ՎԱՐԴԱՆԱՆՔԸ՝ ԳՅՈՒՄՐՎԱ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե 5-րդ դարի պատմիչ Եղիշեն ողջ լիներ հիմա, ապա «Վասն Վարդանանց եւ հայոց պատերազմի» երկը կգրեր բոլորովին այլ կերպ, այլ շեշտադրումներով:
Այն բանից հետո, երբ ՀՀԿ-ն Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին արգելեց առաջադրվել ՏԻՄ ընտրություններում, վերջինս իսկական պատերազմ է հայտարարել ՀՀԿ-ին: Այս պահին նրա թիրախում հայտնվել է Շիրակի մարզի թիվ 35 ընտրատարածքից ընտրված ՀՀԿ խորհրդի անդամ Աշոտ Աղաբաբյանը՝ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի աներորդին: Պատասխանելով վերջին օրերին իր դեմ Աղաբաբյանի հարցազրույցներին՝ նա իրեն բնորոշ կոլորիտային ոճով խոսքեր չի խնայել կուսակից ընկերոջ հասցեին՝ նրան հռչակելով «Վասակյան»: Բայց որպեսզի ընթերցողը հնարավորություն ունենա վայելելու Ղուկասյանի  խոսքն իր կոլորիտով, մեջբերում ենք այն տառացի. «Ցավում եմ, որ հայոց ազգի մեջ նմանատիպ մարդիկ կան, որոնք Վասակի հոգեբանությամբ են առաջնորդվում: Աշոտն իրավունք չուներ Ազգային Ժողով մտներ, նա իրավունք չուներ քաղաքականության մեջ իր անուն-ազգանունը գրելու, սեփականաշնորհելու ազգի հարստությունը՝ Հրազդան մարզադաշտը: Նա պատմություն, ծագումնաբանություն չունեցող մի անձնավորություն է, որը բացի աշխարհիկ հաճույքներից ոչ մի այլ նորմալ բանի հակում չունի, նա այդ հաճույքների համար անգամ հայրենիքը կարող է ծախել: Աշխարհիկ հաճույքները նրան հասցրել են այն աստիճանի, որ ինքն իրեն ժամանակից շուտ թոշակի է ուղարկել, այլապես թերթից թերթ թռնելով, զառանցանքներ չէր արտահայտի: Բոլորն էլ տեսան, թե իր հարազատ Աջափնյակում ոնց են մարդիկ իրեն ատում: Եթե հեղինակություն ունենար իր ապրած թաղում, գյումրեցիների ու շիրակցիների մեջքի ետեւում պահ չէր մտնի: Մորուք պահելով, պատիվ ձեռք չես բերի, ժամանակը կգա, ես ամեն ինչ կանեմ, որ մարդիկ քո իսկական անդեմ կերպը տեսնեն՝ առանց մորուքի: Լսիր այ նախկին բուֆետչիկ, որ այդ հոգեբանությամբ էլ մնացիր, դռներս չոքած էիր, ընտանիքիդ անդամների հետ Օազիսում շնորհակալություն էիր հայտնում, որ ես քեզ օգնեցի պատգամավոր դառնալ: Մոռացել ես ոնց էիր ընկել ոտքերս ու խնդրում էիր, թե պարոն քաղաքապետ, ասա Ռոյին, որ հանկարծ չբողոքարկի ընտրությունների արդյունքները: Լսիր դու, այ չար, ես նախկինում էլ, հիմա էլ ու քաղաքապետ չլինելով էլ, կմնամ այն մարդը, ինչ եղել եմ: Բայց քեզ նմանները, որոնք անգամ հրապարակային ծեծվելուց չեն ամաչել, ինձ պատասխան են տալու: Քեզ նմաններն են, որ խայտառակել ու խայտառակում են կուսակցությունը, Ազգային Ժողովը եւ հայ մարդու կերպարը: Դու ինչ ես արել Գյումրու համար, բացի քո բիզնեսը պահելուց: Գիտեցիր, որ քեզ նմաններին ուղղակի քշելու եմ Գյումրուց: Տղա ես դարձել, բլբուլ ես դարձել, սկսել ես խոսել, այդքան դարձել ես հա: Դու իսկական Վասակյան ես, դու ինչ Աղաբաբյան: Դեռ այսքանը»,-գրել է նա ու որպես հետգրություն ավելացրել. «Կյանքում ոչ մի բանի համար չեմ փոշմանել, անգամ եթե սխալ եմ գործել: Բայց կա բացառություն՝ Բուռնաշը: Փոշմանել եմ, որ դրան երկու անգամ պատգամավոր եմ դարձրել: Չկարողացա դիմանալ դրա եւ դրա գերդաստանի աղերսանքներին եւ աջակցեցի: Աստված թող ների ինձ, որ գյումրեցիներին ու ղուկասյանցիներին ես բուռնաշատիպ պատգամավոր տվեցի, այլ ոչ թե մի կարգին մարդ: Դե, ինչ արած, ես էլ եմ մարդ, սխալվելու իրավունք ունեմ»:
Թեեւ այս հայտարարությունն ուղղված է Աշոտ Աղաբաբյանի դեմ, սակայն ակնհայտ է, որ Ղուկասյանը չի կարողացել տանել վերջին օրերին իր անձի շուրջ կատարվողն ու հիմա այդպես «մուռ է հանում» ՀՀԿ-ից:
«Ես չեմ կարող համեմատվել Աշոտ Աղաբաբյանի հետ, ուր մնաց՝ Վարդան Ղուկասյանը»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ղուկասյանին այսպես արձագանքեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: «Չէր կարող Աղաբաբյանը Վարդան Ղուկասյանի շնորհիվ պատգամավոր դառնալ, որովհետեւ նա գյուղական համայնքներով է ընտրվել: Առավել եւս, վերջին ընտրություններում Գյումրու քաղաքապետը որեւէ աջակցություն ցույց չի տվել Աղաբաբյանին ու չէր էլ կարող ցույց տալ: Բացի այդ, Աղաբաբյանը Գյումրիում միակ թեկնածուն է եղել, որը կարողացել է անցնել պատգամավոր ու ՀՀԿ-ին ձայն բերել: Այնպես որ, նա որեւէ կապ ո՛չ ունեցել է, ո՛չ էլ կարող էր ունենալ Գյումրու քաղաքապետի հետ»,- ասաց պարոն Սահակյանը: Իսկ թե ինչ է նշանակում Վարդան Ղուկասյանի պահվածքը, Գալուստ Սահակյանը նշեց. «Անհաշտ վիճակների մեջ է: Իհարկե, իրեն էլ եմ բավական լուրջ ընդունում, բայց եթե մարդը չի կարող իր ամբողջության գնահատականների մեջ տեղավորվել, անպայման իրենից ավելի վեր գտնվող ամբողջության մասին միշտ էլ կարողանում է կայծակնային արագությամբ ինչ-որ բան ասել»,-նշեց Սահակյանը: ՀՀԿ փոխնախագահն ասաց, որ կուսակցության ներսում իրենք չեն քննարկի այս հարցը. «Չեմ կարծում, որ մեր կուսակցության ներսում գրաքննադատությամբ ու բանաքննադատությամբ պետք է զբաղվենք: Մենք անում ենք այն, ինչ անհրաժեշտ է»:
Այսպիսով՝ ՀՀԿ-ականներ Վարդան Ղուկասյանի եւ Աշոտ Աղաբաբյանի նման վիրավորական արտահայտությունները միմյանց հանդեպ ցույց են տալիս, որ ՀՀԿ-ն Շիրակի մարզում գոյություն չունի, եւ առավել քան ճիշտ էր ձեւականորեն Բալասանյանին պաշտպանելը, քանզի այդպիսով գոնե ձեւականորեն ՀՀԿ-ն կխուսափի հանրապետության երկրորդ քաղաքում պարտություն կրելու հեռանկարից:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս