Մարտի 1-ին ոչ մի զինված ցուցարար չի եղել. Ջոզեֆ Փենինգտոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յոթ տարի առաջ՝ հենց այս օրերին, Հայաստանում տեղի էին ունենում փոթորկահույզ իրադարձություններ: Նախագահական «ընտրություններին» հաջորդեցին ընդդիմության անդադար հանրահավաքները Ազատության հրապարակում, որոնք ընդմիջվեցին բացառապես իշխանության բռնությունների պատճառով: Ստորեւ ներկայացնում ենք «Վիկիլիքսի» կողմից հանրայնացված դիվանագիտական մի քանի փաստաթղթեր՝ կազմված 2008թ. մարտի 1-ին հաջորդող շրջանում: Խորհրդապահական կնիքով առանձնացված զեկուցագրերում՝ ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը քննարկում է Մարտի 1-ին տեղի ունեցածը: Խիստ ուշագրավ է, որ հեղինակը, ներկայացնելով հանդերձ իշխանության առաջ քաշած վարկածները, ընդգծում է, որ խաղաղ հանրահավաքներն ընդմիջվել են Կառավարության ստորաբաժանումների բիրտ գործողությունների շնորհիվ, իսկ ցուցարարներից ոչ ոք հրազեն չի ունեցել:

Փենինգտոնի մատուցմամբ՝ մարտի 1-ի կեսօրին ցուցարարները զինվել են բազմաթիվ ինքնաշեն գործիքներով եւ բարիկադներ կառուցել: Հեղինակն արձանագրում է՝ «ի հեճուկս իշխանության ու Կառավարության պնդումների եւ հիմնվելով բազմաթիվ առաջին ձեռքից ստացված տեղեկությունների վրա՝ մենք ապացույցներ չունենք, որ ցուցարաների մեջ եղել են հրազենով զինված մարդիկ: Մենք հավատացած ենք, որ հրազենով զինված են եղել միայն կառավարական ուժերը»: Սա արդեն իսկ բավականին հավաստի վկայություն է այն բանի, ինչն, ի դեպ, ապացուցվեց նախորդ տարիներին, որ ցուցարարների վրա կրակելու եւ արտակարգ դրություն հայտարարելու ոչ մի իրական ու իրավական հիմք չի եղել:

Շարունակելով դեպքերի նկարագրությունը՝ դիվանագետը հավելում է, որ Կառավարության ուժերն իրենց հարձակումը ցուցարարների վրա սկսել են 21:10-ի սահմաններում: Ըստ նրա՝ անվտանգության մարմինները սկսեցին իրենց գործողությունները հազարավոր կրակոցներ արձակելով դեպի օդ՝ ցուցարարներին վախ ներշնչելու նպատակով: Փենինգտոնը նկատում է, որ դա ազդեց լոկ փոքր շրջանակի վրա, քանզի ցուցարարների մեծ մասը միակամ գտնվեց ու չընկրկեց կրակոցների առաջ: Նա հայտնում է, որ այդ ժամանակ է սկսվում ցուցարարների նկատմամբ գրոհը, որն էլ ամուր դիմադրության է արժանանում: Դիվանագետը, հղելով ինչ-ինչ «ցուցիչների», հավատացած է, որ այդ ժամանակ են որոշ ոստիկաններ կամ էլ զինվորներ, ի վերջո, գործի դրել իրենց զենքերը՝ ուղիղ կրակ արձակելով ցուցարարների վրա: Ըստ էության, դիվանագիտական բարձր մակարդակով հաստատվում են անզեն ցուցարարների վրա ձեռնարկված գրոհը եւ դիմահար կրակելու հանգամանքները:

Փենինգտոնը պատմում է, որ մարտի 1-ի երեկոյան Քոչարյանի կողմից ստորագրված եւ հենց նույն գիշերն էլ ՀՀ ԱԺ-ի կողմից շուտափույթ վավերացված արտակարգ դրության մասին հրամանագիրը հետեւանք էր իշխանության անվտանգության մարմինների կողմից առավոտյան Ազատության հրապարակից ցուցարարների հեռացմանը: Քոչարյանն արդարացնում էր իր քայլերը, թե իբր կարիք կար բռնի ցույցերին արձագանքելու ու հասարակական կարգը պահպանելու: Ամերիկացին ուշադրություն է հրավիրում ՀՀ իշխանությունների այն պնդման վրա, ըստ որի՝ ընդդիմությունը ոչ մի պատրաստակամություն չի ցուցաբերել խաղաղ հավաքների համար դիմումներ ներկայացնել ու շարունակել է ցուցաբերել ագրեսիա ու բռնության եւ վանդալիզմի ակնհայտ գործողություններ իրականացրել: Փենինգտոնի եւ ամերիկյան այլ դիվանագետների գրեթե բոլոր այսօրինակ զեկուցագրերում մենք արդեն իսկ հանդիպել ենք իշխանության՝ այս կարծիքի հանդեպ խորագույն թերհավատությանը:

Անդրադառնալով արդեն մարտի 2-ին Երեւանում տիրող վիճակին՝ Փենինգտոնը հիշեցնում է ՀՀ ԶՈՒ շտաբի պետ Սեյրան Օհանյանի հեռուստաուղերձը, որ բնակչությանը արգելում էր մասնակցել ցույցերին ու ձեռնարկել հակաիշխանական բողոքի որեւիցե գործողություն՝ խոստանալով խստորեն արձագանքել ցանկացած չթույլատրված հավաքի: Հեղինակն արձանագրում է, որ արտակարգ դրության պայմաններում հանրահավաքները եւ ցույցերը լիովին արգելված են: Ավելին՝ ՀՀ ոստիկանությունն ագրեսիվորեն հրահանգում է ցրվել ցանկացած քայլող խմբի, որ բաղկացած է ավելի քան 3-4 հոգուց: Դիվանագետը հայտնում է Երեւանում տիրող մթնոլորտի մասին, որտեղ «Կառավարությունը ոստիկաններին ու զինվորներին շարել է ողջ քաղաքով մեկ՝ բազում ճանապարհների վրա»: Հեղինակը կարեւորում է այն հանգամանքը, որ դեռ 2008թ. մարտի 1-ից մեկ շաբաթ առաջ, նույնիսկ արտակարգ դրության բացակայության պայմաններում, ՀՀ ոստիկանությունն արդեն իսկ արգելում էր մարդկանց մուտքը մարզերից մայրաքաղաք: Հատկանշական է, որ դրա հետեւանքով խախտվել է քաղաքացու՝ ազատ տեղաշարժվելու իրավունքը, ինչի համար, ըստ էության, ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել: Սա թույլ է տալիս ենթադրել, որ նման հրահանգ եղել է իշխանության ամենաբարձր օղակից՝ ցանկացած միջոցով նվազեցնել հրապարակի մարդաշատությունը եւ պահպանել իշխանությունը:

Ամփոփելով Փենինգտոնի արձանագրումները՝ հարկ է նկատել, որ միջազգային հանրությունը հար եւ նման զեկուցագրերով միանշանակորեն եւ հանգամանորեն տեղյակ է եղել Երեւանում տեղի ունեցած իրադարձություններին: Բոլորի համար էլ պարզ էր եւ հստակ, որ Հայաստանում ընդդիմության ցույցերն անցել են խաղաղ եւ զենք-զինամթերքի տիրապետող ու դրանք օգտագործող ցուցարարներ իրականում չեն եղել: Բայց եւ այնպես, առաջադեմ հանրությունը, ճշմարտությունն իմանալով հանդերձ, իշխանություններին սատարող դիրքորոշում որդեգրեց ու ցայսօր վճռական չեղավ 10 քաղաքացու սպանության բացահայտման հարցում՝ նախընտրելով շահարկել սույն ոճրագործությունը ու այդ կերպ զիջումներ կորզել մեղավորներից:

Նժդեհ Հովսեփյան




Լրահոս