ԲՀԿ-ն անձերի խնդիր չունի. Սերժ Սարգսյանն այլևս «չարիք» չէ՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ-ն այսօր գնում է բյուրեղացման, նոր քաղաքական օրակարգ ձևավորելուն: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Աներկբա քաղաքական իրավիճակ է փոխվել, մենք չենք կարող հաշվի չնստել փոփոխված իրավիճակի հետ: Բայց դա չի նշանակում, որ այն ծրագրերն ու պահանջները, որ կան, ուժի մեջ չեն մնում: Բայց պետք է հաշվի առնել ստեղծված իրավիճակը»,- նշեց Մելքումյանը:

Այն հարցին, թե ի՞նչ հայտնի իրադարձություններ են եղել, Միքայել Մելքումյանը պատասխանեց, որ որոշում ընդունվեց գործընթացները չտանել սրացման: «Այն մարդիկ, ովքեր պետք է պատասխանատվություն վերցնեին այդ գործընթացները տանելու, իրենք չգնացին սրվածության, արյունահեղության, և արդյունքում այսօր ունենք նոր իրավիճակ»:

Հարցին, թե իշխանություններն այլևս չարիք չե՞ն, ԲՀԿ-ական Վահան Բաբայանը պատասխանեց, որ Հայաստանի թիվ մեկ չարիքն այն իրավիճակն է, այն մթնոլորտն է, որում ապրում ենք, այն մարդիկ են, որոնք չեն կարողանում երկիրը ճիշտ ուղու վրա դնել: Ո՞վ է գլխավոր չարիքը հարցին ի պատասխան Միքայել Մելքումյանը նշեց, որ անգամ սրված քաղաքական պայքարի ժամանանակ ԲՀԿ-ն ասել է, որ իրենց խնդիրն անձերը չեն, այլ երևույթներն են:

Բաբայանը նշեց, որ ԲՀԿ-ն 11 դիմում է ստացել կուսակցությունից դուրս գալու վերաբերյալ: Հարցին, թե քանի՞ պատգամավոր ունի խմբակցությունը, նա պատասխանեց. «36 պատգամավորից հանեք 11-ը և կտեսնեք, թե քանի պատգամավոր մնաց»:




Լրահոս