ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններին Ծառուկյանը չի «խառնվում»: Ըստ Գուլոյանի՝ Ծառուկյանն ուղղակի հայտարարել է այն թեկնածուի անունը, որին համակրում է, իսկ դա դեռեւս չի նշանակում մասնակցություն այդ գործընթացին: Նա շարունակում է քաղաքական դաշտից հեռու մնալ:
-Պարո՛ն Գուլոյան, այս օրերին լարված իրավիճակ է Աբովյան քաղաքում հունիսի 7-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններին ընդառաջ: Ըստ տեղեկությունների՝ պատճառն այն է, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս օրերին ամեն ինչ անում է, որ իր թեկնածուն՝ Վահագն Գեւորգյանը, քաղաքապետի ընտրություններում հաղթի, իսկ նրա մրցակից Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, ենթարկվում է տարատեսակ ճնշումների: Ինչո՞ւ:
-Դուք այնպես ներկայացրեցիք հարցը, որ իբր դրանք ամբողջությամբ իրական են, չկա նման բան, ով է ասում, որ Գագիկ Ծառուկյանն ինչ-որ կապ ունի այդ ընտրությունների հետ, ո՞վ է ասում, որ ինչ-որ խոչընդոտներ են ստեղծվել: Պարզ է, որ հիմա ընտրապայքար է գնում, ու պետք է ամեն մեկն իրա իմացածն ասի, ես չեմ կարծում, որ Աբովյան քաղաքում լարվածություն կա, կամ Ձեր ասած խոչընդոտներ, տենց բան չկա: Կամ ի՞նչ է նշանակում, թե Ծառուկյանն ուզում է, որ իր թեկնածուն անցնի, Ծառուկյանն ուղղակի ասել է, թե ինքը ում է համակրում, ով է առաջադրվածներից իր համար ընդունելի, դրանից ավել բան Դուք լսե՞լ եք Ծառուկյանից: Եթե կան կրքեր, ինձ թվում է, որ գնալով դրանք էլ կհանդարտվեն:
-Ոստիկանությունը նախօրեին բերման է ենթարկել Աբովյանի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած Արթուր Հարությունյանի մտերիմներին, ու ըստ տեղեկությունների՝ այս օրերին Ա. Հարությունյանի վրա ճնշում է գործադրվում, որպեսզի նա ինքնաբացարկ հայտնի, դա խոչընդոտ չէ՞:
-Բայց այդ բերման ենթարկելն ինչ կապ ունի ընտրությունների հետ, ոստիկանությունը փաստեր ունի, չէ՞, որ նման քայլի է գնացել, հիմա Աբովյան քաղաքում ինչ տեղի ունենա, պետք է կապել ընտրությունների հե՞տ: Դուք էլ հլը մի հատ դրեք ու կարդացեք, թե ոստիկանությունն ինչ է ասում, ինչի համար են այդ մարդկանց բերման ենթարկել, ինչի՞ դրա մասին չեք խոսում, որ դա կապում եք ընտրությունների հետ: Համ էլ բերման են ենթարկել, հետո բաց են թողել, չէ՞, էլ ինչի եք դա կապում մյուս իրադարձությունների հետ: Ու ես մի բան էլ նշեմ, որ Վահագն Գեւորգյանը, որին իր հավանությունը տվել է նաեւ Ծառուկյանը, շատ գրագետ ու շատ հարգված մարդ է: Նա մեր թեկնածուն է:
-ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ամիսներ առաջ հայտարարել էր, որ հեռանում է ակտիվ քաղաքականությունից, սակայն այժմ Դուք նշում եք, որ Ծառուկյանի «հավանած» թեկնածուն Վահագն Գեւորգյանն է, այսինքն՝ Ծառուկյանը կրկին քաղաքականությո՞ւն է վերադառնում: Չէ՞ որ ընտրությունները քաղաքական գործընթաց են:
-Այո՛, Ծառուկյանը հայտարարել է, որ հեռանում է քաղաքականությունից, իսկ ո՞վ է ասում, որ հիմա Ծառուկյանը քաղաքականությամբ է զբաղված: Եթե ուղղակի երկրպագում է ինչ-որ մի թեկնածուի, ես նկատի ունեմ՝ որեւիցե անձ, որը երկրպագում է ինչ-որ մեկին, ախր, դա ի՞նչ կապ ունի քաղաքականության հետ: Հիմա ով ինչ անում է, ասում են՝ քաղաքական է, չէ, դրանք իրարից տարբերվող բաներ են: Ծառուկյանին հանգիստ թողե՛ք, անընդհատ մի՛ խոսեք մի բանի մասին, որտեղ բան չկա խոսելու:
-Քաղաքապետի ընտրությունները քաղաքական գործընթաց են, պարո՛ն Գուլոյան, եւ Գագիկ Ծառուկյանն ու իր շրջապատը աբովյանցիներին հորդորում են իրենց ձայնը տալ կոնկրետ Վահագն Գեւորգյանին: Դա քաղաքականությամբ զբաղվել չէ՞:
-Ձեր նշած թեկնածուն անկուսակցական մարդ է, որն իր թեկնածությունն է առաջադրել, իսկ Ծառուկյանն էլ հայտարարել է, որ իրեն է սատարում, չեմ կարծում, որ ըտեղ ինչ-որ բան կա: Հիմա ընտրություններում ամեն մեկն իր թեկնածուն է ունենում, ամեն մեկը մեկին պաշտպանում է, ինչի եք Դուք անպայման կենտրոնացել Ծառուկյանի վրա: Գոնե ասեք՝ արդար, թափանցիկ ընտրություններ լինեն, ասում եք՝ ով ումա պաշտպանում:
ԿՈՍՏԱՆՅԱՆԻ ՄԱՆԵՎՐՆԵՐԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
Երեկ երկրի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը խորհրդարանում ստիպված էր մի քանի ժամ շարունակ պատասխանել օրենսդիրների հարցերին: Թեեւ 131 պատգամավորներից միայն 24-ն էր հերթագրվել հարցեր տալու համար՝ պահանջելով կոնկրետ պատասխաններ, բայց իրավիճակն օրենսդիրների սրտով չէր: Օրինակ՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն այնքան վրդովվեց Կոստանյանի պատասխաններից, որ հորդորեց իրենց համար «դասախոսություններ» չկարդալ:
Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին հիշեցրեց, որ «2013-ի հոկտեմբերի 1-ին ԱԺ-ում գլխավոր դատախազի Ձեր թեկնածության ժամանակ ես բարձրաձայնեցի կոնկրետ փաստեր, որոնք վկայում են, որ Դուք, լինելով զինդատախազ եւ վերահսկելով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունալի նախաքննությունը, շրջանցել, կոծկել կամ չնկատելու եք տվել բոլոր այն փաստերը, որոնք ցույց են տալիս, որ Ավետիք Բուդաղյանին սպանել է անձամբ Սուրիկ Խաչատրյանը: Այն ժամանակ Ձեր եզրափակիչ ելույթում Դուք այդ փաստերին չանդրադարձաք, միայն ասացիք, որ այդ կապակցությամբ պատրաստ եք հրապարակային քննարկման: Ես ընդունեցի հրապարակային քննարկման Ձեր հրավերը՝ առաջարկելով այն անցկացնել ուղիղ եթերում: Բայց դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որ Դուք հրաժարվում եք այդ քննարկումից: Ես 2013-ի հոկտեմբերի 1-ի իմ ելույթի բոլոր դրույթները պնդում եմ: Եթե ունեք փաստեր, բերեք, եթե չէ, ուրեմն պիտի հրաժարական տաք: Ընդ որում, սա ոչ թե 2 տարի առաջվա բանավեճը հանգուցալուծելու քմահաճույք է, այլ ընթացիկ իրավիճակից բխող շեշտադրում»:
«Ես հոկտեմբերի 1-ին էլ, թե դրանից հետո հաղորդագրություններում ասացի, որ պատրաստ եմ ԶԼՄ-ների ներկայությամբ հրապարակային քննարկման… Տվյալ գործում չկա մի փաստ, չկա մի հանգամանք, որի մասին ես անձնական պատասխանատվություն չկրեմ: Եվ այն ժամանակ եւ միշտ ես ամեն մի իմ կայացրած որոշման համար անձնական պատասխանատվություն կրում եմ: Այդ որոշումները քննարկվում են դատարանում: Ձեր կողմից ներկայացված փաստերի կապակցությամբ դատախազության պարզաբանումը կարող եք գտնել՝ դատական նիստի արձանագրությանը ծանոթանալով»,-ի պատասխան՝ հայտարարեց դատախազը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն էլ Կոստանյանից հետաքրքրվեց դատախազների ու քննիչների դեմ հարուցված քրեական գործերից: Կոստանյանը որեւէ կոնկրետ պատասխան չտվեց պատգամավորին, ով հայտարարեց. «Ոչ մի հարցի չեք պատասխանում: Դատախազությունը կարծես մի հատ մեծ տակառ է, կիսով չափ ջրով լցված, որտեղ թաղվում են այն գործերը, որոնք այլեւս երբեք ջրի երես պիտի դուրս չգան: Տերովին տերն է տարել, անտերին՝ գելը: Արդարադատության համակարգում այս մթնոլորտն է»:
Կոստանյանին զայրացրեց այս ձեւակերպումը, եւ նա հայտարարեց. «Կարող եմ իրավաբանական այնպիսի տերմիններով խոսել, որ մի քանի օր ման գաք, թե ես ինչ ասեցի»: Ապա անդրադառնալով մշտապես անպատիժ մնացող Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թեմային՝ հայտարարեց. «Ես ցանկացած հանցագործություն հասկանում եմ, չէ՞ որ վաղը այդ հանցագործությունը իմ հարազատի նկատմամբ կարա լինի, իմ անձի նկատմամբ կարա լինի, եւ ես չեմ հանդուրժի: Ապացույցները ձեռք բերվեց, դատի կտամ ցանկացածի, Սուրիկ Խաչատրյան չէ, ցանկացած Սուրիկ Խաչատրյանի: Հանգիստ եղե՛ք, ես այդ խնդիրը չունեմ»:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ՆՈՐ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԿՈՄԲԻՆԱՏԻՆ
Պարզվում է՝ եղած հանքերի տարածքները հանքարդյունաբերողներին չեն բավարարում, եւ նրանք Կառավարությունից նորանոր տարածքներ են պահանջում ու ստանում: Մասնավորապես, ՀՀ Կառավարության երեկ կայացրած որոշմամբ Սյունիքի մարզի Արծվանք, Սեւքար, Աճանան, Չափնի եւ Սյունիք գյուղերի վարչական հողերից որոշ տարածքներ ճանաչվել են բացառիկ գերակա հանրային շահ: Ըստ գործադիրի՝ այսպիսով կկարգավորվեն այդ գյուղերի եւ Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման հարցում ծագած խնդիրները: Նույն որոշմամբ նաեւ ամրագրվել է, որ տարածքները կհատկացվեն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին առանց մրցույթի: ՀՀ գործող օրենսդրության համաձայն՝ հողամասերը կառուցապատման իրավունքով տրամադրվում է մրցույթով, բացառությամբ այն դեպքերի, երբ ՀՀ Կառավարությունը որոշում է, որ հողերը կարող են առանց մրցույթի հատկացվել:
ԽԵՂՃ ԼԻՆԻ
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը, ըստ 2014 թվականի հայտարարագրի, պարզվում է՝ պատգամավորի իր աշխատավարձից բացի ուրիշ դրամական միջոց չի ունեցել: Նրա տարեկան աշխատավարձը կազմել է 4 մլն 360 հազար դրամ: Իհարկե, նա հայտարարագրում նշել է, որ անցած տարի 5 միլիոն դրամով «LEXUS ES 300» մակնիշի ավտոմեքենա է գնել, բայց թե որտեղից նրան այդ գումարը, անհասկանալի է, քանի որ, ինչպես նշեցինք, նա դրամական միջոց չի ունեցել: Եթե անգամ իր ողջ տարվա աշխատավարձն էլ չծախսեր ու հավաքեր, միեւնույն է, ինչպես տեսնում եք՝ չէր բավարարի: Ամեն դեպքում, որպես ՀՀԿ-ական պատգամավոր՝ Հայկ Գրիգորյանը ֆինանսական առումով ողբալի վիճակում է գտնվում: Բայց դա հոգ չէ, քանի որ նա այդ վիճակը փոխելու ուղղությամբ լուրջ ջանքեր է գործադրում: Մասնավորապես, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին կրծքով պաշտպանելու անձնուրաց քայլից հետո հաստատ նրա ֆինանսական վիճակը որոշակի կբարելավի:
ՆՎԱԶԵԼ Է
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանի արտահանման ծավալներն այս տարվա հունվար-ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 18.8 տոկոսով, իսկ ներմուծման անկումը կազմել է 35.7 տոկոս: Բացի այս՝ 8 տոկոսով նվազել է նաեւ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները: Իսկ առեւտրի շրջանառությունն իջել է 7.6 տոկոսով: Այլ կերպ ասած՝ անցած տարվա համեմատ մարդկանց գնողունակությունը 7,6 տոկոսով նվազել է: Ըստ ԱՎԾ-ի՝ Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ծավալներն անցած տարվա համեմատ աճել են 4,2 տոկոսով: Ավելին՝ պաշտոնական վիճակագիրները չորս ամսվա կտրվածքով նույնիսկ տնտեսական աճ են արձանագրել` 2.7 տոկոս: Թերեւս միայն պաշտոնական վիճակագիրներին է հայտնի, թե ինչպես կարելի է ներկա պայմաններում տնտեսական աճ արձանագրել: