ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հայաստանի դրամի փոխարժեքի տատանումներն ինչո՞վ են պայմանավորված: Ամեն օր նայում ենք բանկերի ցուցատախտակներին ու տեսնում, որ արտարժույթի գինը բարձրացել կամ իջել է:  

Նաիրա Ասատրյան, 32 տարեկան, ոճաբան


ՊԱՏԱՍԽԱՆ.
Ազատ լողացող փոխարժեքի ռեժիմի պայմաններում ազգային արժույթի փոխարժեքը ձեւավորվում է արժութային շուկայում առկա առաջարկի ու պահանջարկի եւ դրանց փոփոխությունների ազդեցության ներքո: Եթե արտահանման աճի կամ կապիտալի ներհոսքի հետեւանքով տվյալ ազգային արժույթի շուկայում ավելանում է արտարժույթի առաջարկը, ազգային արժույթի դիրքերն անհրաժեշտաբար ամրապնդվում են: Համապատասխանաբար, ներմուծման աճը կամ կապիտալի արտահոսքը նպաստում են ազգային արժույթի դիրքերի թուլացմանը: Արժութային շուկայում առկա առաջարկն ու պահանջարկը կարող է փոփոխվել նաեւ մի շարք այլ գործոնների ազդեցության ներքո, որոնցից են մասնավորապես կառավարության ծախսերը, ԿԲ-ի ինտերվենցիաները, արժութային կարգավորման ոլորտում օրենսդրական փոփոխությունները, էներգակիրների գների տատանումները, բնակչության մոտ ձեւավորվող սպասումները: Փոխարժեքի փոփոխությունը կարող է լինել բավականին տեւական, երբ այն պայմանավորված է երկարաժամկետ բնույթի գործոններով (օրինակ՝ կայուն տնտեսական աճով պայմանավորված ազգային արժույթի արժեքավորումը), կարող է կրել սեզոնային բնույթ (երբ, օրինակ, ներմուծման ու արտահանման սեզոնները տարբեր են) եւ կարող է լինել կարճաժամկետ, երբ այն կարճաժամկետ գործոնների (օրինակ՝ կարճաժամկետ ֆինանսական ներհոսքի կամ արտահոսքի) ազդեցության արդյունք է:
Վերջին 2 տարիների ընթացքում արձանագրվել է արտարժույթի էական ներհոսք ՀՀ, եւ այդ երեւույթը դեռեւս շարունակվում է: Սրա ներքո դրամի փոխարժեքը հիմնականում միտված է արժեւորման: Սակայն դա բնավ չի բացառում կարճաժամկետ թույլ եւ համեմատաբար կտրուկ տատանումները, որոնք, որպես կանոն, պայմանավորված են լինում սեզոնային գործոններով:

ՀՀ կենտրոնական բանկ


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Իհարկե, ՀՀ կենտրոնական բանկը կարող է ցանկացած պատճառ հնարել՝ սեզոնային տատանում, տնտեսական աճ եւ այլն: Բայց ամենակարեւորի մասին ԿԲ-ում մոռացել են հիշատակել՝ իշխանության քմահաճույքը: Երբ ցանկանում են, 1-2 դրամի տատանում են ապահովում՝ հարստացնելով իրենց առանց այդ էլ տռուզ գրպանները:




Լրահոս