«Լոպազ Արմանին» ըտենց վախեցած չէինք տեսել. լոպազից «պ» տառն էր մնացել». դատական նիստը վերածվեց զավեշտի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ «Նորաշեն -2007» կոոպերատիվի սնանկության գործով հերթական դատական նիստը: Այս նիստում պետք է լսվեին կառավարչի կողմից պահանջատերերին ներկայացված առարկությունները:

Հիշեցնենք, որ անցած տարվա վերջին նախկին կառավարիչ Հարութ Ղարիբյանին փոխարինեց նոր կառավարիչ Արման Սարգսյանը: Այսօրվա նիստը, կարելի է ասել, անցավ լարված մթնոլորտում. պահանջատերերին բարկացնում էին կառավարիչ Արման Սարգսյանի անհասկանալի ելույթները:

Մի քանի անգամ պահանջատերերը հորդորեցին բացատրել, թե ինչի մասին է խոսում կառավարիչը: Վերջինս էլ, փորձելով բացատրություններ տալ, ավելի խճճվեց, և նախագահող դատավոր Արթուր Սմբատյանը զայրացավ ու բղավեց նրա վրա, ինչն էլ առաջացնում էր դատական նիստին մասնակցող փաստաբանների ծիծաղը: Արդյունքում կառավարիչ Արման Սարգսյանը 10 րոպե ժամանակ խնդրեց, որպեսզի հարցերին կարողանա սպառիչ պատասխան տալ: 10 րոպեն էլ անցավ, սակայն արդյունք չտվեց, և ուրախ նիստը շարունակվեց: Արդեն կառավարիչն էր իր ասածների վրա փաստաբանների հետ միասին ծիծաղում:

«Նորաշեն-2007» կոոպերատիվից տուժածներն Armlur.am-ի հետ զրույցում պատմում էին, որ կառավարիչն ընդմիջման ժամանակ ասել էր նրանց, թե ինքն ինչ անի, երբ Վճռաբեկ դատարանից են իրեն և դատավորին հրահանգներ տալիս, ոչինչ իրենց ձեռքում չէ: Տուժողները խոսում էին, թե  կառավարիչ Արման Սարգսյանը նիստից հետո փախել է դատարանի հետնամուտքից: «Մենք նրան սապասում էինք, հետո տեսանք՝ չկա: Դատարանի աշխատողներն ասացին, որ արդեն գնացել է հետևի դռնով: Աշխատողներն էլ էին զարմացել, ասում էին կառավարչին «լոպազ Արման» են ասում դատական համակարգում ու ոչ ոք նրան չի հարգում իր պահելաձևի համար: Ասում էին՝ էդ ինչ արեցիք հալալ է ձեզ, «լոպազ Արմանին» ըտենց վախեցած չէինք տեսել, լոպազից «պ» տառն էր մնացել»:

Ըստ տուժողների՝ կառավարիչ Արման Սարգսյանն անընդհատ սխալներն ու առարկությունները գցում էր նախորդ կառավարիչ Հարութ Ղարիբյանի վրա, ով դատավորի կողմից այնքան էլ չընդունվեց: Անգամ դատավորի՝ մի քանի անգամ զգուշացումից հետո ևս ասում էր, թե նախկինն է արել, ես չգիտեմ:

«Մի քանի ամիս է՝ կառավարիչ է, բայց բացարձակ չի տիրապետում գործին: Երևի, լոպազությունն է խանգարում ու անընդհատ «բոչկա էր գլորում» նախկին կառավարչի` Հարութ Ղարիբյանի վրա: Անգամ տղամարդկություն չունեցավ ուղիղ դուրս գալ նիստերի դահլիճից, փախավ: Սրանց նման անփորձներին նշանակում են, որ մեր նյարդերի հաշվին սովորեն սնանկության գործ վարել: Մեկը լինի՝ իր ուղեղը կառավարի սնանկությունից»,- բարկացած պատմում էին տուժողները:

Հիշեցնենք, որ գործով որպես մեղադրյալ ներգրավված Արմեն Թադևոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի նախագահ, իր գործընկերոջ` Լուսաբեկ Սամվելյանի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն՝ նույն կոոպերատիվի կողմից կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարաններ վաճառելու պատրվակով 2007-2011թթ. ընթացքում բազմաթիվ քաղաքացիների վստահությունը չարաշահելով՝ նրանց հետ կնքել է բնակարանների նախնական և նախավճարի պայմանագրեր:

Ապա նրանք միասին գանձել և հափշտակել են 1 մլրդ 843 մլն 379 հազար 449 դրամ առանձնապես խոշոր չափի գումար, բնակարանները հետագայում իրացրել այլ անձանց, իսկ Ցոլակ Պետրոսյանը կամակերպել ու ղեկավարել է Ա. Թադևոսյանի և Լ. Սամվելյանի կողմից խարդախությամբ մի շարք անձանց առանձնապես խոշոր չափի գույքի հափշտակությունը:

Իսկ հետագայում ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն ու նրա ամուսինը, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ազգականը` Ռազմիկ Ավագյանն ու այլ բարձրաստիճան վաշխառուներ` նկատելով, որ քրեական դատավարությունում օրեցօր նոր բացահայտումներ են կատարվում` ուղղված իրենց և մյուս վաշխառուների դեմ, միաժամանակ գիտակցելով, որ գործը կարող է դուրս գալ իրենց վերահսկողությունից` գործը քննող դատավոր Արթուր Սմբատյանից պահանջում են սնանկ ճանաչել «Նորաշեն-2007» սպառողական կոոպերատիվը:




Լրահոս