ԱՅՍ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՓՈԽԱԴՐՈՂ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն շուրջ վեց ամիս է՝ Հայաստանը ավիացիոն ոլորտում չունի ազգային փոխադրող: Իհարկե, փաստաթղթերով «Էյր Արմենիա» ավիաընկերությունը շարունակում է համարվել ավիափոխադրող, բայց փաստն այն է, որ այս ընկերությունը դեռեւս անցած տարվա հոկտեմբերի սկզբից կանոնավոր չվերթներ չի իրականացնում:

«Էյր Արմենիա» ավիաընկերության մամուլի խոսնակ Սիրական Համբարձումյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք նախատեսում են մայիսի վերջից վերսկսել կանոնավոր չվերթները: «Կան տեխնիկական խնդիրներ՝ ֆինանսավորման հետ կապված, որոնք լուծում կգտնեն, եւ հույս ունենանք, որ մայիսի վերջին չվերթները կվերականգնվեն»,- ասաց «Էյր Արմենիայի» մամուլի խոսնակը: Հիշեցնենք, որ երբ հոկտեմբերին ավիաընկերությունը դադարեցրեց չվերթները, հայտարարվեց, որ դեկտեմբերի 20-ից ուղեւորափոխադրումները կվերսկսեն: Սակայն դեկտեմբերին ավիաընկերությունը չվերսկսեց չվերթները, այլ ընդամենը հայտարարեց ընկերության բաժնետոմսերի 49 տոկոսը ռուսական «East Prospect Fund» ընկերությանը վաճառելու մասին: Իսկ ինչ վերաբերում է չվերթները վերսկսելուն, ապա սկզբում հայտարարվեց, թե դա տեղի կունենա փետրվարին, այնուհետեւ ժամկետը տեղափոխվեց մարտի սկիզբ, հետո մարտի վերջ, իսկ այժմ էլ հայտարարվում է, որ «Էյր Արմենիայի» օդանավերը երկինք կբարձրանան մայիսի վերջին:
Տեղեկացնենք, որ ռուսական «East Prospect Fund» ընկերությունը ֆինանսական կազմակերպություն է, որը տարբեր ոլորտներում ներդրումներ է կատարում, այսինքն՝ այն ավիաընկերություն չէ, այլ ընդամենը՝ գումար ներդնող: Սակայն ուշագրավ է այն փաստը, որ ռուսական ընկերությունը դեռեւս չի շտապում ներդրում կատարել, որպեսզի «Էյր Արմենիա» ավիաընկերությունը հնարավորություն ունենա իր գործունեությունը վերսկսելու: Ավելին՝ մեր տեղեկություններով՝ չվերթների վերսկսման ժամկետների երկարաձգումները կապվում են ռուսական ներդրողի խոստումների կատարման ձգձգումների հետ:
«Էյր Արմենիայի» մամուլի խոսնակը մեր այն հարցին, թե ճիշտ է, որ ավիաընկերությունը դեռեւս անցած տարվանից աշխատակիցների նկատմամբ կուտակած պարտքեր ունի` մոտ 100 հազար դոլարի չափով, պատասխանեց. «Ես թիվը չեմ կարող Ձեզ ասել, իհարկե, բնականաբար, աշխատակիցների հանդեպ ունենք որոշակի պարտավորություններ, որոնք որ չենք մարել ժամանակին: Խնդիրները կրկին տեխնիկական են եւ կապված են այն բանի հետ, որ դատական գործընթացների պատճառով հաշիվները կալանքի տակ են, եւ ֆիզիկապես դա անհնար է իրականացնել, մինչեւ խնդիրները կլուծենք, հաշիվները կհանենք եւ աշխատակիցների պարտքերը կմարենք»: Բնական հարց է ծագում՝ այդ դեպքում ինչու ավիաընկերությունը պարտքերը չի վճարում, կալանքի տակ դրվում է հենց պարտքերի պատճառով, բայց եթե անհրաժեշտ գումարը հաշվին առկա է, եւ պարտքը մարվում է, հաշիվներն էլ կալանքից են հանվում: Այս առնչությամբ Սիրական Համբարձումյանն ավելի պարզ եւ ազնիվ պարզաբանում տվեց. «Սպասում ենք նոր բաժնետիրոջ կողմից ֆինանսավորմանը: Ուղղակի տեխնիկական խնդիրների պատճառով այդ ֆինանսավորումն ուշանում է: Կա գումար, մոտավորապես 30 մլն դոլարի մասին է խոսքը, այն կլինի այս ամսվա վերջին: Երբ կլինի գումարը, բոլոր խնդիրներն էլ կլուծվեն»:
Իհարկե, հասկանալի է, որ «Էյր Արմենիայում» ռուս գործընկերոջից սպասվող ներդրման ուշացման տարբերակը չեն դիտարկում, ի վերջո, անտակտություն կլինի գործընկերոջն ի սկզբանե անպարտաճանաչության մեջ մեղադրելը: Մյուս կողմից էլ փաստն այն է, որ ուղեւորափոխադրումներ սկսելու ժամկետները հայկական ավիափոխադրողի կողմից անընդհատ հետաձգելու պատճառը հենց ռուսական «East Prospect Fund» ընկերությանը խոստացած ներդրման պարբերական ձգձգումն է: Հայաստանի ավիացիայում տիրող իրավիճակին ծանոթ փորձագետների կարծիքով առավել հավանական է, որ ռուսական ընկերությունը կրկին ինչ-որ պատճառաբանությամբ ներդրումը կուշացնի:
Հիշեցնենք, որ անցած՝ 2014 թվականին Հայաստանից ինքնաթիռով մեկնել եւ վերադարձել է 2 միլիոն 122 հազար ուղեւոր: Եթե նվազագույն 200 դոլարով հաշվարկենք մեկ կողմի տոմսը, ապա ստացվում է, որ Հայաստանի ավիացիոն շուկայի ընդհանուր շրջանառությունը կազմում է մոտ 430 միլիոն դոլար:
2007-2008 թվականները հայկական փոխադրողը, այն ժամանակ «Արմավիան», որպես կանոն զբաղեցրել է այդ շուկայի 40-ից 50 տոկոսը: Բանն այն է, որ այն ժամանակ ավիացիոն ոլորտում գործում էր մեկ չվերթը մեկի դիմաց սկզբունքը: Այսինքն՝ մի չվերթ հայկական ավիափոխադրողն էր իրականացնում, հակառակ կողմից էլ մի չվերթ էլ այլ ընկերություն էր ապահովում ու այսպես շարունակ: Ռուսական կամ եվրոպական ավիափոխադրողները չվերթի քանակներով առավելություն ստանում էին միայն այն դեպքում, երբ հայկական ավիափոխադրողը հրաժարվում էր չվերթի իր իրավունքից:
Սակայն «Արմավիայի» սնանկանալուց հետո Հայաստանը որդեգրեց «բաց երկինք» քաղաքականությունը: Այսինքն՝ ավիաընկերությունը, անկախ նրանից՝ հայկական է, թե արտասահմանյան, որ ուղղությամբ քանի չվերթ ցանկանում է, կարող է իրականացնել: Այս նոր քաղաքականության պայմաններում «Էյր Արմենիան» իր մեկամյա գործունեության ընթացքում շուկայի 15 տոկոսից ավելին չկարողացավ զբաղեցնել: Սա այն դեպքում, երբ Հայաստանից ինքնաթիռով մեկնած եւ վերադարձած ուղեւորներից մեկ միլիոն 100 հազարը եղել են ՀՀ քաղաքացիներ: Այսինքն՝ ՀՀ քաղաքացիները նույնպես առավելապես նախընտրել են օտար ավիափոխադրողներին: Սա այն դեպքում, երբ օտար ավիափոխադրողների նույն ուղղությամբ չվերթի տոմսերը հիմնականում ավելի թանկ են եղել:
Ստացվում է, որ հայկական փոխադրող ունենալու համար նախ անհրաժեշտ է լուծել վստահության խնդիրը, որպեսզի ՀՀ քաղաքացիները հայկական ավիաընկերությունը համարեն իրենցը եւ տոմս գնելիս առաջնորդվեն «մերն ուրիշ է» հայտնի կարգախոսով: Իսկ եթե ինքնաթիռով թռչող ՀՀ քաղաքացիների առնվազն մեծամասնությունը չնախընտրի հայկական ավիափոխադրողին, ռուսական ավիացիոն իշխանություններն էլ շարունակեն, այսպես ասած, ոչ բարեհաճ վերաբերմունք դրսեւորել ու «տակից ճնշել» հայկական ավիափոխադրողներին, ապա ով էլ մտնի այդ շուկա, դատապարտված կլինի ձախողման: Իսկ հայկական փոխադրող ընկերություն չունենալը ոչ միայն ամոթ է, այլեւ լուրջ անհարմարություններ կարող է ստեղծել: Հայաստանը չի կարող մնալ առանց սեփական ավիափոխադրողի:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

