿ-ի ցանկացած գործողության ետեւում տեսնել Ռոբերտ Քոչարյանի ականջները եւ վերջինիս վերադարձի սպառնալիքով սարսափեցնել ժողովրդին, եւ երկրորդ. հասարակությանն ամեն կերպ համոզել, որ ԲՀԿ-ն իրականում ընդդիմություն չէ, քանի որ այդ մասին, ԱԺ կանոնակարգի պահանջին համապատասխան, հայտարարություն չի արել։
Մամուլում տիրող շփոթն այնքան մեծ է, որ, ըստ երեւույթին, հարկ կա առանձին-առանձին անդրադառնալու այս երկու հնարքներին էլ։ Նախեւառաջ, դեմագոգիան մեկ կողմ դնելով, մեկանգամընդմիշտ պետք է արձանագրել, որ Քոչարյանի վերադարձի սպառնալիքով ժողովրդին սարսափեցնելը հետապնդում է մեկ ակնհայտ նպատակ, այն է՝ Սերժ Սարգսյանի՝ որպես չարյաց փոքրագույնի, իշխանության ամրապնդումը, քանի որ այդպիսի սպառնալիք իրականում գոյություն չունի, եւ Քոչարյանն ինքը, հոկտեմբերի 27-ի ոճրագործության եւ մարտի 1-ին հեղված արյան մեղքի տակ կքած, Հայաստանի ամենասարսափած մարդն է։ Եւ երկրորդ՝ ընդդիմություն լինել-չլինելը բնորոշվում է ոչ թե այդ մասին արված հայտարարությամբ, այլ որեւէ քաղաքական ուժի կոնկրետ կարգավիճակով։ Ժողովրդավարական երկրներում բոլոր այն կուսակցությունները, որոնք կառավարության մաս են կազմում, իշխանություն են, իսկ որոնք դուրս են կառավարությունից, ընդդիմություն են, անկախ այն բանից՝ այդպիսի հայտարարություն կանեն, թե ոչ։ Ուստի ԱԺ կանոնակարգի այդ դրույթը պարզապես հիմարություն կամ, ոսկեղենիկ հայերենով արտահայտված, իդիոտիզմ է, որն առաջին իսկ հնարավորության դեպքում ընդդիմադիր պատգամավորների պահանջով, որպես խայտառակություն, պետք է վերացվի։ Իմ կարծիքով, այնքան էլ հաջող չէ նաեւ ԲՀԿ-ի «իշխանության այլընտրանք» ինքնահորջորջումը, քանի որ բոլոր ընդդիմություններն էլ ինքնըստինքյան իշխանության այլընտրանք են։ Որեւէ կուսակցության համար ընդդիմություն լինելը ոչ թե նվաստացում է, այլ պատիվ, ուստի ամենեւին պետք չէ խրտնել այդ բառից։
Ինչեւիցէ, իրերը կոչելով իրենց անունով, հարկ է արձանագրել հետեւյալը. անկախ կոչված որոշ մամուլի միջոցներ եւ քաղաքական ուժեր, այդ թվում նաեւ ՀԱԿ-ից անջատված տարրեր, անցյալ տարվա հոկտեմբերից սկսած պայքարել եւ, հակառակ իրենց կանխատեսումների չարդարացման, այսօր էլ շարունակում են պայքարել ԲՀԿ ընդդիմացումը եւ քաղաքական մյուս ուժերի, հատկապես Կոնգրեսի հետ, համագործակցությունը վիժեցնելու համար, նպատակ հետապնդելով ԲՀԿ-ին կրկին մղել Ս.Սարգսյանի գիրկը։ Այսինքն, փոխանակ ԲՀԿ-ի անկախացման ձգտումը քաջալերելու եւ նրան Ս.Սարգսյանից ու ՀՀԿ-ից ավելի հեռացնելու, նրանք, իբրեւ թե գաղափարական նկատառումներով, բայց իրականում ամբոխավարական էժանագին հնարքներով, բարոյական ու հոգեբանական ճնշում են բանեցնում ԲՀԿ-ի վրա՝ վերականգնելու համար իշխանական նախկին մոնոլիտը։ Ավելի պարզ ասած՝ նրանք ձգտում են անել այն, ինչ ոչ մի կերպ չհաջողվեց անել Ս.Սարգսյանին, այն է՝ ԲՀԿ-ին նորից դարձնել Հանրապետական կուսակցության կցորդն ու հլուհնազանդ կամակատարը։ Այդ խնդիրը լուծելու համար իշխանությունն, իր կողմից, բացի քարոզչական միջոցներից, բնականաբար, օգտագործելու է, եւ կարծես թե արդեն իսկ սկսել է օգտագործել նաեւ հարկային, ուժային եւ վարչական ճնշումների մեխանիզմները։ Լուրջ քաղաքական գործոն դառնալու հավակնություն ունեցող ցանկացած ուժ, տվյալ պարագայում ԲՀԿ-ն, պետք է կարողանա դիմանալ այդ ճնշումներին եւ չվախենա դրանցից։ Էլ ինչ քաղաքական ուժ, որ պետք է ընկրկի ճնշումների առաջ։ Տարիներ շարունակ ՀԱԿ-ը ենթարկվեց շատ ավելի դաժան ճնշումների, գնդակոծվեց, բանտերն ընկավ եւ այլն, բայց որեւէ մտադրություն չունի դադարեցնել պայքարը ավազակապետական ռեժիմի դեմ՝ մինչեւ վերջնական հաղթանակ։ Եթե այս ամենից հետո ԲՀԿ-ն հնազանդություն հայտնի Ս.Սարգսյանին, ապա դա կլինի նրա, որպես քաղաքական գործոնի, վերջը։ Հետեւաբար, նրա գոյության եւ քաղաքական ապագայի միակ երաշխիքը մնում է իրական ընդդիմություն դառնալու նրա վճռականությունը, եւ մեր երկրի ճակատագրով մտահոգ բոլոր առողջ ուժերը պարտավոր են ոչ թե խանգարել, այլ նպաստել դրան, քանզի բացի երկրի շահերից բխող նկատառումներից, այդ է պահանջում նաեւ քաղաքականության այբուբենը։ Այս տարրական ճշմարտությունը հասկանալու համար յուրաքանչյուր ոք պետք է ընդամենը իրեն մեկ հարց տա. կոալիցիոն կառավարությանը մաս կազմելուց ԲՀԿ-ի հրաժարումը ուժեղացրե՞ց, թե՞ թուլացրեց Ս.Սարգսյանին կամ, նույնն է թե, ավազակապետությանը։ Վստահ եմ, որ չնախապաշարված ցանկացած մարդ կպատասխանի՝ պարզ չէ՞, որ թուլացրեց։ Էլ մեր ուզածն ի՞նչ էր, եւ ինչո՞վ են զբաղված խառնակիչները։
Այսպիսով, անուրանալի փաստ է, որ 1999 թվականից հետո առաջին անգամ այսօր մենք ունենք որակապես բոլորովին նոր խորհրդարան, որում ընդդիմության չորս խմբակցությունները՝ ՀԱԿը, ԲՀԿ-ն, Դաշնակցությունը եւ «Ժառանգություն»-ը ներկայացված են 54 պատգամավորով։ Փաստ է նաեւ, որ խորհրդարանական առաջին իսկ քվեարկության ժամանակ կառավարության ներկայացրած ծրագիրն ստացել է 49 «դեմ» ձայն, ինչն իր հեռավոր նախադեպն անգամ չունի Սերժ Սարգսյանի գլխավորած վարչախմբի ողջ գոյության ընթացքում։ Բավական է նշել, որ 2007 թվականին կառավարության ծրագիրն ստացել է 0, իսկ 2008-ին՝ ընդամենը 3 «դեմ»։ Պետք է հուսալ, որ ընդդիմադիր ուժերի համերաշխ քվեարկությունը կշարունակվի նաեւ այսուհետեւ։ Ինչպես ընդունված է ժողովրդավարական երկրներում, ընդդիմությունը, որպես կանոն, պետք է դեմ քվեարկի կառավարության ներկայացրած բոլոր օրինագծերին՝ չստանձնելով իշխող մեծամասնության կողմից ընդունված օրենքների պատասխանատվությունը։ Ոչ ոք ընդդիմությանը չի կարող մեղադրել խորհրդարանի օրենսդիր գործունեությունը խափանելու մեջ, որովհետեւ կառավարությունն ԱԺ-ում մեծամասնություն ունենալով, պարտավոր է ապահովել օրենքների ընդունումը։ Ժողովրդի սոցիալական վիճակի կամ հարկային բեռի թեթեւացմանը վերաբերող օրինագծերի պարագայում ընդդիմությունը պետք է պահանջի ավելի զգալի թեթեւացում, ասենք, կենսաթոշակների ու աշխատավարձերի բարձրացման կառավարության առաջարկած 5%-ի փոխարեն պահանջի 10%-ի բարձրացում, իսկ այդ պահանջի չընդունվելու պարագայում կրկին դեմ պետք է քվեարկի համապատասխան օրինագծին։ Իշխող մեծամասնության հետ համերաշխ քվեարկություն հնարավոր է միայն ազգային անվտանգությանը եւ արտաքին մարտահրավերներին վերաբերող օրենքների ընդունման դեպքում։ Ընդդիմությունը սիստեմատիկաբար պետք է օգտագործի նաեւ ՍԴ-ում՝ խորհրդարանական մեծամասնության կողմից ընդունված օրենքների սահմանադրականության վիճարկման մեխանիզմը։ Այս ամենի հետեւանքով թեկուզ իշխանությունների կողմից բարբարոսաբար կեղծված ընտրությունների արդյունքում ձեւավորված ներկա խորհրդարանը իրապես կարող է վերածվել քաղաքական բանավեճի լուրջ թատերաբեմի եւ իշխանության իրական հակակշռի, ինչը ժողովրդավարական եւ իրավական պետության կայացման միակ գրավականն է։
Թե ինչպիսի զարգացումներ տեղի կունենան խորհրդարանի հետագա գործունեության ընթացքում կամ ընդհանրապես Հայաստանի ներքաղաքական կյանքում, հայտնի կդառնան ամառային արձակուրդներից հետո, մանավանդ առաջիկա նախագահական ընտրությունների նախօրյակին, ինչի մասին մենք ձեզ հետ կխոսենք հաջորդ հանրահավաքի ժամանակ, որն ամենայն հավանականությամբ կկայանա սեպտեմբեր ամսին, եթե մինչ այդ հանրահավաքի անհրաժեշտություն առաջացնող արտառոց իրադարձություններ չպատահեն։.




Լրահոս