Ինչո՞ւ Հայաստանը չի հստակեցնում ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին իր մասնակցության ակնկալիքները. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 21-ից 22-ը Ռիգայում կայանալիք ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին հաշված օրեր են մնացել, սակայն մինչ օրս հստակ չէ, թե այդ գագաթնաժողովին մասնակցող Հայաստանն ինչպիսի ակնկալիքներ կարող է ունենալ: Այս կապակցությամբ վերջին օրերին եղան հակասական հայտարարություններ:

Ընդ դրում, ուշագրավ է, որ եվրոպական կողմից, մասնավորապես՝ Լատվիայի ԱԳ նախարար Էդգար Ռինկեւիչը հայտարարեց, թե Ռիգայում ընդունվելիք հռչակագրում կընդգրկվի ՀՀ-ի հետ ստորագրելիք փաստաթուղթը: Իսկ հայկական կողմից այդ մասին հստակ ուղերձները բացակայում են բոլոր մակարդակներով:

Հայկական կողմի լռությունն, իհարկե, զարմանալի չէ: Նախ` քանի որ ՀՀ հետ համագործակցության շարունակության որոշումը պետք է կայացնի ԵՄ-ը, ապա՝ հայկական կողմի համար պետք է հստակ եւ առարկայական լինի այն շահը, հանուն որի ՀՀ-ն պատրաստ կլինի հարուցել Ռուսաստանի դժգոհությունը: Առայժմ, կարծես թե, նշված ասպեկտներից որեւէ մեկն առկա չէ: Փոխարենը հայտնի է, որ ՌԴ-ն խիստ բացասական է մոտենում Ռիգայի գագաթնաժողովին:

Նախօրեին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալ. Լուկաշեւիչը հայտարարել է, որ Մոսկվայի արձագանքը Ռիգայի գագաթնաժողովին «խիստ եւ սկզբունքային» է լինելու, քանի որ «այդ հանդիպումն ակնհայտ հակառուսական ուղղվածություն ունի»: Ինքնին հասկանալի է, որ «հակառուսական ուղղվածություն» ունեցող այդ հանդիպման ընթացքում Հայաստանը դժվար թե իրեն թույլ տա ավելորդ տեղն «աչքի ընկնել»: Առավել եւս, որ հայտնի չէ, թե դիմացն ինչ է ստանալու: Ընդ որում, այս անհստակությունը եւ ԵՄ-ի կողմից Արեւելյան գործընկերության անդամ երկրներին հուսախաբ անելու գործելաոճը հետզհետե առավել ակնառու է դառնում:

Մենք տեսանք, որ չնայած հստակ խոստումներին եւ արդեն գրեթե իրողություն համարվող ակնկալիքներին, ԵՄ-ն հայտարարեց, որ առայժմ չի պատրաստվում Ուկրաինայի եւ Վրաստանի հետ անցնել առանց վիզայի ռեժիմի, քանի որ այս երկրները բավարար ջանասիրությամբ չեն կատարել ԵՄ-ի պահանջները: Մինչդեռ թե՛ Վրաստանը եւ թե՛ առավել եւս Ուկրաինան, այնպիսի ռիսկերի գնացին հանուն ԵՄ հետ առավել սերտ հարաբերությունների, որ այդքանից հետո, անկեղծ ասած, հարց է առաջանում՝ արժի՞ Հայաստանին հույսեր կապել ԵՄ հետ:

Ամեն դեպքում, գործընթացը գնում է, եւ օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԳ նախարար Էդ. Նալբանդյանն ընդունել է Շվեդիայի եւ Լեհաստանի ԱԳՆ քաղաքական տնօրեններ Յ. Բրատկեւիչին եւ Թ. Սոհլստրյոմին, ովքեր Հայաստան են ժամանել Ռիգայի գագաթնաժողովին ընդառաջ խորհրդատվություններ անցկացնելու նպատակով: Ըստ պաշտոնական հաղորդագրության` Է. Նալբանդյանը վերահաստատել է ՀՀ-ի մոտեցումը` զարգացնելու եւ խորացնելու տարբեր ոլորտներում ԵՄ համագործակցությունը` հաշվի առնելով ՀՀ պարտավորություններն այլ միջազգային ինտեգրացիոն ձեւաչափերում:




Լրահոս