 

ՊՈՒՏԻՆՆ ԱՌԱՋՎԱՆԸ ՉԷ
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, անդրադառնալով Աստանայի հանդիպմանը Սերժ Սարգսյանի բացակայությանը, երեկ ասել է. «Քաղաքական բացատրություն դրան չկա: Մենք ամեն ինչի մեջ քաղաքականություն ենք փնտրում: Բայց կան դեպքեր, որ քաղաքականություն փնտրել պետք չի: Իմ տեսակետից՝ կան անձնական որոշակի խնդիրներ, որոնք քաղաքականությունից դուրս են: Դատելով նրանից, որ Պուտինը երկար հիվանդացավ, հետո հեռախոսազրույց ունեցավ Սերժ Սարգսյանի հետ, որը ցույց տվեց, որ իր եւ Սերժ Սարգսյանի անձնական հարաբերություններում խնդիրներ չկան»: Ըստ Կարապետյանի՝ Պուտինն արդեն այն Պուտինը չէ, որ բոլոր հարցերը կարողանա միանգամից լուծել: Աշխարհն արդեն մտնում է հետպուտինյան դարաշրջան:

 

ԿՌԻՎ Է ԸՆԿԵԼ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանի եւ «Աբովյան» հեռուստաընկերության սեփականատեր, ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանի՝ Պալաչի փոխհարաբերությունները վերջին շրջանում լարվել են: Ըստ նույն լուրերի՝ Հարությունյանը ցանկացել է, որ Աբովյանի հեռուստաընկերությունը գտնվի իր վերահսկողության տակ, սակայն մինչ օրս այդ գործը «վստահվել» էր Պալաչին: Արդյունքում Կոտայքի մարզպետարանը սկսել է իր ձեռքի տակ եղած միջոցներով դժվարացնել հեռուստաընկերության աշխատանքները:
Մասնավորապես, մարզպետարանի կողմից կազմակերպված միջոցառումների մասին հեռուստաընկերությանը ոչ մի տեղեկություն չի տրամադրվում եւ այսպես շարունակ: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց լուրերի առնչությամբ կողմերից մեկնաբանություն ստանալ: Նշված հեռուստաընկերության լուրերի բաժնի ղեկավար Արմեն Դավթյանն ասաց, որ իրենք իրենց տեսակետն արդեն հայտնել են հաղորդումներում: Իսկ Կոտայքի մարզպետարանի լրատվության վարչության պետ Արմեն Օհանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրականում նման բան չկա, մարզպետը բազմաթիվ անգամ համագործակցության կոչ է արել. «Լինում են դեպքեր, որ համաձայնեցման խնդիր է լինում, յուրաքանչյուր ճշտումից հետո, ես անձամբ եմ իրենց տեղյակ պահում նման միջոցառումների մասին»:

 

ՆԱՄԱԿՆ ՈՒՂԱՐԿԵԼ ԵՆ ԲԱՔՈՒ
Կարմիր խաչի ներկայացուցիչները երեկ այցելել են մարտի 22-ին ԼՂՀ ՊԲ N զորամասը լքած շարքային պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի տուն: «Ժողովուրդ»-ին հայտնեց սահմանը հատած պայմանագրային զինծառայողի փեսան` Արմեն Հարությունյանը: «Օրեր առաջ Կարմիր խաչի ներկայացուցիչները Անդրանիկի ծնողներին հայտնել էին, որ հարցում են ուղարկել Ադրբեջանի ներկայացուցիչներին՝ Անդրանիկի վիճակի մասին տեղեկություն իմանալու համար, սակայն դեռ պատասխան չեն ստացել: Իսկ շաբաթ օրը` մարտի 28-ին, նրա ծնողներին ասել էին, որ մարտի 30-ին գնալու են Բաքու: Անդրանիկի ծնողները նամակ են գրել իրենց որդուն, որը Կարմիր խաչի ներկայացուցիչները վերցրել են եւ պետք է տանեն Բաքու»,- պատմեց Ա. Հարությունյանը:

 

 

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՇԱՆԹԸ ԴԵՄ Է
Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը, համացանցի իր էջում հրապարակել է հոր նամակը` ուղղված Ժիրայր Սէֆիլյանին: Դրանում մասնավորապես ասված է. «Իշխանափոխությանը միանշանակ կողմ եմ, բայց չեմ ընդունում իշխանափոխություն սկսել ապրիլի 24-ի երեկոյան: Մեկ տարի անընդմեջ դու հայտարարում էիր «100-ամյակն առանց ռեժիմի»: Ինձ թվում էր, որ դու պետք է իշխանափոխության պրոցեսը սկսեիր ամենաուշը փետրվարի վերջին, որպեսզի ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցը, Հայաստանը նշեր նոր իշխանություններով եւ նոր նախագահով: Բայց եթե դու ինչ-ինչ պատճառներով պատրաստ չես եղել իրականացնել իշխանափոխությունը նշված ժամկետներում, դա իհարկե դատապարտելի չէ, բայց դատապարտելի է դրա իրականացումը սկսել ապրիլի 24-ի երեկոյան»:

 

ԵԿԵԼ ԷՐ ԼՍԵԼՈՒ
«Մենք նպատակ ունենք լսելու հայ գործարարներին ու հասկանալ՝ զարգացման համար ի՞նչ խնդիրներ կան իրենց տեսանկյունից»,-երեկ Երեւանում ընթացող «Եվրասիական տնտեսական միության շուկան առանց խոչընդոտների» թեմայով քննարկումից առաջ ասել է ԵՏՄ հանձնաժողովի կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան` նշելով, որ կան ութ ապրանքատեսակներ` ալկոհոլ, ծխախոտ, դեղորայք եւ այլն, որոնց համար չեն գործում ընդհանուր մաքսային կանոնները: Որպեսզի, օրինակ, հայկական ալկոհոլը օրինական կերպով հայտնվի ՄՄ անդամ երկրների շուկաներում, անհրաժեշտ է ակցիզներ գնել եւ այլն: Ըստ Վալովայայի՝ այժմ քննարկումներ են տարվում՝ նման խնդիրները կարգավորելու եւ դյուրացնելու համար:

 

ԳՈՐԾ ՏՎԵՑԻՆ
Գյումրու ռազմական ոստիկանության նախկին պետ, գնդապետ Աշոտ Զաքարյանին երեկ նշանակել են Սիսիանի ռազմական ոստիկանության պետ: Հիշեցնենք, որ նա եղել է նաեւ Գյումրու ՀԱԿ կառույցի պատասխանատուն, որից հրաժարվեց այն պատճառով, որ ՀԱԿ-ը սկսեց համագործակցել ԲՀԿ-ի հետ: Վերջին 3 տարում նա գրեթե դադարեցրել էր իր քաղաքական գործունեությունը:




Լրահոս