Ինչպես է իշխանական եռյակը «նեղում» Գագիկ Ծառուկյանի մերձավորներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդը» օրեր առաջ գրել էր, որ իշխանություններն արդեն սկսել են ԱԺ ԲՀԿ խմբակցության պառակտման աշխատանքները: Բանն այն է, որ իշխանության ներկայացուցիչները ԱԺ ԲՀԿ անդամներին «հրավիրում» են իրենց աշխատասենյակներ ու հորդորում լքել ԲՀԿ շարքերը: Ըստ մեր տեղեկությունների` ԲՀԿ-ականների հետ աշխատող «խումբը» բաժանվել է երեք մասի` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյան, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան:

Նրանք ԲՀԿ-ական պատգամավորներին բացատրում են, որ ավելի լավ է` Ծառուկյանի կողքից հեռանան, հակառակ դեպքում` խորհրդարանի նիստերից բացակայելու հիմքով պարզապես կարող են զրկվել ԱԺ պատգամավորի մանդատից:

Արդեն իսկ ակնհայտ է, որ այս «եռյակ»-ին հաջողվում է հրաշալի կատարել իր առջև դրված խնդիրը: Երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս գալու դիմում էր ներկայացրել Արագած Ախոյանը, իսկ խմբակցությունից` Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո): Ակնհայտ է, որ առաջիկայում ևս ԲՀԿ-ից դուրս գալու դիմումներ կլինեն, քանի որ գործարարներին ոչ մի դեպքում ձեռնտու չէ իշխանությունների հետ հարաբերությունների վատացումը:

Ինչպես արդեն նշեցինք, ԲՀԿ-ական պատգամավորները ստանում են նաև մանդատից զրկվելու սպառնալիքներ:

Armlur.am-ն արդեն ներկայացրել էր, թե բացի ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանից` որ ԲՀԿ-ականներն են կանգնած մանդատից զրկվելու շեմին: Այսօր մի փոքր անդրադարձ կկատարենք նրանցից յուրաքանչյուրի քաղաքական անցյալին:

Նախ նշենք, որ բացի Գագիկ Ծառուկյանից՝ թիրախային գոտում է ևս 3 ԲՀԿ-ական պատգամավոր՝ Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո), Ռուբեն Գևորգյանը (Ծաղիկ Ռուբո) և Ծառուկյանի խնամին՝ Մուրադ Գուլոյանը: Ռիսկային գոտում է գտնվում նաև Ռուստամ Գասպարյանը:

Ինչպես արդեն նշեցինք, Կարո  Կարապետյանը խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել և հայտարարել, թե Ազգային ժողովում  կշարունակի իր աշխատանքներն անկախ պատգամավորի կարգավիճակով: Նշենք, որ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն` համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորը խմբակցությունից դուրս գալու դեպքում զրկվում է մանդատից: Անկախ պատգամավոր կարող են մնալ համամասնական ցուցակում ընդգրկված միայն առաջին երեք պատգամավորները: Նման արտոնությունից կարող են օգտվել նաև մեծամասնական պատգամավորները:  Ըստ այդմ, Արագած Ախոյանը ևս չի կարող մնալ որպես անկախ պատգամավոր, իսկ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, նրանց պահելով, կխախտի օրենքը:

Բացակաների պատճառով պատգամավորական մանդատից զրկվելու թեկնածուների թվում է նաև Մուրադ Գուլոյանը` Գ. Ծառուկյանի խնամին: Նշենք, որ Մ. Գուլոյանն այնքան էլ վաղուց չի հանդիսանում ԲՀԿ անդամ: Ոչ վաղ անցյալում նա ՀՀԿ-ական էր և ակտիվորեն պաշտպանում էր վերջինիս շահերը: Գուլոյանը երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերել և 2003 – 2007 թթ.` Ազգային ժողովի պատգամավոր ընտրվել համամասնական ընտրակարգով` ՀՀԿ-ից: Այնուհետև նա անդամագրվեց խնամու կուսակցությանը, և երկար ժամանակ Մ. Գուլոյանը և’ ՀՀԿ-ում էր, և’ ԲՀԿ-ում: Ազգային ժողովում նա ՀՀԿ խմբակցության անդամ էր, իսկ խորհրդարանից դուրս` ԲՀԿ-ի: Արդեն 2012թ. նա պատգամավոր ընտրվեց ԲՀԿ ցուցակով` թիվ 27 ընտրատարածքից:

Ռուբեն Գևորգյանը ևս երկար տարիներ եղել է ՀՀԿ-ի մարդը, սերտ հարաբերությունների մեջ եղել ԵԿՄ-ականների հետ և միայն վերջիններիս հետ հարաբերությունների սրման հետևանքով դարձավ ԲՀԿ-ական:  Նա 1993-2011թթ. եղել է ԵԿՄ վարչության անդամ, 1994-2005թթ.` ԵԿՄ Մաշտոցի, ապա` Դավթաշենի տարածքային կազմակերպության նախագահ: 1999-2003թ. պատգամավոր ընտրվել էր հենց ՀՀԿ-ից:

Թերևս միակ մարդը, ով մշտապես հավատարիմ է եղել ԲՀԿ-ին և Գագիկ Ծառուկյանին, եղել է Ռուստամ Գասպարյանը: Նա իր պատգամավորական գործունեությունն ու քաղաքական ուղին սկսել է հենց ԲՀԿ-ից:




Լրահոս