Armenian text to speach

Կրետեի ափերի մոտ մի քանի ժամում ավելի քան 1 000 միգրանտի են փրկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաբաթ վաղ առավոտից Կրետեի հարավային ափերի մոտ ծովում ավելի քան 1 000 մարդու են փրկել՝ Հյուսիսային Աֆրիկայից Եվրոպա հասնել փորձող միգրանտների թվի աճի ֆոնին։

Ինչպես հաղորդել է տեղի Cretalive պարբերականը, կեսգիշերից հետո մի քանի վայրերում՝ Գավդոս կղզու մոտ, Կալի Լիմենես նավահանգստի շրջանում և Սֆակիա համայնքի Տրիպիտի լողափում, հայտնաբերել և փրկել են շուրջ 583 օտարերկրյա քաղաքացու։

Ավելի ուշ Սահմանապահ և առափնյա պահպանության եվրոպական գործակալության՝ Frontex-ի անօդաչու թռչող սարքը Կալի Լիմենեսից հարավ չորս նավակ է հայտնաբերել։ Գործողություններից մեկի ընթացքում փրկել են շուրջ 274 միգրանտի, որոնց տեղափոխում էին նավահանգիստ։ Մեկ այլ դեպքում Հունաստանի առափնյա պահպանության պարեկային նավը Իերապետրայից հարավ-արևմուտք նավակ է հայտնաբերել և փրկել մոտ 46 մարդու։

Այսպիսով, միայն հրապարակման մեջ նշված մի քանի գործողությունների ընթացքում փրկվել է ավելի քան 900 մարդ։ Առափնյա պահպանությունը հայտնել է, որ վաղ առավոտից փրկվածների ընդհանուր թիվը գերազանցել է 1 000-ը։

Հունաստանն այն հինգ եվրոպական երկրների թվում է, որոնք նախատեսում են Ռուանդայում ստեղծել միգրանտների վերադարձի այսպես կոչված կենտրոն։ Ենթադրվում է, որ այնտեղ կուղարկեն այն մարդկանց, որոնց մերժել են ապաստան տրամադրել։

Եվրամիությունն արդեն մի քանի տարի է՝ խստացնում է միգրացիոն քաղաքականությունը՝ ձգտելով կրճատել ապաստան հայցողների թիվը և ավելացնել նրանց արտաքսումները, ովքեր իրավունք չունեն մնալու միության երկրների տարածքում։ Միգրանտներին Եվրոպայից դուրս գտնվող կենտրոններում տեղավորելը դարձել է այդ ջանքերի առանցքային ուղղություններից մեկը։




Մամուլի Տեսություն

Լրահոս