Միջադեպ՝ օպերայի և բալետի թատրոնում. հայտնի դաշնակահարի համերգը ձախողվել է դիրիժորի հետ վիճաբանության պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում օրեր առաջ պետք է տեղի ունենար իտալացի դաշնակահար Անտոնիո Կոնսալեսի համերգը: Այն, սակայն, ձախողվել է դիրիժոր Կարեն Դուրգարյանի հետ վիճաբանության պատճառով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին իտալացի դաշնակահարի հայ մենեջերներ Մարինա Սարգսյանը և Դավիթ Խաչատրյանը ՝ ներկայացնելով դեպքի մանրամասները:

Դավիթ Խաչատրյանի խոսքով` Կոնսալեսը դեռևս անցյալ տարի պետք է համերգով հանդես գար Հայաստանում, սակայն այդ օրերին հանկարծամահ էր եղել նրա մայրը։

«Այս համերգից առաջ էլ` փորձերի ժամանակ, ամեն ինչ նորմալ էր, նույնիսկ Անտոնիո Կոնսալեսը և Կարեն Դուրգարյանը հրաժեշտ տվեցին իրար ձեռքսեղմումով: Մինչ համերգի օրը Կոնսալեսը և Դուրգարյանը խնդիրներ չեն ունեցել, իսկ համերգի մեկնարկից 2 ժամ առաջ դիրիժոր Դուրգարյանը հայտնեց, որ համերգը չպետք է կայանա: Դուրգարյանը նորից փորձ էր պահանջում, իսկ Կոնսալեսը սովորություն չունի համերգից առաջ փորձ անելու: Արդյունքում դիրիժորը դուրս եկավ բեմ և հայտարարեց, որ Կոնսալեսը հիվանդ է և համերգը չի կայանալու»,­ – նշեց Խաչատրյանը:

Նա պատմեց, որ Անտոնիո Կոնսալեսին բարկացրել է նման վերաբերմունքը:
Օպերային թատրոնի ռեժիսոր Մարինա Սարգսյանն էլ նշեց, որ խնդիրը չի եղել ստեղծագործական, այլ ունեցել է անձնային բնույթ:

«Չգիտեմ, թե ինչու Կոնսալեսը նման վերաբերմունքի արժանացավ Դուրգարյանի կողմից, սակայն երկար տարիներ աշխատելով այս բնագավառում` կարող եմ ասել, որ Կարեն Դուրգարյանն ամբիցիոզ է և դժվար է նրա հետ լեզու գտնելը: Մինչ օրս էլ Դուրգարյանը չի բացատրել, թե ինչու չնվագեց Կոնսալեսի հետ»,­- ասաց Սարգսյանը:

Նշենք, որ Փետրվարի 5­-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նախատեսված էր իտալացի հռչակավոր դաշնակահար Անտոնիո Կոնսալեսի համերգը: Սակայն համերգից մոտ երկու ժամ առաջ այն չեղյալ է հայտարարվել:




Լրահոս