ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉԷ, ԱՅԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ պատգամավոր ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում նշեց, որ իրենց կուսակցությունն արդեն վերակազմավորվել է, սակայն նրանք խուսափում են կուսակցականների թիվը հայտնել:
-Պարո՛ն Մարգարյան, ՕԵԿ-ը հայտարարեց, որ լուծարվում է, եւ շուրջ երկու ամիս կուսակցությունը գոյություն չուներ:  Ի վերջո, ի՞նչ եղավ ՕԵԿ-ի “ճակատագիրը”, ո՞ւր եք եւ ինչո՞վ եք զբաղված:
-Ո՛չ, չէր լուծարվել, վերակազմավորման գործընթացի մեջ էր, բոլորովին վերջերս մենք ավարտեցինք այդ գործընթացը ՀՀ բոլոր տարածքներում, բոլոր մարզային կառույցներում:
-Կնշե՞ք, թե վերակազմավորված ՕԵԿ-ը քանի անդամ ունի: 
-Չեմ ուզում թիվն ասել, մենք լրիվ ավարտել ենք գործընթացը, փորձաշրջան ենք տրամադրելու մեր նոր կուսակցականներին: Գիտեք, որ մարդիկ էս կուսակցությունից մյուս կուսակցություն են գնում, հիմա իրենք գործնականում պետք է այդ ամենն ապացուցեն, մենք կորոշենք:
-Երկրում օրեցօր աճում է արտագաղթը, մարդկանց սոցիալական դրությունն  է ծանրանում, իսկ ՕԵԿ-ը խոստացել է բարելավել երկրի վիճակը, սակայն ոչ ոք դա իր մաշկի վրա չի զգում: Կոնկրետ կնշե՞ք՝ ՕԵԿ-ն ինչ է անում:
-Ես միանգամից ասեմ, որ այդքան շատ ծանրացնելու անհրաժեշտություն չկա, որովհետեւ եթե դինամիկան ուսումնասիրում ենք, տարիներ շարունակ եղել է, որ մարդիկ ժամանակավոր արտագնա աշխատանքի են գնացել: Ես ասեմ, որ քիչ են դեպքերը, երբ վերջնականապես են գնում Հայաստանից: Ես Գյումրիից եմ, ու Դուք գիտեք, որ այնտեղ սոցիալական վիճակն ամենածանրն է, այստեղ պետք է ավելի շատ նկատվեր: Իհարկե կան, որ արտագնա աշխատանքի են մեկնում, քանի որ գործազրկությունն առկա է մեզ մոտ, եւ մարդիկ շատ դժվար են աշխատանք գտնում:
-Քանի որ ՕԵԿ-ն ու ՀՀԿ-ն են իրենց վրա վերցրել կառավարության ծրագրի իրագործումը, կասե՞ք՝ ինչ է արվել մինչ այս, որպեսզի մարդիկ աշխատանք ունենան ու չարտագաղթեն:
-Ուրեմն ի՞նչն է այս ամենի դեղամիջոցը. կարծում եմ՝ երեք կարեւոր գործոններ կան, որոնց մենք պետք է ուշադրություն դարձնենք: Ամենակարեւոր գործոններից մեկը պետք է լինի աշխատատեղերի ստեղծումը: Այն ոչ թե պետությունը պետք է վերցնի իր վրա, այլ իր հարկային քաղաքականությամբ բարենպաստ դաշտ պետք է ստեղծի մանր եւ միջին բիզնեսի զարգացման համար: Երբ նախորդ նիստին ներկայացվեց օրենքի մի նախագիծ՝ ,Արտոնագրային վճարների մասինե օրենսդրությունը, հենց այս ամենի մասին էր վկայում: Այսինքն՝ բազմակողմ մեր խնդիրներից մեկը պետք է լինի այն, որ մարդը չգնա արտագնա աշխատանքի, եւ առաջին պայմանն աշխատատեղ ստեղծելն ու դրա համար նպաստավոր պայմաններ տալն է:
-Բայց բացի ՕԵԿ-ից ու ՀՀԿ-ից, ոչ ոք չհավատաց կառավարության “կախարդական” ծրագրին, անգամ ԱԺ-ում ներկայացված կուսակցությունները դա անիրագործելի են համարում:
-Գիտեք, մեզ հուզող խնդիրները, գործիքներն ուղղում ենք այդ կողմը, բնականաբար, մենք քաջ գիտակցում ենք դրա իրագործելիությունը: Ընդհանրապես իշխանությունը միայն իրավունք չէ, այլ պատասխանատվություն, ամենօրյա հետեւողական աշխատանք է, այն պրոբլեմները, որ կան, պետք է վեր բարձրացնել ու լուծումները գտնել: Ոչ ոք չէր հավատում, որ ասում էիք, թե պետք է իրականացնենք անվճար ծննդօգնություն:
-Առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը բազմիցս հայտարարել է, որ այդ ամենն իր շնորհիվ է եղել, դա իր ծրագիրն է: Իսկ Դուք նշում եք, ու ՕԵԿ-ն է այդ ամենի հեղինակը:
-Գիտեք ինչ, չեմ ուզում որեւէ բառ օգտագործել, միայն մի բառ կասեմ. ծրագրերը կան, ինտերնետում կան, տարբեր թվերի նախընտրական ծրագրեր վերցրե՛ք, ուսումնասիրե՛ք: ՕԵԿ-ի 2003թ. ծրագիրը, 2007թ., 2012թ. ծրագրերը համադրե՛ք, ու այլեւս ոչինչ պետք չէ: Մենք լավին լավ ենք ասում, վատին՝ վատ, եթե լավ գործ կա, մենք այնտեղ կանք՝ կա՛մ նախաձեռնողն ենք, կա՛մ աջակցում ենք: Ամենաակտիվ խմբակցությունն ենք եղել: Խորհրդարանում ամենաշատ օրենքի հեղինակ ու համահեղինակն ենք եղել: Հիմա շարունակեմ. Ձեր ասածի պես շատերը սկսեցին ծիծաղել, հետո իրականության հետ հաշվի նստեցին, հետո հասկացան, որ այս ամենը անբեկանելի իրողություն է մեզանում:  Վերջերս ընդունված կոալիցիոն ծրագիրը կյանքի կոչելու համար անհրաժեշտ են համապատասխան օրենքներ, որի համար մենք  պետք է ձեռնամուխ լինենք եւ կլինենք:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս