Ցեղասպանության մասին Հակոբ Հակոբյանի (Ճոյտի) ֆիլմը առաջացրել է մասնագետների վրդովմունքը. «Չորրորդ իշխանություն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Այսօր տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստը, որը նախագահելու է Սերժ Սարգսյանը: «ՉԻ» տեղեկություններով, ի թիվս այլ միջոցառումների, կորոշվի նաև Աժ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի՝ Ճոյտի ստեղծած ֆիլմի ճակատագիրը:

Նշենք, որ փետրվարի 10-ին առաջին անգամ մեծ էկրան կբարձրանա Ճոյտի հեղինակած «Հիշողություն» ֆիլմը, որը ըստ էության վերջինիս հիշողությունների էկրանավորումն է: «ՉԻ» տեղեկություններով՝ Հայոց ցեղասպանությունը հայուհու և թուրք երիտասարդի սիրավեպի սենտիմենտալ մոտիվներով ներկայացված եղեռնի թեման է, որը ներկայացված է ոչ այնքան պրոֆեսիոնալ, երբեմն նաև պատմական փաստերի աղավաղումներով, գեղարվեստական ոչ գրագետ լուծումներով, առաջացրել է օրերս փակ դիտումին հրավիրված կինոոլորտի, պատմության, ինչպես նաև միջազգային իրավունքի մասնագետների վրդովմունքը:

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ վերջիններս էլ նախաձեռնել են այսօր հանձնաժողովում բարձրացնել ֆիլմի հեռանկարի, իսկ ավելի ճիշտ՝ նրա ցուցադրությունը առժամանակ հետաձգելու և գոնե որոշ մտքեր ու դրվագներ խմբագրելու միջոցով հղկելու հարցը:

Մեզ հասած տեղեկություններով՝ անգամ հնչել են ավելի համարձակ առաջարկներ, որ արգելափակվի ֆիլմի ցուցադրումը և թույլ չտրվի այն տեղադրել նույնիսկ համացանցում, քանի որ դրանում տեղ գտած ոչ օբյեկտիվ և ոչ գրագետ մոտեցումները կարող են ջուր լցնել թշնամու ջրաղացին: Ի դեպ, Ճոյտը հպարտորեն ներկայացնում է, որ հենց ինքն է ֆիլմի սցենարի հեղինակը, և ֆիլմի ռեժիսորը հենց իր պատկերացումներն է արտացոլել առանց մասնագետների միջամտության՝ լինեն կինոգետներ, պատմաբաններ, թե ցեղասպանագետներ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս